Արցախյան պետհամարանիշներով մեքենա վարելը Հայաստանում գրեթե միշտ ուղեկցվում է ճանապարհային ոստիկանության ուշադրությամբ։
«Երբ վարում եմ արցախյան պետհամարանիշներով մեքենա՝ 10 դեպքից 8-ում այն կանգնեցվում է ճանապարհային ոստիկանության կողմից։ Իսկ եթե ՀՀ պետհամարանիշներով մեքենա վարեմ՝ ընդամենը 10-ից 1 անգամ։ Սա արդեն վիճակագրություն է», – նշում է փաստաբան Ռոման Երիցյանը։
Նրա խոսքով՝ եթե համեմատենք վարչական պատասխանատվության ենթարկվածների թիվը բնակչության թվի հետ, ապա պարզ կդառնա, որ արցախցիները գրեթե ամեն օր կանգնում են վարչական լուրջ հետևանքների առաջ։
«Դա բերում է զրկումների, արգելանքների և այլ սահմանափակումների։ Արդյո՞ք սա թիրախավորում է նշանակում։ Չեմ կարող բացառել, բայց նաև չեմ կարող պնդել, որ հենց թիրախավորված արցախցիներին են կանգնեցնում։ Սակայն վիճակագրությունը հուշում է այդ մասին»,– ընդգծում է Երիցյանը։
Փաստաբանի համոզմամբ՝ այստեղ խնդիր չկա այն բանում, որ արցախցիները չեն տիրապետում երթևեկության կանոններին․ «Եթե համեմատենք, օրինակ, Երևանում տեղի ունեցած վթարները և դրանց մասնակիցների մեջ արցախցիների տոկոսը, ապա պարզ կլինի, որ արցախցիները նորմալ էլ տիրապետում են երթևեկության կանոններին»։
Այնուամենայնիվ, ըստ նրա, ոստիկանության մոտ հաճախ ձևավորվում է կանխակալ մոտեցում․ «Արցախցուն կանգնեցնելու դեպքում առնվազն մտածում են, որ նրա մոտ խնդիր կլինի՝ մեքենան տեխզննում չի անցել, ԱՊՊԱ չունի, կամ հետախուզման մեջ է։ Այդ պարագայում արցախցին դառնում է թիրախ՝ զոհ, ով հաստատ որևէ խնդիր ունենալու է»։
Երիցյանը վստահ է՝ արցախցիները կարգազանց վարորդներ չեն․ «Նրանք շատ լավ հասկանում են, թե 20 հազար դրամանոց տուգանքն ինչ հետևանքների կարող է բերել իրենց ընտանիքի համար։ Եվ հենց այդ գիտակցվածությունից ելնելով՝ առավել խիստ են փորձում խուսափել իրավախախտումից»։
Մարիամ Սարգսյան