Ասկերանի բերդը Արցախում
«Հաստատված խաղաղության» մասին Նիկոլ Փաշինյանի երեկվա ուղերձում կար միայն մեկ կոնկրետ թեզ՝ մենք ստորագրեցինք խաղաղություն, որը չի ապահովի ցեղասպանության հետևանքով տեղահանված Արցախի բնիկ բնակչության վերադարձը, իրավունքները և անվտանգությունը։
“Ինչ վերաբերվում է Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցներին, մեկ անգամ չէ, որ հրապարակային հայտարարել եմ, որ վերադարձի մասին նրանց պատկերացումներն իրատեսական չեմ համարում։ Ու ընդհանրապես, Հայաստանում եւ Ադրբեջանում հակամարտության մեկնարկից ի վեր փախստական դարձած անձանց վերադարձի թեմայի երկկողմ արծարծումը համարում եմ վտանգավոր, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղությանը վնասող գործոն։ Այդ թեմաներն արծարծելու երկկողմ փորձերը հենց իրենց՝ փախստականներին ոչինչ չեն տալու, իսկ պետությունների միջեւ դառնալու են լարվածության նոր աղբյուր։ Իմ այս պատկերացումը կիսել եմ նաեւ պաշտոնական Բաքվի հետ։ Եվ արձանագրում եմ, որ այո՛, դա վտանգավոր և վնասակար թեմա է նորընծա խաղաղության համար”, ասել է Փաշինյանը։
Այսպիսով, Փաշինյանն ասում է, որ եթե բարձրացվի արցախցիների և Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների վերադառնալու հարցը, անմիջապես կծագի խորհրդային ադրբեջանցիներին Հայաստան վերադարձնելու հարցը։ Իզուր չէ, որ Ալիևը մի քանի տարի վախեցնում է հայերին 300 հազար ադրբեջանցիներով՝ բուսեցնելով և ջրելով «Արևմտյան Ադրբեջանը»։ Սակայն և Ալիևը, ևւ Փաշինյանը գիտեն, որ “վերադարձը” անհնար է, քանի որ Վաշինգտոնում կնքված «խաղաղությունը» անվտանգություն բերող խաղաղություն չէ, այլ ցեղասպանության և հայկական հողերի օկուպացիայի օրինականացում։ Եվ ոչ միայն Արցախի, այլև Նախիջևանի, Կարսի, Արդահանի, իսկ հիմա՝ Սյունիքի։
Այն թեզը, որ եթե խոսենք արցախցիների վերադարձի մասին, Ալիևը, իբր, կպնդի ադրբեջանցիների վերադարձը Սյունիք, նորություն չէ։ Սա ցեղասպանությունը արդարացնելու լավ ոտնահարված ճանապարհ է։ Ի վերջո, երբ Ղարաբաղը հանձնվում էր, Ալեն Սիմնոնյանն ասաց, որ Հայաստանը չի պնդում Բերձորի միջանցքի ապաշրջափակման վրա, որ Բաքուն չպահանջի Զանգեզուրի միջանցք։
Բերձորի միջանցքը այդպես էլ չբացվեց, կապույտ անձնագրերով 120 հազար հայեր ենթարկվեցին ցեղասպանության, վտարվեցին իրենց հազարամյա հայրենիքից, բայց «Զանգեզուրի միջանցքը» հանձնելու հարցը ոչ միայն չփակվեց, այլև մեկուկես տարի անց օրինականացվեց ԱՄՆ նախագահի մակարդակով՝ ստորագրված Հայաստանի վարչապետի կողմից “խաղաղությամբ”։
Նույն կերպ, «ադրբեջանցիների վերադարձի» հարցը չի փակվի, եթե Երևանը հրաժարվի վերադարձնել արցախցիներին՝ նրանց իրավունքներն ու անվտանգությունը պաշտպանելուց, ընդհակառակը, այն կդառնա “խաղաղության” մաս։ Իսկ հայերի վերադարձը կդիտարկվի «հետաձգված պատերազմի» մաս։
