Արցախի Ասկերանի շրջանի մշակութային կյանքում վերջին ժամանակաշրջանում զգալի աշխուժություն էր նկատվում, ինչը կարելի էր վերագրել նաև Ասկերանի մշակույթի և երիտասարդության կենտրոնի ակտիվ գործունեությանը, որը ղեկավարում էր Ռոմելա Գրիգորյանը։ Կենտրոնի մշակութային գործունեության առանցքը «Բերդ» համույթն էր, որը հիմնադրման օրվանից մինչև Արցախի տեղահանությունն իր առաքելությունն իրականացնում էր մեծ պատասխանատվությամբ։ Առանձնապես 2020-ի պատերազմից հետո համույթն իր ելույթներով շարունակում էր ոգեկոչել բնակչությանն ու սահմանում կանգնած զինվորին։
Ռոմելա Գրիգորյանի խոսքով՝ կենտրոնի կոլեկտիվն անում էր ամեն ինչ, որպեսզի պահպանվեն մշակութային արժեքները, նախնիներից եկած ավանդույթ–պատգամները, որպեսզի մշակութային կյանքը վերելք ապրի շրջանում:
-Առհասարակ, կազմակերպության արդյունավետ և նպատակասլաց գործունեության համար խիստ կարևոր է նյութատեխնիկական բազան։ Սեփական եկամուտների հաշվին ձեռք էինք բերել անհրաժեշտ բոլոր սարքավորումները։
Մշակույթի կենտրոնի նախասրահը համալրվել էր «Իմ Ասկերանը» գեղանկարչական կտավ-պաստառով: Պատմական ճանաչողական նշանակություն ունեցող այդ գեղանկարն Ասկերանի անձնագիրն ասես լիներ: 2017-ին Հայաստանից պատգամավորական խումբ էր եկել Արցախ, այցելել նաև մեր մշակույթի տունը։ Հիշում եմ, թե ինչպիսի ակնածանքով էին արտահայտվում հյուրերը, ասելով, որ Հայաստանի ոչ մի մշակույթի տան չեն հանդիպել նման նշանակալից աշխատանքի, որտեղ ներկայացված է նաև ժամանակագրական կարգը՝ Կոմիտասից մինչև Ջիվանի՝ իրենց վերտառությամբ։ Կենտրոնի նախասրահը յուրաքանչյուր այցելուի հայանպաստ ու ժողովրդանպաստ պահ էր ներշնչում։
Ճիշտ է, շենքային պայմաններն անմխիթար վիճակում էին, բայց կենտրոնի կոլեկտիվը շարունակում էր պատասխանատվությամբ կատարել իր առաքելությունը՝ միաժամանակ հարստացնելով երաժշտական գործիքների կազմը: Մենք մեր գործով հաստատում էինք, որ մշակույթը մեր ժողովրդի լինելիության ակունքն է և հավերժության գրավականը:
Մշակույթի կենտրոնի <<Բերդ>> համույթի սուրբ առաքելությունն էր կանգնել հայոց բանակի ու հայ զինվորի կողքին և ոգեշնչել նրանց հայրենասիրական խրոխտ երգերով:
Ձմեռային առաջին զորակոչի մեկնարկից մինչև գարնանային զորակոչի ավարտը համույթի ստեղծագործական անձնակազմը կենդանի կատարումներով, ավանդական զուռնա-դհոլով նորակոչիկներին ճանապարհում էր անփորձանք ծառայության:
Իմ գործունեության ընթացքում մեծ տեղ էի տալիս համագործակցությանը, քանզի այդ դեպքում միայն կարելի էր հասնել հաջողությունների: Շրջանի համայնքների և դպրոցների տնօրենների հետ կայուն փոխհամագործակցության արդյունքում մեր համույթը հանդես էր գալիս համերգային ծրագրերով գրեթե բոլոր համայնքներում։ Բնակչությունը կարոտ էր հայ երգի, երաժշտության, առանձնապես՝ տարեցները։ Անընդհատ ձգտում էինք պահել ժողովրդականը, ազգագրականը և մարդկանց ոգևորություն պարգևել։
