ԱՄՆ Պետդեպը հստակ արձանագրել է Արցախի հայերի հարկադիր տեղահանությունը

  • 10:11 17.08.2025

ԱՄՆ պետդեպարտամենտը հրապարակել է Ադրբեջանում մարդու իրավունքների մասին 2024թ․ զեկույցը, որը մեջբերում է «կամայական կամ ապօրինի սպանությունների, խոշտանգումների կամ անմարդկային վերաբերմունքի, կամայական ձերբակալությունների և բանտարկությունների, ինչպես նաև այլ երկրների քաղաքացիների նկատմամբ հետապնդումների մասին արժանահավատ տեղեկությունները»՝ ընդգծելով, որ Ադրբեջանի կառավարությունը «չի ձեռնարկել իրական քայլեր՝ պատասխանատվության ենթարկելու մարդու իրավունքները խախտած պաշտոնյաներին»։

Զեկույցում նշվում է ՄԱԿ Խոշտանգումների դեմ կոմիտեի 2024 թ․ հունիսի 5-ի զեկույցը, որն արձանագրում է «ադրբեջանական զինված ուժերի կողմից հայկական ծագում ունեցող ռազմագերիների և այլ պաշտպանված անձանց նկատմամբ միջազգային մարդասիրական և մարդու իրավունքների լուրջ խախտումները»։ Բացի այդ, փաստագրվում է, որ ՄԱԿ-ի փորձագետները 2024 թ․ սեպտեմբերի 27-ին մտահոգություն են հայտնել՝ կապված «2020 թ․ Զանգելանում գերի ընկած 23 հայ զինծառայողի և մեկ քաղաքացու հարկադիր անհետացման» հանգամանքով, սակայն Ադրբեջանը այդ մասին ամբողջ տարվա ընթացքում որևէ պատասխան չի տվել։

Զեկույցը նշում է նաև Freedom House-ի 2024 թ․ նոյեմբերի 11-ի ուսումնասիրությունը, ըստ որի՝ Ադրբեջանը «իրականացրել է համակարգված ռազմավարություն՝ 2020-2023 թթ․ ընթացքում լիովին հայաթափելու Լեռնային Ղարաբաղը՝ հայ բնակչությանը ենթարկելով հարձակումների, ահաբեկման, հիմնական իրավունքներից և կենսապահովման պայմաններից զրկելու և հարկադիր տեղահանության նպատակով»։ Freedom House-ի 133 էջանոց զեկույցում եզրակացվում է, որ «Ադրբեջանը էթնիկ զտման է ենթարկել Արցախը՝ հարկադիր տեղահանումը կիրառելով որպես միջոց», կառավարություններին կոչ է արվում «նպատակային պատժամիջոցներ կիրառել պատասխանատու ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ, դադարեցնել զենքի, տեխնոլոգիաների և հետախուզական տվյալների մատակարարումը Ադրբեջանին և շարունակել միջազգային իրավական մեխանիզմներով հետապնդել արդարության ապահովումը՝ ներառյալ ԱՄԴ և ՄԻԵԴ դատավարությունները»։

Զեկույցը նաև նշում է, որ մամուլի հրապարակումների համաձայն՝ «2024 թ․ հոկտեմբերի 24-ի դրությամբ Արցախում մնացել էին ընդամենը 15 հայ բնակիչներ», իսկ Caucasus Heritage Watch-ը արձանագրել է «Շուշիում Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու և Ղազանչեցոց գերեզմանատան ոչնչացումը»։ Զեկույցը նաև մեջբերում է Bellingcat-ի 2024 թ․ սեպտեմբերի հետաքննությունը, որտեղ «արբանյակային և սոցիալական մեդիայի լուսանկարները ցույց են տալիս Ստեփանակերտում շենքերի և տների հսկայական ավերակներ»։