Խաղաղությունը իրավունքների և անվտանգության համընդհանուր երաշխիք է։ Եվ այն, ինչ Վաշինգտոնը անվանում է խաղաղություն, պարզապես Հայաստանի բաժանում է և նոր ցեղասպանության նախապատրաստում՝ առանց դիմադրության, «խաղաղություն» քաղցր բառը բերանին։
Փաշինյանը կարող էր իր ելույթի ժամանակ չանդրադառնալ արցախցիների հարցին, բայց Ֆրոյդով՝ նա չի կարող ցույց չտալ արցախցիներին որպես հայաստանցիների ապագայի օրինակ։
Նայեք, բաղձալի խաղաղության համար մենք զոհաբերեցինք Ղարաբաղը և ստացանք 150 հազար հայերի ցեղասպանություն և հողերի օկուպացիա, մենք մեծահոգաբար թույլ տվեցինք Ղարաբաղի հայերին բնակություն հաստատել Հայաստանում, բայց այդպես էլ նրանց որևէ սոցիալական կարգավիճակ չտվեցինք, մեկ տարի ֆինանսապես աջակցեցինք, որպեսզի նրանք չստեղծեն «վրանային քաղաքներ», արցախցիներին վերածեցինք իզգոյների, ովքեր ամեն ինչի մեղավորն են և արժանի չեն ավելի լավ կյանքի: Հիմա մենք նրանց ասում ենք՝ եթե դեռ Հայաստանում եք, դարձեք լիարժեք քաղաքացիներ, մոռացեք վերադառնալու մասին: Մեր խաղաղությունը չի ենթադրում իրավունք և անվտանգություն, այլ հողի բաժանում. խաղաղությունը մեզ, հողերը նրանց: Այս սխեմայում իրավունքի և անվտանգության համար տեղ չկա:
Այս սխեման այժմ կիրառվում է Սյունիքի և մնացած Հայաստանի հանդեպ, որտեղ այլևս չեն սպասում պաշտպանություն այն պետությունից, որը այսպես է վարվել Արցախի և արցախցիների հետ։ Եվ չնայած Կապանի քաղաքապետն ասում է, որ արտագաղթի միտում չի նկատում, և կապանցիները ոչ մի տեղ գնալու մտադրություն չունեն, նա գիտի, որ արցախցիները նույնիսկ չէին մտածում, որ կարող են լքել իրենց հողը, քանի որ կարծում էին, որ գտնվում են ազգային պետության պաշտպանության տակ։ Հիմա բոլորին ասում են, որ ազգային պետություն չկա, որ Հայաստանն այժմ «խաղաղության խաչմերուկ» է, որտեղով կանցնեն ճանապարհներ, խողովակներ, էլեկտրական մալուխներ, և երբեմն Ամերիկայից եկող աստղեր կհայտնվեն ու կուրախացնեն խաչմերուկի աշխատակիցներին։
«Մեր նահատակներին խնկարկելու եւ սրբացնելու, նրանց հիշատակի հետ հարաբերվելու մեր ձեւն անգամ պիտի կաթիլ–կաթիլ, միլիմետր առ միլիմետր փոխվի, որովհետեւ խաղաղությունը պետք է մխիթարի որդեկորույս ծնողներին, այրիացած կանանց, կանանց կորցրած ամուսիններին, ծնող կորցրած զավակներին», – ասում է Փաշինյանը։
Խաղաղությունը կարող է մխիթարել, եթե ծնողներին և այրիներին հնարավորություն տրվի գոնե այցելել իրենց հարազատների գերեզմանները հայրենի հողում, ապրել նրանց կողքին և ասել, որ նրանք ապարդյուն չեն զոհվել։
Փաշինյանի հայտարարությունը, թե «վերադարձը անիրատեսական է», մահվան դատավճիռ է իր ստորագրած խաղաղությանը, դա ռենտգենյան լուսանկար է, որը ցույց է տալիս ոչ թե խաղաղություն, այլ գրավված հողեր, նոր ցեղասպանություն և անհոգի խաչմերուկ։ Ռուս գեներալը օկուպացված Ակնայում ռուս-թուրքական համատեղ հետախուզական կենտրոնի փակմանը թուրք գործընկերոջը ևս զեկուցել է, որ միասին խաղաղություն են բերել Ղարաբաղ։