Ալյասկայում Թրամփ-Պուտին գագաթնաժողովից մեկ օր առաջ ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբարդը հրապարակեց Օբամայի ժամանակաշրջանի ԱՄՆ հետախուզական գործակալությունների նախկին ղեկավարների նամակները, որոնք վկայում են այն մասին, որ 2016 թվականի ԱՄՆ ընտրություններին (որոնցում Թրամփը հաղթեց) Ռուսաստանի միջամտության գործը կեղծված էր։
Այս փաստաթղթերի հրապարակումը նպատակ ունի ոչ միայն ամրապնդել Թրամփի դիրքերը ԱՄՆ-ում, այլև արդարացնել ռուս-ամերիկյան առաջիկա դաշինքը, որը, ամենայն հավանականությամբ, կհայտարարվի Ալյասկայում կայանալիք հանդիպումից հետո։
Ռուս քաղաքագետները բացահայտ խոսում են նոր «Յալթայի» մասին և նույնիսկ Թրամփին հրավիրում են Ղրիմ՝ Պուտինի հետ աշխարհը ազդեցության գոտիների բաժանելու վերաբերյալ նոր գործարք կնքելու համար։
Այս լույսի ներքո միջազգային վերլուծաբանները սկսել են վերագնահատել օգոստոսի 8-ին ԱՄՆ-ում տեղի ունեցածը՝ Փաշինյանի և Ալիևի միջև Թրամփի հովանու ներքո ամոթալի «համաձայնագրի» կնքումը։
Այսպես կոչված արևմտամետ հայ քաղաքագետներն ու ուկրաինացի պրոպագորդոնները ծափահարեցին՝ փորձելով ապացուցել, որ Բաքվին և Երևանին վերջապես հաջողվել է Ռուսաստանին դուրս մղել տարածաշրջանից, որ Պուտինը պարտվել է, և որ շուտով Հայաստանի և Ուկրաինայի սահմաններին կհայտնվեն ամերիկյան «Պատրիոտներ»։
Պարզվեց, որ սա պարզապես մեծ գործարքի մի մաս էր. Պուտինը Հայաստանը փոխանակեց Ուկրաինայի հետ, ստանալով նաև Թրամփի հետ հողերը բաժանելու իրավունք։
ԱՄՆ ընտրություններին Ռուսաստանի միջամտության «կեղծիքի» մասին վկայող փաստաթղթերի հրապարակումը ցույց է տալիս, որ Թրամփը այլևս ոչ մի պատճառ չունի Պուտինին «Ամերիկայի թշնամի» համարելու համար։ ԱՄՆ-ում մարդիկ արդեն հարցնում են՝ ինչի՞ համար է մեզ պետք Ուկրաինան, եթե կարող ենք համաձայնության գալ Պուտինի հետ։
Այժմ խորը հիասթափված են ոչ միայն ուկրաինացի քարոզիչներն ու Հայաստանում ռուսամետ ուժերը, ովքեր ասում էին, որ օգոստոսի 8-ի համաձայնագիրը Ռուսաստանի դեմ է, այլև Փաշինյանի կողմնակիցները, ովքեր արդեն մեկ շաբաթ է, ինչ չեն կարողանում բացատրել իրանցիներին, որ Հյուսիս-Հարավ մայրուղու կառուցման մեջ իրանցիների ներդրած գումարը կծառայի թուրքերին, ինչպես 2021-22 թվականներին Արցախում շինարարության համար Հայաստանի կողմից հատկացված միլիարդավոր դրամները։ Եւ որ դա կանխամտածված էր։
Յալթայից հետո նոր աշխարհում չեն լինի ժողովրդավարական պայմանականություններ, ընտրություններ կամ այլ կանոններ, որոնք կզսպեն տոտալիտարիզմը: Ինչպես Թրամփն ասաց 2024 թվականի ընտրություններից հետո. «հուսով եմ՝ սրանք վերջին ընտրություններն էին Միացյալ Նահանգներում»: Նույն Թրամփը գովաբանեց Ալիևին իր երկիրը 22 տարի կառավարելու համար՝ ապրես, լավ տղա ես: Փաշինյան, սովորիր կառավարել, և կորչի ժողովրդավարությանը, ասում է Թրամփը մի ղեկավարի, որը 7 տարի իր բոլոր որոշումները “ժողովրդավարական ընտրություններով” է արդարացնում: