Step1.am-ի հարցերին պատասխանել է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը։
-Պարոն Պապյան, իրանցի փորձագետ Ահմեդ Քազեմին հետաքրքիր մանրամասներ է հաղորդել Վաշինգտոնում ստորագրված եռակողմ հռչակագրի եւ «Թրամփի ճանապարհի» մասին։ Իրանական աղբյուրների հաղորդմամբ՝ ճանապարհի լայնությունը լինելու է 6 կիլոմետր, ճանապարհը կառավարող ներդրումային միջազգային կոնսորցիումը բաղկացած կլինի 9 մասնակիցներից, որոնց միջեւ կբաժանվի եկամուտը: Ըստ այդմ՝ նշվում է, որ 40 տոկոսն ամերիկյան մասնաբաժինն է, 30 տոկոսը՝ Հայաստանի եւ Ադրբեջանի: Իսկ մնացած 30 տոկոսը վերջնականապես բաշխված չէ։ Ի՞նչ են փաստում այս տեղեկությունները։
-Եթե սա ճիշտ է, ապա սա ըստ էության դավաճանություն է։ Եթե սա ճիշտ է, սա շատ ավելի վատ է, քան կարելի էր կանխատեսել։ Եթե ճանապարհը Արաքս գետի երկայնքով 6 կմ լայնությամբ պետք է լինի, նշանակում է, որ հայկական բեռներն ու մարդիկ առնվազն 6 կմ պիտի անցնեն մի տարածքով, որն այլեւս Հայաստանը չի վերահսկում։ Թե ինչ աշխատակարգ այդտեղ կգործի, դեռ պարզ չէ, քանի որ մինչեւ իսկ պարզ չէ, թե ովքեր պետք է լինեն։ Բայց, եթե հավատանք իրանցի փորձագետին, 40 տոկոսը ամերիկյան մասնաբաժինն է, 30 տոկոսը՝ Հայաստանինն ու Ադրբեջանինը։
Նախ հասականալի չէ, թե ինչու Ադրբեջանը պետք է որեւէ ազդեցություն ունենա ու դեռ գումար ստանա։ Շատ հավանական է, որ այդ տարածքը երեք կողմերն են վերահսկելու, որովհետեւ հռչակագրի մեջ գրված էր՝ վերահսկում են ԱՄՆ-ն, Հայաստանը՝ երրորդ կողմերի հետ։ Այսինքն՝ արդեն ամրագրված է, որ երրորդ կողմ պետք է լինի։ Դա նշանակում է, որ մեր տարածքում, ադրբեջանիցները վերահսկելու են հայկական բեռները՝ թեկուզեւ 6 կմ հատվածում։ Դա հսկայական տարածք է՝ 252 քառակուսի կմ է ստացվում։ Ստացվում է, որ մենք այդ տարածքը տալիս են ԱՄՆ-ին, դիմացը ոչ միայն մենք վարձավճար չենք ստանում, այլ դեռ մի բան էլ մեր եկամուտից 40 տոկոս փող ենք տալիս իրենց։
Սա ոչ միայն միջանցք է ստացվում, այլ էքստերիտորիալ միջանցք է։ Այսինքն՝ այնտեղ Հայաստանի օրենքները չեն գործում, հետեւաբար, հարց է ծագում՝ հայկական բեռնատարները կամ մարդատարները կարո՞ղ են մտնել այդ 252 քկմ տարածքում երթեւեկեն։ Այդ 6 կմ տարածքի վրա գյուղեր ու քաղաքներ կան, այդ բնակավայրերի ճակատագիրն ի՞նչ պետք է լինի, մարդկանց պետք է վերաբնակեցնեն, թե՞ անցաթղթով ելումուտի իրավունք պետք է սահմանեն, որը սովետի ժամանակ էր կիրառվում եւ որը հանգեցնում է արտագաղթի, քանի որ այդ տարածքներում ապրել չի լինի։
Այսպիսով, այս լրացուցիչ տեղեկությունները շատ ավելի խորացնում են մեր մտահոգությունները, քան մենք ենթադրում էինք։ Սա ուղղակի խայտառակ վիճակ է, սա ոչ միայն միջանցք է, այլ միջանցք է, որը պետք է կառավարվի ԱՄՆ, Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից։
-Ո՞ր կողմն է այդ կոմունիկացիաները կառուցելու, եթե հայկական երկաթուղին կառավարման է հանձնված Ռուսաստանին։
-Այստեղ այլ հացեր եւս կան, մեկը ձեր նշած երկաթուղու հարցն է, որը հավատարմագրային կառավարման է հանձնված Ռուսաստանին։ Բայց դա կարելի է չեղարկել, հատկապես, որ Ռուսաստանն իր պարտականությունները չի կատարել։ Բայց այստեղ ուրիշ հարց կա՝ մենք ԵԱՏՄ անդամ երկիր ենք, այսինքն՝ դա Մաքսային միություն է, մաքսատուրքերը գանձնվում են ըստ միասնական օրենսդրության, եւ գումարը գնում է Մոսկվա, որտեղից Հայաստանն արդեն իր մասնաբաժինը ստանում է։ Հիմա, եթե Հայաստանն այդ գանձված գումարից 40 տոկոսը տալիս է ԱՄՆ-ին, իսկ 30 տոկոսը հայտնի չէ, թե ում, ենթադրաբար Ադրբեջանին, Մոսկվան հարց է տալու՝ դուք ո՞նց եք եւ ԵԱՏՄ կազմում, եւ մեր փողերը ուրիշներին տալիս։ Ստացվում է, որ դա ԵԱՏՄ փողերն են։
Այստեղ շատ այլ հարցեր կան, նույնը վերաբերում է սահմանապահներին, այնտեղ կան ռուս սահմանապահներ, այո, այդ սահմանապահները կարծես թե այլեւս անձնագրային ստուգում չեն իրականացնում, բայց սահմանապահն ունի նաեւ այլ գործառույթներ։ Եթե ճանապարհի լայնությունը 6 կմ է, հո 6 կմ խորության վրա չեն կանգնելու։ Այսինքն՝ կան շատ հարցեր, այս նախագիծը բավականին հում ու անորոշ է, իսկ փորձը ցույց է տալիս, որ բոլոր անորոշություններն ի վերջո հստակեցվում են ի վնաս Հայաստանի։
Մյուս հարցն այն է, որ ես՝ որպես Հայաստանի քաղաքացի, հանրապետության տարածքում ազատ տեղաշարժի իրավունք ունեմ ըստ Սահմանադրության։ Կարո՞ղ եմ այդ 252 քկմ տարածքում ազատ տեղաշարժվել։ Եթե չեմ կարող, ուրեմն նշանանակում է, որ դա արդեն ՀՀ տարածքը չէ։ Դա նշանակում է՝ այդ տարածքը տվել են ուրիշներին։ Եվ այդ մեծ-մեծ խոսակցությունները, թե Հայաստանը պահպանում է ինքնիշխանությունը, չգիտեմ ինչ, երեք-չորս այդպիսի բառ էին գտել, իրար կողքի էին շարել, դա չի գործում, եթե դա դառնում է այլոց կողմից վերահսկվող տարածք։ Հիշեցնեմ, որ Կուբայում ԱՄՆ-ը դեռեւս 20-րդ դարասկզբից մի քանի քառակուսի կմ է վարձակալել եւ առ այսօր տնօրինում է։ Եթե չեմ սխալվում՝ վճարում են 6 000 դոլար։ Իհարկե, այդ գումարը հիմա չնչին արժեք ունի, բայց այդուհանդերձ դա վարձակալություն է։ Եվ, այո, դա Կուբայի տարածք է, բայց այդ տարածքի վրա չեն գործում Կուբայի օրենքները, այսինքն՝ ինքնիշխանություն չկա։ Հայաստանի դեպքում կարծես նույնն է, բայց մենք, ի տաբերություն Կուբայի, վարձակալության վճար չենք ստանում, մի բան էլ եկամուտը կիսում ենք։ Այսինքն՝ սա ոչ միայն միջանցք է, մի բան էլ ավելի վատ է։ Ինչո՞ւ են մեզ հեքիաթներ պատմում ու ասում, թե միջանցք չէ։
–Այսպիսով՝ հայ-իրական սահմանի հարցը ի՞նչ է լինում, կա՞ հստակություն։
-Հստակություն չկա, բայց դատելով այս տեղեկություններից՝ Հայաստանը կորցնում է վերահսկողությունը հայ-իրանական սահմանի նկատմամբ։ Լավագույն դեպքում Հայաստանին այդ 6 կմ միջով կտան մի անցում՝ թունելի կամ էստակադայի տեսքով, դեպի Իրան դուրս գալու համար։ Բայց մյուս տարածքները, այդ 42 կմ-ից, օրինակ, 41․5 կմ-ն մենք չենք վերահսկելու։ Ոչ միայն մենք չենք վերահսկելու, այլ առանց հատուկ թույլտվության մուտք էլ չենք ունենալու այդտեղ։
-Այսինքն՝ իրանական բեռների հարցը եւս կարող է ծագե՞լ։
-Իհարկե, իրանական բեռների հարցը կծագի։ Օրինակ՝ եթե մենք դա արտապատվիրակել ենք ամերիկյան ընկերության, եւ եթե ԱՄՆ ու Իրանի հարաբերությունները սրվեն, այդ ընկերությունը կարող է ասել՝ ես թույլ չեմ տալիս, որպեսզի իրանական բեռները եւ Իրանի քաղաքացիներն այս տարածքով անցնեն։ Ի՞նչ է անելու ՀՀ-ն, պատերա՞զմ է հայտարարելու ԱՄՆ-ին։ Կամ, օրինակ, վարձակալված տարածքում ենթավարձակալության հարց կարող է լինել։ Բա որ այդ տարածքը վարձակալեն, հետո ենթավարձակալությա տան ադրբեջանական, թուրքական, իսրայելական կամ այլ երկրի որեւէ ընիկերության, այդ հարցը ո՞նց է կարգավորվելու։
Այսինքն՝ չի կարելի այսպես հում ու անորոշ տեքստեր ստորագրել նման ճակատագրական հարցերով։ Այդ սահմանը եղել ու մեզ համար մնում է երկու կարեւորագույն սահմաններից մեկը։ Վրաստանի սահմանի վրա շուտով անկլավները կվերցնեն, կփակեն, այստեղ էլ հայ-իրական սահմանն են փակում, եւ Հայաստանը կհայտնվի լիակատար շրջափական մեջ։
Ռոզա Հովհաննիսյան