Արամ Ա. «Արցախը անցյալ չէ»

  • 12:05 18.08.2025
Վաշինգտոնյան համաձայնագիրը պետք է առարկայական մոտեցումով ժողովրդին ներկայացվի: Նման տեսակետ է հայտնել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն՝ Աստվածածնի Վերափոխման տոնի առթիվ մատուցված պատարագից հետո անդրադառնալով Վաշինգտոնում Հայաստան և Ադրբեջանի միջև ստորագրված համաձայնագրին։
«Հայաստանի հետ կապված նշված համաձայնագրի՝ կարճաժամկետ, թե երկարաժամկետ, դրական, թե բացասական հետևանքների գնահատումը կթողնենք քաղաքական վերլուծաբաններին։ Սակայն ուզում եմ հիշեցնել, որ Հայաստանը պետք է հասկանա, որ միակողմանի զիջումներով, պայմանական սկզբունքներով և հատկապես երկդիմի կետերով լի խաղաղության ցանկացած համաձայնագիր կարող է լուրջ վտանգ դառնալ Հայաստանի համար։ Ուստի, այդ համաձայնագիրը պետք է առարկայական մոտեցմամբ ներկայացվի ժողովրդին։ Համաձայնագրի վերաբերյալ ժողովրդի կարծիքը պարտադիր պետք է հաշվի առնվի, քանի որ այն ուղղակիորեն ազդելու է բոլորի ապագայի վրա։ Ուզում եմ հիշեցնել, որ այսօր Հայաստանը աշխարհաքաղաքական ուժերի բախման թատերաբեմ դառնալու վտանգի ենթակա է»,-ասել է նա:
Արամ Ա-ի խոսքով` Վաշինգտոնում ժպիտների ու խոստումների տեղատարափի տակ ստորագրված խաղաղության համաձայնագիրը հույս ու ժպիտ պետք է բերի նաև զոհվածների ընտանիքների և Արցախի ժողովրդին, սակայն պատմությունը հիշեցնում է, որ ժամանակավոր շահերով պետք չէ առաջնոդվել և Հայաստանը հավասարակշռված քաղաքականություն պետք է վարի՝ ելնելով իր շահերից: Կաթողիկոսը խոսել է նաև նաև գերիների խնդրից և Արցախում Ադրբեջանի վարած հակահայ քաղաքականությունից` ընդգծելով, որ Արցախն անցյալ չէ, և պետք է հետամուտ լինել Արցախ վերադառնալու արցախցիների անխախտ իրավունքին, ինչպես նաև եկեղեցիների պահպաման միջազգային իրավունքին: