Մենք դա թույլ չենք տա, որովհետեւ Արցախը մեր հայրենիքի մի մասն է, եւ առանց Արցախի Հայաստանը խոցելի է

  • 21:07 15.08.2025

«907-րդ բանաձեւի չեղարկումը ոչ թե խաղաղություն է բերելու, այլ պատերազմ։ Խաղաղություն ուզող պետությունը զենք գնելու նոր հնարավորություններ չի ստեղծում, ժամանակակից ամերիկյան զենք, որը Ադրբեջանը կգնի՝ ցույց տալու համար, որ իբր Իրանի ու Ռուսաստանի դեմ է, բայց ի վերջո մեր դեմ է օգտագործելու։ Հետեւաբար, այս մի քայլը, որն իշխանությունը ներկայացնում է որպես հաջողություն, դա ի վնաս Հայաստանի Հանրապետության է»,- Ազատության հրապարակում ԱԺԲ հրավիրած հանրահավաքում ասաց  «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը՝ անդրադառնալով Վաշինգտոնում տեղի ունեցած պայմանավորվածություններին։

Արա Պապյանն անդրադարձավ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման որոշմանը՝ հարցարդում անելով․ «Իսկ ո՞վ ասաց, որ չկա Արցախի հարցը։ Արդյոք մենք՝ որպես հայ ժողովուրդ եւ նաեւ աշխարհի շատ երկրներ ընդունո՞ւմ ենք, որ կարելի է հանցագործության միջոցով, էթնիկ զտման, ցեղասպանության միջոցով, ոտնահարեելով նույն Մինսկի խմբի բազմաթիվ փաստաթղթերը, հիմա օրինականացնել տեղի ունեցածը։ Այո, այս իշխանությունները փորձում են դա անել, բայց մենք դա թույլ չենք տա, որովհետեւ Արցախը մեր հայրենիքի մի մասն է, եւ առանց Արցախի Հայաստանը խոցելի է, խոցելի է անվտանգության առումով, խոցելի է տնտեսապես ու հոգեպես։

Հայրենիքի վաճառքով չես կարող հայրենիքի համար խաղաղություն գնել, այս ամբողջը կեղծիք է, որովհետեւ խաղաղությունը կարող է միայն ռազմաքաղաքական հավասարակշռության վրա խարսխված լինել։ Չես հավասարակշռել, ուրեմն չունես նաեւ խաղաղություն։ Արդյոք եթե դիմեցին, Մինսկի խումբը պետք է լուծարվի՞։ Ոչ, Մինսկի խումբը ստեղծվել է ԵԱՀԿ-ի ԱԳ նախարարների խորհրդի կոնսենսուսով, այսինքն՝ 57 երկրի ներկայացուցիչներ հավաքվել են 1992 թվականի մարտին եւ կողմ ենք քվեարկել այդ խումբը ստեղծելուն։ Հստակ գրված է՝ ինչի համար է այդ խումբը ստեղծվել, Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ լուծելու համար։ Արդյոք խաղաղ լուծում ստացե՞լ է, որ այսօր Նիկոլ Փաշինյանն ու իր համախոհներն ուզում են լուծարել։ Չի ստացել։ Ուրեմն, վստահ եմ, որ այդ Մինսկի խմբի 57 երկրներից առնվազն մի քանիսը դեմ են քվեարկելու։ Եվ Մինսկի խումբը մնալու է, որովհետեւ Արցախի հարցը եւս բարձրանալու է»։

Արա Պապյանը նշեց, որ  եթե Ալիեւի մտքին պատերազմ լինի, ինքը պատրվակ կգտնի՝ հրահրելու այդ պատերազմը, ինչպես հիմա արդեն խոսում է «150 մլրդ ռազմական տուգանքի» եւ այսպես կոչված «300 հազար ադրբեջանցի փախստականների վերադարձի» մասին։ Ըստ նրա՝ ադրբեջանիցներն օգտագործում են ՀՀ իշխանության այս ոչ հեռատես եւ տեղ-տեղ դավաճանական վարքագիծը՝ իրենց խնդիրներն առաջ տանելու համար։ Բայց ի վերջո չեն գալու ոչ «խաղաղության պայամանագրի» ստորագրմանը, ոչ էլ դրա իրագործմանը։

Արա Պապյանը հավելեց, որ ալիեւները Միսնկի խմբի շրջանակներում բազմաթիվ փաստթղթեր են ստորագրել, որոնցով ուժի կիրառում չպետք է լիներ, բայց ոտնահարեցին դա։ Երբ Արդբեջանը հայաթափեց Արցախը, այդպես կոչված «ռուս խաղաղապահների» ներկայությամբ էթնիկ զտում իրականացրեց, ի՞նչը զսպեց նրանց, ոչինչ։ «Հետեւաբար, նրանց զսպելու համար մենք պետք է ստեղծենք իրավական ամուր հիմքեր եւ ամենակարեւորը՝ հզոր ու ազգային իշխանություն, որն էլ կստեղծի հզոր բանակը, որը կկարողանա դիմակայել։ Այլ ճանապարհ չկա։ Թող որեւէ մեկը չփորձի ներկայացնել, թե իբր իրենք խաղաղություն են ուզում, մենք էլ պատերազմ ուզողն ենք»,- նշեց նա։

