2023-ի սեպտեմբերի 25-ն էր․ Արցախում արդեն սկսված էր տեղահանությունը։ Ասկերանում առավոտից օրն արևոտ էր, երկինքը կապույտ, օրը հանգիստ՝ ասես ոչինչ չէր եղել: Ասես մեկ օր տևած պատերազմը հարյուրավոր կյանքեր չէր խլել: Տղամարդիկ վառելիքի փնտրտուքի մեջ էին, կանայք՝ դողացող ձեռքերով անհրաժեշտ իրերն էին հավաքում՝ ցանկանալով ավելի շատ իրեր տեղավորել ճամպրուկների մեջ։ Չգիտեին՝ ի՞նչ վերցնել, ի՞նչ թողնել․ ախր չէին կարող մի ամբողջ կյանք տեղավորել պայուսակի մեջ։
Ասկերանի կենտրոնում գտնվող բենզալցակայանի մոտ տղամարդկանց հոծ բազմություն էր հավաքվել․ սպասում էին, որ ահա վառելիք կբերեն ու կբաժանեն, սակայն նրանց սպասումները զուր էին։ Քիչ հետո լուր տարածվեց, որ Հայկազովի վառելիքի պահեստում բենզին են տալիս․ մարդիկ շտապեցին այնտեղ։ Երանի այդ լուրը չտարածվեր, մարդիկ չշտապեին այնտեղ ու կուլ չդառնային կրակներին:
Ժամեր հետո ողբի ձայներ էին լսվում Ասկերանում․ այդ օրը ոչ ոք երբեք չի կարող մոռանալ։ Երկինքը դղրդում էր, դույլերով ջուր թափում՝ ասես կամենում էր հանգցնել կրակները, որոնց մեջ մարդիկ էին մոխրանում։ Մարդիկ, որ ընդամենը մի ցանկություն ունեին՝ վառելիք գտնել ու իրենց ընտանիքները փրկել:
Խուճապահար Արցախը հայաթափվում էր, արցախցին բռնել էր գաղթի ճանապարհը՝ հյուծված, կիսասոված, ցավատանջ:
Թվում էր՝ ժամանակը կանգ է առել․ Ստեփանակերտից մինչև Հակարի ճանապարհն ասես հարյուրավոր կիլոմետրեր լիներ։ Մեքենաները 5 րոպե անցնում, կանգնում էին ժամերով, ապա նորից շարժվում ու այդպես շարունակ։ Ցեղասպանվելուց փրկված մարդկանց մտատանջում էր ընդամենը մի միտք՝ կկարողանա՞ն արդյոք անվնաս հատել կամուրջը, կկարողանա՞ն հաղթահարել թշնամու աչքերին մոտիկից նայելու փորձությունը։
Այդ երկա՜ր ու դժոխային Ճանապարհը հաղթահարելու համար մարդիկ անում էին անկարելին․ որտեղի՞ց այդքան ուժ։
Մեքենաները կրկին կանգնեցին․ հասկացանք, որ այս անգամ ավելի երկար ենք սպասելու։ Երեխաներն ուտել էին ուզում։ Դաշուշենից մի կին ասաց, որ ալյուր ունի ու անմիջապես հանձն առավ լավաշ թխելու գործը։ Մինչ արագաշարժ ձեռքերով խմոր կհունցեր, տղամարդիկ արդեն կրակ էին արել ու չգիտես ինչպես հարմարանք ստեղծել լավաշ պատրաստելու համար։ Թարմ լավաշի բույրը տարածվելուն պես մարդիկ սկսեցին հավաքվել կնոջ շուրջը․ բոլորին բաժին հասավ։ Նույն պահին կողքի հանդերում ոչխարների մի մեծ խումբ էր արածում․ աշխարհից անտեղյակ կենդանիները նույնպես պետք է հատեին Հակարին։ Սպիտակաշենցի մի երիտասարդ, թույլտվություն վերցնելով տիրոջից, մի գառ մորթեց ու րոպեներ հետո միսն արդեն խորովվում էր։ Թեև ոչ մեկը խորոված ուտելու տրամադրություն չուներ, սակայն ինչ արած՝ մարդիկ սոված էին, իսկ ճանապարհի վերջը դեռևս չէր երևում։ Ծանոթ ու անծանոթ տղամարդ, կին, երեխա իրար հետ հաց էին կիսում․ բոլորի աչքերում ծանրացած ցավ կար։ Մարտակերտից մի կին անընդհատ լաց էր լինում, ասելով, որ զինծառայող եղբորորդու ճակատագիրը դեռևս անհայտ է, իսկ Ստեփանակերտից մի պապիկ չէր կարողանում համակերպվել, որ անտեր է թողել մինուճար աղջկա գերեզմանը։
Մի մարդ բարձր գոչեց՝ շուտ արե՛ք, նստե՛ք մեքենաները, շարժվում ենք։ Անընդհատ հետ նայելով՝ շարժվեցինք առաջ։
Ստեփանակերտից դուրս գալուց գրեթե 18 ժամ հետո հասանք Հակարի, ու կրկին կանգնեցին մեքենաները։ Զինվորական համազգեստով տասնյակ ադրբեջանցիներ շարք էին կանգնած՝ նորագույն համազգեստներով, զենքերով, անթարթ ու ոչինչ չարտահայտող հայացքներով։ Նրանց դեմքերին նայելն այնքա՜ն ծանր էր։ Թվում էր, թե այդ պահին լսում էին մեր սրտերի արագացած զարկերը, ու դրանից ավելի էր ուժգնանում մեր հոգու ցավը։
Հաջորդեց նրանցից մեկի հրամանը՝ ցույց տվեք փաստաթղթերը, ապա գլուխը խցկեց մեքենայի պատուհանից՝ տեսնելու, թե ովքեր են նստած։ Աշխատելով թաքցնել ձեռքերիս դողը՝ հերթով ցույց էի տալիս ընտանիքիս անդամների անձնագրերը։ Ոչ՛, չէի վախենում, ամենևին։ Պարզապես այդ պահին ամբողջ մարմնով դողում էի վիրավորանքից՝ մեր ժողովրդի խաբված, ստորացված, կոտրված լինելու համար․ ո՞ւմ համար էինք պայքարում, ինչի՞ համար էին զոհվում տղաները, սրա՞նց թողեցինք մեր չքնաղ երկիրը։
Փաստաթղթերը երկար տնտղելուց հետո, լսեցինք՝ կարող եք գնալ, ապա զովացուցիչ ըմպելիք ու քացրավենիք տվեցին մեզ՝ իբր ի նշան “մեծահոգության։ Անձայն ընդունեցինք՝ քիչ հետո շպրտելու համար։ Հետևում մնաց մեր Հայրենիքը՝ որբացած, գերության մեջ․ մեղքի զգացումից սրտիս արագացող տրոփյունն անկարող էի կանգնեցնել։
Քիչ հետո արդեն Հայաստանում էիք․ այդ րոպեները մեր վերջին երկու օրերի ամենահուզիչ պահերն էին․ այլևս անկարող էինք զսպել մեր հույզերը։ Միանգամից փուլ եկանք, երբ վազելով մեքենաներին էին մոտենում հայաստանցի կամավորները և սնունդ ու ջուր առաջարկում մահվան ճիրաններից փրկված արցախցիներիս։ Ասես այդ պահին միայն ուշքի եկանք ու զգացինք, թե ինչ է կատարվել մեզ հետ և ինչ սարսափելի վիճակում ենք հայտնվել։ Իրարամերժ զգացումներով ճանապարհվեցինք դեպի Երևան։
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