Բաքվում անօրինական պահվող հայ գերիները լիովին մեկուսացված են, քանի որ Կարմիր խաչի գործունեությունը Ադրբեջանում փաստացի կասեցված է։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույցում նշել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ ռազմագերիների ներկայացուցիչ և փաստաբան Սիրանուշ Սահակյանը։
«Մենք բազմիցս նշել ենք, որ սա քաղաքական հարց է, որ հայ գերիները իրականում ունեն պատանդի կարգավիճակ, քանի որ նրանց ազատ արձակումը կախված է քաղաքական օրակարգի հարցերի լուծումից։ Եվ առաջնային հարցը խաղաղության համաձայնագրի ստորագրումն է։ Ադրբեջանը գերիների հարցում ստեղծել է նոր լծակ, որը բազմիցս օգտագործել է։ Մեր գնահատմամբ՝ 23 հայերի ազատ արձակումը հնարավոր կլինի բացառապես այս գործընթացի համատեքստում՝ քաղաքական միջոցներով», – ասել է Սահակյանը։
Սահակյանը ընդգծել է, թե հաշվի առնելով, որ «խաղաղության պայմանագիրը» նախաստորագրվել է Վաշինգտոնում օգոստոսի 8-ին, այս փուլում գերիների վերադարձի հավանականությունը կարելի է բարձր գնահատել։ Նա նաև հիշեցրել է, որ Վաշինգտոնում կայացած հանդիպումների ժամանակ գերիների հարցը բարձրացրել է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Կարծում եմ՝ կարվի մարդասիրական ժեստ, և նրանց վերադարձի հարցը կլուծվի փաստաթղթերի ստորագրումից հետո։ Հետևյալ հարցը կարող է մտահոգություն առաջացնել. վերադարձը կլինի՞ փուլային, թե՞ բոլոր 23 բանտարկյալները միանգամից կհայրենադարձվեն։ Ես չեմ բացառում, որ Ադրբեջանը կգնա փուլային տարբերակի», – ասաց փաստաբանը։
Եթե քաղաքական ուղին ձախողվի, նրանք կհայտնվեն անպաշտպան վիճակում։
«Խաղաղության համաձայնագրում գերիների վերաբերյալ դրույթ չկա, բայց հարցը ներառված է միջպետական դատական հայցերի մեջ։ Հետևաբար, եթե Հայաստանի Հանրապետությունը հրաժարվի դատական հայցերից, բանտարկյալների հարցը կմնա չլուծված», – ասաց Սահակյանը։
Բաքվում գտնվող բանտարկյալները կրկնակի պատանդ են դառնում. եթե Ալիևը նրանց օգտագործում է՝ Հայաստանին կապիտուլյացիա պարտադրելու համար, ապա Հայաստանի կառավարությունը կարող է պատրաստ լինել գերիների հարցը օգտագործել իր կապիտոիլյացիոն գործողությունները արդարացնելու համար։ Ճիշտ այնպես, ինչպես 2023 թվականի դեկտեմբերին 33 գերիների վերադարձով արդարացվեց Հայաստանի համաձայնությունը Արցախի լիակատար օկուպացիային և ամբողջ բնիկ բնակչության տեղահանմանը։