Արա Պապյանն անդրադարձավ նաեւ Վաշինգտոնում նախաստորագրված այսպես կոչված «խաղաղության պայմանագրին»՝ ասելով, որ սա կեղծ փաստաթուղթ է։ «Ես կարդամ այսպես կոչված խաղաղության համաձայնագրի առաջին կետը․ «Հաստատելով, որ նախկին ԽՍՀՄ Խորհրդային Սոցիալիստական ​​Հանրապետությունների միջեւ սահմանները դարձել են համապատասխան անկախ պետությունների միջազգային սահմանները եւ որպես այդպիսին ճանաչվել են միջազգային հանրության կողմից՝ կողմերը ճանաչում են եւ կհարգեն միմյանց ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, միջազգային սահմանների անձեռնմխելիությունը եւ քաղաքական անկախությունը»։

ՔՊ-ն կասի՝ դե ի՞նչ վատ բան կա, սահմանները ճանաչվում են։ Բայց այստեղ շատ կարեւոր հարց կա՝ միջպետական փաստաթուղթը պիտի վավերացվի, այսինքն՝ սա դեռ նախաստորագրում է, պիտի ստորագրվի, հետո խորհրդարանով վավերացվի ու ուժի մեջ մտնի։ Չի կարող որեւէ միջազգային պայմանագիր վավերացվել, եթե այն հակասության մեջ է քո գործող Սահմանադրության հետ, դրա համար է Ալիեւը ստիպում մեզ փոխել Սահմանադրությունը։ Ասում է, որ այնտեղ հղում կա Անկախության հռչակագրին, որտեղ էլ խոսվում է Ղարաբաղի ու Հայաստանի միացման մասին։

Հիմա նայենք, թե իրենց Սահմանադրությունն ինչ է ասում, իրենց Սահմանադրությունը եւս հղում ունի Անկախության հռչակագրի վրա, բայց ո՞ր Անկախության հռչակագրի վրա՝ հստակ գրված է 1918-1920 թվականների հանրապետության Անկախության հռչակագրի վրա։ Այսինքն՝ իրենց համար հիմք է հանդիսանում առաջին հանրապետությունը, իրենք իրենց համարում են իրավահաջորդ 1918-20 թվականների իրենց մոգոնած կեղծ հանրապետության իրավահաջորդը, որի մեջ մտնում է եւ Զանգեզուրը, եւ Վայոց ձորը, եւ Սեւանը։ Երբ իրենք ասում են՝ տարածքային ամբողջականություն, դա նկատի ունեն։

Իրենք ոնց կարող են ընդունել սովետական սահմանները, երբ Սահմանադրությամբ իրենք սովետական շրջանը համարում են օկուպացիոն շրջան։ Հետեւաբար, առնվազն իրենք եւս պետք է փոխեն իրենց Սահմանադրությունը։ Կփոխեն Սահմանադրությունը, ցույց կտան, որ իսկապես քաղաքական կամք ունեն, չեն փոխի, այս ամբողջը հերթական ծուղակ է ու խաբկանք։ Կամ իշխանությունները տգետ են, այսքան բանը չեն հասկանում, կամ իրենք լավ էլ հասկանում են՝ ինչ են անում, պարզապես ուզում են ժողովրդին խաբել՝ ամեն ինչ տալով, բայց վերջում այդ փաստաթուղթը չի վավերացվի։ Իսկ փաստաթուղթը, որը չի վավերացվել, չունի իրավական նշանակություն»,- հայտարարեց Պապյանը։

Նա կոչ արեց հասարակությանը ոտքի կանգնել։ Նա ասաց, որ Ալիեւն ամեն ինչ անելու է, որ Նիկոլ Փաշինյանը ժողովրդի վրա ծախի այս «խաղաղության» գաղափարը մինչեւ հաջորդ ընտրություններ։ Իսկ դրանից հետո, օգտվելով 907 բանաձեւի չեղարկումից, վերազինվելու է, եւ լինելու է ավելի դաժան պատերազմ։ Նա բոլոր քաղաքական ու հասարակական գործիչներին կոչ արեց դիրքավորվել ու հստակ դիրքորոշում հայտնել այս ծանրագույն ժամանակաշրջանում, որովհետեւ դասալքություն է այսօր ոչինչ չանելն ու չասելը։