ԲիդաՏօն Production-ը ստեղծվել է 2024 թվականի օգոստոսի 4-ին: Step1.am-ի հետ զրույցում նախագծի հիմնադիր ու գեղարվեստական ղեկավար, արցախցի գրող, երգահան, լրագրող Աննա Մեկունցը ներկայացրեց նախագծի ստեղծման պատմությունը, կիսվելով ընթացիկ և ապագա անելիքներով:
«Ամեն ինչ սկսվեց Արցախում․ դեռևս երբ սովորում էի Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարանում` դասական վոկալի բաժնում, մենք ուսանողներով հաճախակի էինք կազմակերպում միջոցառումներ։ Առաջին անգամ հեղինակային գործերս հնչել են հենց այդ բեմից, հետո նման հեղինակային երեկոներ սկսեցի կազմակերպել շրջափակման ժամանակ։ Ստեղծագրության դասընթացներ` սկսնակ ստեղծագործողների համար, հեղինակային երեկոներ, այս ամենը կյանքը հետաքրքիր էր դարձնում շրջափակման օրերին։
ԲիդաՏօն պրոդաքշընը ստեղծվեց հետո, 2024 թվականի օգոստոսի 4-ին, և ես առաջին անգամ նորից հեղինակային երեկո կազմակերպեցի։ Երեկոն կոչեցի ԲիդաՏօն, որը արցախերենից նշանակում է Հայացք դեպի տուն։ Քանի որ կյանքս մի տեսակ զրոյացված էի համարում, և որպես գրող ամբողջովին գրականությունս թողել էի Արցախում, միտք ծագեց` սկսել զրոյից և մարդկանց հասցնել Մեկունցի գրականությունը, գրչի ձայնը։ Այդ ժամանակ էլ արցախերենով կազմակերպվեց երեկոն, ու սպասվածից շատ մարդիկ հավաքվեցին։
Երեկոն բարբառային էր, հիմնված իմ հեղինակային ստեղծագործությունների, երգերի վրա։ Մենք վերապրում էինք Արցախի վերջին օրերը, ցավում և ժպտում միասին։ Առաջնախաղից հետո երկար ժամանակ հանդիսատեսը պահանջում էր շարունակություն ու սպասում մեզ։ Հենց այդ ժամանակ էլ հավաքվեցինք ընկերներով ու միասնական որոշում կայացրեցինք` շարունակել մեր երեկոները, ստեղծել Պրոդաքշըն, որը կլինի գրականության և արվեստի միաձուլում։
Մենք 3 աթոռակով ենք սկսել, ու ոչինչ չունեինք։ Կար միայն միտքը և ընկերներիս` ինձ թև տալը։ Ու քանի որ առաջնախաղն մենք անվանել ենք հենց ԲիդաՏօն, կարևոր էր պահպանել դա։ Այդպես էլ կոչվեցինք ԲիդաՏօն Պրոդաքշըն։ Հիմնադիրը ես եմ, այո, բայց ամեն մի դերասան ինձնից ոչնչով չի տարբերվում։
Մենք ստեղծել ենք մի փոքրիկ տուն, որտեղ ամեն մեկս մեր արվեստն ու հոգին ենք բացում հանդիսատեսի առաջ։ Արցախյան բարբառով թատերականացված երեկոներ, որտեղ ամեն ինչ խոսում է արցախցու վերապրածի, կորցրածի, արժեքների, ավանդույթների, սովորույթների, արվեստի և արհեստի մասին, մենք չենք ուզում մոռանալ, թե ո՞վ ենք մենք, և թե որտեղի՞ց մենք եկանք։ Շատ կաևոր է իմանալ արմատներդ, սիրել այն և փոխանցել նոր ծնվող սերունդներին։
Թիմը պատմում է Արցախի մասին, և ներկայացումներից հետո շատերը հուզված մոտենում են և ասում` շնորհակալ ենք․ սա ամենամեծ գնահատականն է, որը մենք սպասում ենք հանդիսատեսից և մենք էլ ենք շնորհակալ։
Մի տարվա ընթացքում թիմը մեծացել է, ես հույս ունեմ, որ սա դեռ սկիզբն է մեծ վերելքների։
