«Խաղաղության համաձայնագիրը» վաղուց գործում է արցախցիների դեմ. ի՞նչ է լինելու հետո

  • 12:10 14.08.2025

Բաքվի և Երևանի միջև Վաշինգտոնում նախաստորագրված «խաղաղության համաձայնագիրը» իրականում «գրվել» է 2020 թվականի պատերազմից հետո, և, հնարավոր է, դրանից շատ առաջ։ Այն ենթադրում է ոչ միայն Հայատանի վերջնական հրաժարում Արցախից՝ որպես հայկական հողից, այլև արցախցիների բոլոր իրավունքներից և ազատություններից զրկում։

2023 թվականի սեպտեմբերին Արցախի օկուպացիայից և ամբողջ բնիկ բնակչության տեղահանությունից հետո դեռևս չնախաստորագրված համաձայնագիրը սկսեց լիարժեքորեն իրականացվել, և առաջին հերթին դա ակնհայտ էր արցախցիների նկատմամբ Հայաստանի կառավարության վերաբերմունքից։ Ամեն ինչ կորցնելուց հետո՝ հայրենիքը, տունը, հարազատների գերեզմանները, արցախցիները նոր կորուստների բախվեցին Հայաստանում։ Պարզվեց, որ Հայաստանում նրանք ո՛չ քաղաքացիություն ունեն, ո՛չ սոցիալական կարգավիճակ, ո՛չ էլ պետական պաշտպանություն։

Սկզբնական շրջանում, մինչև արցախցիները կամ կձուլվեն Հայաստանում, կամ կարտագաղթեն, սոցիալական աջակցություն տրամադրվեց։ Կառավարության ներկայացուցիչները (բացառությամբ սոցիալական պաշտպանության և միգրացիայի հարցերով պատասխանատուների) այդպես էլ չեն հանդիպել արցախցիների հետ, այդպես էլ մարդավարի զրույց չեն ունեցել և չեն բացատրել, թե ինչպես է ամեն ինչ տեղի ունեցել։ Սա ելնում է ապագա համաձայնագրի պահանջներից, որը չի ենթադրում արցախյան հասարակության գոյություն՝ իր իրավունքներով և երաշխիքներով՝ Հայաստանի և միջազգային հանրության կողմից։

“Գործող իշխանությունները անտեսում են Արցախի ժողովրդին և չեն ցանկանում լսել մեր ձայնը, և ոչ միայն արտաքին քաղաքականության հարցում, այլև ներքին հարցերում: Դժվար է նրանց երկխոսություն վարել: Վերջին անգամ բանակցությունները տեղի են ունեցել միայն հանրային ճնշումից հետո, որի արդյունքում նրանք կոսմետիկ փոփոխություններ են կատարել առկա ծրագրերում: Իշխանությունների ներառականությունը Արցախի ժողովրդի հետ աշխատանքում զրոյական է։

Ես չեմ բացառում, որ Հայաստանի իշխանությունները կօգտվեն Ադրբեջանի հետ նախաստորագրված համաձայնագրի կետից և բացահայտ կբարձրացնեն նրանց հարցերը, ովքեր խոսում են արցախցիների վերադարձի իրավունքի պահպանման մասին»,- ասել է Արցախի նախկին օմբուդսմեն և պետնախարար Արտակ Բեգլարյանը։

Այն հարցը, թե ինչ կլինի նրանց հետ, ովքեր շարունակում են պնդել Արցախի ժողովրդի իրավունքները, հայկական ազգային շահերը, արդեն լայնորեն քննարկվում է լրատվամիջոցներում և քաղաքագիտության ոլորտում: Հաշվի առնելով Հայաստանի ներկայիս կառավարության կողմից այլախոհների նկատմամբ բռնաճնշումների հակումը, կարելի է կանխատեսել դատավարությունների մի ամբողջ շարք գործող կառավարության քաղաքական հակառակորդների դեմ՝ «նախկին ռազմական հանցագործների» միջազգային ռազմական տրիբունալին հանձնվելու հավանականությամբ:

Նախաստորագրված համաձայնագիրը լայն հնարավորություն է դրա համար բացում․ “Կողմերը դատապարտում են և կպայքարեն անհանդուրժողականության, ռասսայական ատելության և խտրականության, անջատողականության, բռնի ծայրահեղականության և ահաբեկչության դեմ՝ դրանց բոլոր դրսևորումներով՝ յուրաքանչյուրն իր իրավազորության շրջանակներում և կապահովեն իրենց նկատմամբ կիրառելի միջազգային պարտավորությունների կատարումը։

Կողմերը դիվանագիտական, տեղեկատվական և այլ ոլորտներում որևէ կերպ չեն իրականացնի, խրախուսի կամ ներգրավվի միմյանց նկատմամբ սույն Համաձայնագրին հակասող թշնամական գործողություններում և կանոնավոր խորհրդակցություններ կանցկացնեն այդ նպատակով”:

“2020-ին ռազմական գործողությունների ընթացքում զինված ուժերի կողմից կատարված ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ կառավարության հետաքննություններում առաջընթաց չի գրանցվել», գրված է ԱՄՆ Պետդեպի Մարդու իրավունքների պաշտպանության մասին այս տարվա զեկույցում։ 

Ակնհայտ է, որ Հայաստանը, դեռևս «համաձայնագրից» առաջ, ստանձնել էր «ռազմական հանցագործությունների» հետաքննության պարտավորությունը, և չնայած դեռ «հաջողություններ չի գրանցել», ամեն ինչ դեռ առջևում է։ Առավել ևս, պարզ չէ, թե ում «զինված ուժերի» մասին է խոսքը։