Կապան համայնքի վարչական տարածքներից 2700 հա հեկտար հողատարածքն է օկուպացված. քաղաքապետ

  • 20:53 16.08.2025

Նախքան Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները, Սյունիքի մարզի համայնքապետերի հետ քննարկումներ չեն եղել։ Այս մասին այսօր լրատվամիջոցների հետ զրույցում ասել է Կապան խոշորացված համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանը։ «Ես իմ մասով կարող եմ ասել՝ որեւիցե քննարկում ինձ հետ չի եղել, որեւիցե տեղեկատվության հաղորդում չի եղել նախքան փաստաղթթի ստորագրումը։ Կոնկրետ ես այդ ամենի վերաբերյալ իմացել եմ մամուլից։ Ես պատկերցնում եմ եմ, որ այդ ամենը շատ ավելի գաղտնի էր պահվում»,- հավելեց նա։

Անդրադառնալով հարցին, թե ի՞նչ ակնկալիք ունեն Սյունիքում «Թրամփի ուղուց»՝ Գեւորդ Փարսյանն ասաց․ «Ես կդժվարանամ որեւէ բան ասել, այնքանով, ինչքանով գրված է այդ փաստաթղթերում։ Իմ կարծիքով՝ ամենակարեւոր մասն այն դետալներն են, որոնք հետագայում պետք է իրականացվեն կամ արդեն իսկ քննարկվել են եւ պետք է իրականացվեն, որոնց վերաբերյալ նույնպես ոչինչ չեմ կարող ասել։ Դրական կողմերի մասին լսում ենք իշխանություններից, պետք է սպասենք, որ տեսնենք՝ գործնականում այդ ամենն իրականանում է, թե ոչ»։

Անդրադառնալով անվտանգային հարցերին՝ Փարսյանն ասաց, որ ադրբեջանական զորքերը գտնվում են Կապան համայնքի բնակելի հատվածից 1-2 կմ հեռավորության վրա։ Նրա խոսքով՝ 2022 թվականի ադրբեջանական հարձակման հետեւանքով ադրբեջանական զորքերի կողմից օկուպացված տարածքներ կան։ Մասնավորապես, Կապան համայնքի վարչական տարածքներից 2700 հա հեկտար հողատարածքն է օկուպացված, հիմնականում Ներքին Հանդի տարածքում։ Այսօրվա դրությամբ իրավիճակն անփոփոխ է, այդ տարածքները շարունակում են բռնազավթված մնալ։ «Բայց նաեւ պետք է ասեմ, որ վերջին ինտենսիվ կրակոցներն արձանագրվել են 1-1,5 տարի առաջ։ Վերջին ոչ ինտենսիվ կրակոցներն արձանագրվել են Ներքին Հանդում՝ մոտ 2 ամիս առաջ, երբ կրակցներից վնասվեց մեր բնակիչներից մեկի տանիքը։ Այլ հատվածներում որեւիցե գործողություն կամ կրակոցներ չեն արձանագրվել»,- նշեց նա։

Փարսյանն ասաց, որ Կապանից արտագաղթ չկա․ «Մեր ունեցած տվյալներով՝ մի քանի ընտանիք ունենք, որոնք տեղափոխվել են մայրաքաղաք, բայց դա ավելի շատ պայմանավորված է իրենց ընտանեկան հանգամանքներով»։ Նա հավելեց, որ Սյունիքում որեւէ մեկը չի պատրաստվում լքել իր բնակավայրը։

Նշենք, որ այսօր նշվում է Կապան քաղաքի օրը։