«Բերդ» համույթը մասնակցել է Արցախի հանրապետությունում կազմակերպված բազմաբնույթ միջոցառումների՝ արժանանալով պատվոգրերի ու գովասանագրերի։
Աշուղ-բանաստեղծ Սայաթ-Նովայի 305-ամյակին նվիրված համերգային ծրագրով համույթը հանդես է եկել ԱրՊՀ-ում՝ արժանանալով հանդիսատեսի և Արցախի հեռուստատեսության ուշադրությանը: Համույթի անձնակազմը փորձել է 305-ամյա հեռավորությունից հանրությանը փոխանցել արքայական Սայաթ-Նովայի հոգեթով երգերը: Հանդիսավոր միջոցառումներ ենք կազմակերպել նվիրված Սիլվա Կապուտիկյանի, Հովհաննես Շիրազի, Հովահաննես Թումանյանի, հայ դասական գրականության մեծերի հոբելյանական տարելիցներին։ Բաց չենք թողել ոչ մի տոն ու հիշարժան օր։
Ամուր էր կապը նաև ՊԲ շրջանների հետ։ Այցելում էինք զորամասեր և մեր ելույթներով ոգևորում զինվորներին։
Հպարտությամբ եմ հիշում, որ աննախադեպ հրավեր ստացանք Հրետանային գնդի կողմից և Ասկերանի «Տանկ» հուշահամալիրի մոտ մասնակցեցինք հրետանավորների երդման արարողությանը։ Զինվորները ցնծում էին և ինքնամոռաց պարում․ մենք կարողացանք անմոռանալի օր և ապրումներ նվիրել նրանց: Համույթի բոլոր համերգային ծրագրերը հագեցած էին ազգագրական, հայրենասիրական, ժողովրդական երգերով:
Բոլորս քաջ գիտակցում էինք, որ մեր երկրի ապագան երիտասարդ սերնդի ձեռքերում է, և նրանց հետ տարվող աշխատանքները պետք է ուշադրության կենտրոնում լինեին։ Բազմաբնույթ միջոցառումներ, ինտելեկտուալ խաղեր էինք կազմակերպում երիտասարդների հետ։
Շենքային անմխիթար պայմանները, կամ թշնամու ոտնձգություններն ի զորու չէին խլացնելու հայ երգի հոգեպարար հնչյունները, ելևէջներն ու հրաշալի մեղեդիները:
2022-ի հոկտեմբերին մեծ շուքով նշել ենք համույթի 20-ամյակը՝ գեղարվեստորեն ներկայացնելով համույթի տարեգրությունը տարիների հեռավորությունից: Ակնհայտ ճշմարտություն է, որ յուրաքանչյուր կառույցի կամ կազմակերպության անցած ճանապարհ նրա կենսագրության բանալին է:
Մեր ողջ գործունեության ընթացքում ձգտել ենք պահել ազգային նվագարանները, կենդանի կատարումներով հանդես գալ ու հնչեցնել հայն ու հայկականը։
Ցավոք, 2023-ի սեպտեմբերին մենք կորցրինք ամենաթանկը՝ Արցախը։ Հայրենիքի կորստին ավելացան մարդկային կորուստները։ «Բերդ» համույթը ևս կորուստներ է ունեցել։ 2023-ի սեպտեմբերի 25-ին վառելիքի պահեստի պայթյունի ժամանակ զոհվել է համույթի մենակատար Սասուն Սարդարյանը, իսկ 2020-ի 44-օրյա պատերազմում՝ դուդուկահար Աշոտ Մուսայելյանը։
Արցախի տեղահանությունից հետո կենտրոնի աշխատողները ցրվել են տարբեր տեղերով։ Ռոմելա Գրիգորյանը չի կորցնում հույսը, որ համույթի երգիչ-երաժիշտները մի գեղեցիկ օր հանդես կգան հարազատ բեմում․ Ասկերանի մշակույթի տան դահլիճը դեռ կդղրդա «Բերդի» ելույթներից։
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