Թիմի անդամները բոլորը Արցախից են, եթե նույնիսկ չեն ծնվել Արցախում, ապա արմատներով կապ ունեն Արցախի հետ, ինչպես օրինակ Էվա Ոսկանյանը, ով մեր թիմի երգչուհին է։ Էվան իմ հեղինակային ստեղծագործությունները երգերի է վերածում, ունի նաև իր սեփական երգերի անվերջանալի ցանկը, ես շատ կուզենայի, որ իր հեղինակային երգերը լսլելի դառնան մեր հանրությանը։ Էվան դերասանուհի է, խաղում է Խամաճիկների թատրոնում։ Ամեն անգամ հիանում եմ այդ աղջկա ստեղծած ամեն մի նոտայից։ Երբևէ իմ հեղինակային երգերը նման հուզումնալից ոչ մեկ չէր կատարել։
Սևակ Ջանյան․ Սևակը այն առաջիններից էր, ով ինձ հետ Արցախում մասնակցել էր առաջին հեղինակային երեկոյիս։ Դասական երգիչ է, սովորում է Կոնստերվատորիայում, ու ես վստահ եմ, Սևակին մեծ բարձունքներ են սպասում։ Նրանք, ովքեր լսում են Սևակի ձայնը, հիացմունք դեռ երկար են ապրում։ Սևակը Արցախում պետական երգչխաբմի անդամ է եղել, ցավոք այն հիմա չի գործում։
Ռոբերտ Կարապետյան՝ ևս մեկ տաղանդաշատ դերասան, ով ինձ հետ Արցախում է սկսել իր ճանապարհը։ Մենք Արցախում աշխատում էինք Վ. Փափազյանի անվան դրամատիկական թատրոնում և սովորում էինք միևնույն երաժշտական ուսումնարանում։ Այժմ Ռոբերտը ռեժիսյոր է, և այո, իմ թիմի ռեժիսյորն է, որի համար անչափ երջանիկ եմ։
Մարիաննա Գրիգորյան․ Մարիաննան ևս Արցախի թատրոնի տարիներից է իմ կյանքում հայտնվել, թատրոնն այլևս չի գործում, բայց Մարիաննան անսահման տաղանդավոր դերասանուհի է, ով նաև թիմում որպես ղեկավարի օգնական է աշխատում։ Մարիաննան պատասխանատվությամբ դասակարգում է պրոդաքշընի գործունեությունը, գրաֆիկի, նկարահանումների պատասխանատուն է, և եթե մի օր ներկա չեմ լինում, հանգիստ եմ, որովհետև պատասխանատու թիմ ունեմ, ամեն ինչ համակարգված է։
Աննա Ասծատուրյան․ մեր թիմի տարիքով ամենափոքր դերասանուհին է, կրկին Արցախից։ Աննան միացել է մեզ վերջերս, բայց իր նվիրվածության շնորհիվ, վստահ եմ, մենք երկար ճանապարհ ենք անցնելու։
Եւ իհարկե կան շատ այլ մարդիկ, ովքեր պատասխանատու կերպով աջակցում են և մշտապես մեր կողքին են։ Հատուկ պետք է նշեմ Եվա Հարությունյանին, ով պրոդաքշընի դիզայներն է, ու Գագիկին Մնացակայան, ով մեր վիդեոգրաֆն է։
Յուրաքանչյուր ոք այս թիմում ուղղակի սովորական մեկը չէ, ես բազմիցս եմ նշում` մենք ընտանիք ենք, գաղափարակիցներ և լավ ընկերներ։
Պրոդաքշընը փնտրում է ֆինսանսավորողների, հովանավորների, ցավոք դեռ չի հաջողվել գտնել այդ օգնող ձեռքին, բոլոր ներկայացումների հետ կապված ծախսերը հոգում եմ ես` որպես հիմնադիր և գեղարվեստական ղեկավար։ Ամեն ինչ կազմակերպվում է կոկիկ, տրամադրվում է բեմը, սրահը, ռեկվիզիտները, բայց որպես ղեկավար՝ պատասխանատուն ես եմ։ Փորձերի համար այժմ հավաքվում են իմ օգնականի` Մարիաննայի տանը, արդեն ներկայացումների համար բեմը գտնում եմ ես։
Ոչ միշտ է հաջողվում բեմ գտնել, կապված թեմատիկայի հետ, բայց մենք չենք հանձնվում։ ԲիդաՏօնը պետք է շարունակի իր գործունեությունը, հովանավոր կգտնվի, թե ոչ՝ մենք հասնելու ենք մեր գաղափարին և նպաատակին։
Եւ ինչպես արդեն ասացի` մենք հիմա պատրաստվում ենք նոր ներկայացման` Երկինք 99։ Սա կրկին իմ հեղինակային ստեղծագորոծությունն է։ Իսկ մինչ այդ, սեպտեմբերին, ունենալու ենք ևս երեք ներկայացում` արցախերենով»։
Արսեն Աղաջանյան