Օգոստոսի 18-ին տեղի է ունեցել հանդիպում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հետ։ Հանդիպմանը մասնակցել է Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված Լիաննա Պետրոսյանը։
Պետրոսյանը նախարարին ներկայացրել է արցախցի տեղահանվածների կրթական ոլորտի հիմնական խնդիրները։ Քննարկվել են նախադպրոցական, հանրակրթության, միջին մասնագիտական, բուհական և հետբուհական կրթության հետ կապված հարցերը, կորցրած փաստաթղթերի վերականգնման ընթացակարգերը, ինչպես նաև ուսուցիչների զբաղվածության ու ուսանողների սոցիալական ապահովման խնդիրները։
Նրա խոսքով՝ 2023թ․ տեղահանությունից հետո ԿԳՄՍ նախարարությունը իրականացրել է մի շարք ծրագրեր, որոնք միտված են թեթևացնելու տեղահանված ընտանիքների սոցիալական բեռը և լուծելու մանկավարժների զբաղվածության հարցերը։
Լիաննա Պետրոսյանի առաջարկությամբ քննարկվել են նաև մի շարք նախաձեռնություններ․ ուսման վարձի փոխհատուցում տրամադրել 2025-2026 ուսումնական տարում առաջին կուրս ընդունված արցախցի ուսանողներին՝ մինչև տվյալ կրթական մակարդակի ավարտը։ Փոխհատուցում սահմանել նաև այն դեպքում, երբ ուսանողները տեղափոխվում են այլ բուհ կամ փոխում են կրթական ծրագիրը՝ պայմանավորված բնակության վայրի փոփոխությամբ։
Արցախցի ուսուցիչների զբաղվածության ապահովման ծրագիրը երկարաձգել, եթե լրացել է պայմանագրով սահմանված երկու տարվա ժամկետը։
«Նախարարը կարևորեց բարձրացված հարցերը և նշեց, որ դրանցից մի քանիսը պահանջում են լրացուցիչ քննարկում։ Ակնկալվում է, որ արդյունքների հիման վրա կլինեն առարկայական փոփոխություններ»,— հայտնում է Լիաննա Պետրոսյանը։