Ճանապարհային ոստիկանության կողմից մեքենան կանգնեցնելու ժամանակ վարորդները հաճախ կանգնում են խնդրի առաջ՝ արդյո՞ք պարտավոր են բացել բեռնախցիկը կամ սրահի փակ հատվածները։
Փաստաբան Ռոման Երիցյանի խոսքով՝ սա շատ կարևոր հարց է, որի պատասխանը հստակ սահմանված է օրենքով․ «Ավտոմեքենան ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով հավասարեցված է բնակարանին։ Իսկ բնակարանում խուզարկություն իրականացնելու համար անհրաժեշտ է դատարանի որոշում։ Նույնը վերաբերում է մեքենային․ երբ պարեկը պահանջում է բացել բեռնախցիկը կամ ներսի պահատուփը, վարորդը իրավունք ունի ասել՝ չեմ բացում։ Նույնիսկ այն դեպքում, երբ կասկածում են, որ մեքենայում զենք կա, այդ գործողության համար պետք է դատարանի որոշում»։
Փաստաբանը նշում է զննման և խուզարկության տարբերթյունները:
Զննման դեպքում պարեկային ծառայողը կարող է միայն արտաքինից դիտարկել մեքենան՝ օրինակ մգեցված ապակիներ, առկայծող փարոսիկներ և այլ նշաններ։ Խուզարկության դեպքում արդեն միջամտում են սեփականությանը և փորձում են բացել մեքենայի փակ հատվածները։ Առանց դատարանի որոշման դա անթույլատրելի է։
Երիցյանի խոսքով՝ վարորդները հաճախ կատարում են պարեկների բոլոր պահանջները՝ խուսափելու անախորժություններից․ «Շատերը մտածում են, որ եթե չկատարեն պահանջները, հետագայում կարող են թիրախավորվել կամ խտրական վերաբերմունքի արժանանալ։ Երբեմն էլ պարեկները դիմում են ուժի կիրառման կամ նույնիսկ ձերբակալում են վարորդներին»։
Փաստաբանը առանձնացնում է ևս մեկ կարևոր իրավունք՝ տեսաձայնագրելու ազատությունը․ «Ես խորհուրդ եմ տալիս բոլոր վարորդներին նկարել։ Շատ դեպքերում պարեկները հայտարարում են, թե իրավունք չունես նկարել։ Բայց նույնիսկ պարեկային ծառայության մասին օրենքում է գրված, որ նրանք իրավունք չունեն խոչընդոտելու։ Պարեկային ծառայությունը հանրային ծառայություն է, իսկ պարեկները՝ պաշտոնատար անձիք։ Երբ կանգնեցնում են մեքենան, հենց այդ պահից դուք իրավունք ունեք նկարել, որպեսզի հետագայում պաշտպանեք ձեր իրավունքները»։
Ռոման Երիցյանը իր սոցիալական հարթակներում պարբերաբար հրապարակում է տեսանյութեր, որտեղ ցույց է տալիս վարորդներին՝ ինչպես գործել այն իրավիճակներում, երբ պարեկային ծառայողները գերազանցում են իրենց լիազորությունները: