Մարտունիի օրը Մասիսում․ գրկախառնություններ, կարոտի և հույսի միջավայր

  • 23:31 17.08.2025

Օգոստոսի 17-ին Մասիս քաղաքի հրապարակը լցված էր հիշողություններով, կարոտով ու հույսով։

Մարտունեցիները, հեռու իրենց սիրելի քաղաքից, հավաքվել էին միասին նշելու այն օրը, որը Մարտունում ամեն տարի տոն էր, բայց այս անգամ վերածվել էր հիշատակի ու միասնականության խորհրդանիշի։

Միջոցառման սկիզբը նշանավորվեց Հայաստանի և Արցախի օրհներգերով։ Լռության մեջ կանգնած մարդիկ ոչ միայն երգում էին, այլև իրենց հոգում կրկին անցնում այն ճանապարհով, որն սկսել էր 2023 թվականի սեպտեմբերի 19-ին՝ իրենց քաղաքը կորցնելու ցավալի փորձությամբ։

Մարտունին չի լքել մեզ․ այն ապրում է մեր հիշողություններում, մեր սրտերում, մեր երգերում ու մեր զավակների անուններում՝ Մոնթե, Ազնավուր, Արցախ։ Ելույթ ունեցան Մարտունու և Մասիսի ներկայացուցիչները։

Մասիսը պատահական չէր ընտրված, Հայաստանի տասնյակ քաղաքներից հենց Մասիսում է կանգնեցված Մոնթե Մելքոնյանի կիսանդրին. Մոնթե ամենուր համախմբում է մարտունեցիներին։

Նրանց խոսքերում հիշատակվեցին Մարտունու հերոսները՝ ընկած զինվորները, Մոնթե Մելքոնյանը, ինչպես նաև հավերժ քաղաքապետ Ազնավուր Սաղյանը։ Մարտունին դատարկված չէ, քանի դեռ ապրում է մարտունեցիների սրտերում։

Բայց ամենաուժեղը ոչ թե խոսքերը, այլ մարդկանց գրկախառնություններն էին։ Մասիսի հրապարակում մարտունեցիները իրար փարվում էին այնպես, կարծես վայրկյաններով կրկին իրենց քաղաքում լինեին։ Շատերի աչքերում արցունք կար․ ոմանք տեղահանությունից հետո չէին հանդիպել, ոմանք էլ Մարտունուց հեռացել էին դեռ նորաստեղծ ընտանիքով ու այսօր արդեն երեխաների հետ էին։

Ցավոք շատերը հեռացան կյանքից՝ կարոտով ու հավատով, որ մի օր տուն են գնալու։

Մշակութային ծրագիրը դարձավ հավաքվածների համար հոգևոր թեթևացում։ Ռիմա Մարտիրոսյանի «Արցախ» երգը լցրեց հրապարակը նույն հույզերով, ինչ տարիներ շարունակ Մարտունու կլուբի բեմը, ելույթ էին ունենում մարդիկ ովքեր տարիներ շարունակ զարդարել են Մարտունու համերգներն իրենց կատարումներով, մարդիկ, որոնց անունները հյուսվում է Մարտունու մշակութային կյանքին։

Ռաշիդ Բաբայանի երգը և Արթուր Եսայանի կատարումը մարդկանց մտքով հետ տարան դեպի այն ժամանակները, երբ քաղաքի մշակութային կյանքը շնչում էր լիաթոք։

Եզրափակիչ ելույթը «Մենք ենք մեր սարերը» համույթի կատարմամբ դարձավ բոլորի սրտերում հնչող պատգամ՝ Որտեղ էլ լինենք, մենք կանգուն ենք»։

Միջոցառումն ավարտվեց գրկախառնություններով, երկար զրույցներով ու լուռ հույսով։ Բոլորը մի բան էին կրկնում՝ մի օր օգոստոսի 17-ը կնշվի հենց Մարտունու հրապարակում, քաղաքում, որը միշտ եղել է և միշտ էլ կմնա մեր տունը։

Մարիամ Սարգսյան