Մարտունին՝ 100 տարեկան. հոբելյան, որը նշվում է հեռվից

  • 12:56 17.08.2025

Օգոստոսի 17-ին լրանում է Արցախի Մարտունի քաղաքի հիմնադրման 100-ամյակը։

Եթե չլիներ 2023 թվականի սեպտեմբերի 19-ի պատերազմական գործողությունների հետևանքով տեղի ունեցած հայաթափումը, հոբելյանը պետք է մեծ շուքով նշվեր հենց Մարտունու հրապարակում՝ շնորհավորանքներով ու հանդիսություններով։

Այսօր, սակայն, մարտունեցիները իրենց քաղաքի հոբելյանը նշում են հայրենի հողից հեռու՝ կարոտով ու ցավով։

«Մարտունին գերված է, բայց երբեք պարտված չէ։ Նրա ոգին ապրում է յուրաքանչյուր մարտունեցու սրտում՝ մանկության բակերի խաղերում, դպրոցների զանգերի հնչյուններում և հերոսների հիշատակով», — նշվում է համայնքի ուղերձում։

Մարտունեցիները շեշտում են՝ իրենց նահատակների հիշատակը պարտավորեցնում է ամուր մնալ ու չվհատվել, մինչև գա վերադարձի օրը։

«Շնորհավոր 100-ամյակդ, հերոս Մարտունի։ Թող այս հոբելյանը լինի ոչ թե ավարտ, այլ նոր սկիզբ՝ վերադարձի հավատքով», ասվում է ուղերձում։

Մարիամ Սարգսյան