ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրող Մարկ Լևինին տված հարցազրույցում կրկին խոսել է Հայաստանի և Ադրբեջանի հետ Վաշինգտոնում կնքված համաձայնությունների և Սպիտակ տանը կայացած հանդիպման մասին:
«Հակամարտությունը տևել էր 34-35 տարի: Ես ծանոթացա առաջնորդների հետ, ապա ասացի՝ ինչո՞ւ եք դուք ընհանրապես կռվում, ես չեմ պատրաստվում ձեզ հետ առևտրի գործարք կնքել, տղե՛րք, եթե դուք կռվելու եք։ Դա խելագարություն է», – պատմել է նա:
Նրա խոսքով՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նույնիսկ Օվալաձև աշխատասենյակում գտնվելիս՝ նախքան համաձայնագրի նախաստորագրումը, «փորձում էին փախչել»՝ անհարմար զգալով, սակայն վերջում գրկախառնվեցին և շնորհավորեցին միմյանց:
«Հաճելի էր դա դիտել», – ասել է Սպիտակ տան ղեկավարը՝ հավելելով, – «Ես սիրում եմ պատերազմներ դադարեցնել»:
Թրամփն ընդգծել է, որ ինքն արդեն իսկ 6 պատերազմ է դադարեցրել, իսկ որոշ նախագահների չի հաջողվում նույնիսկ մեկն ավարտել:
Ի դեպ, ԱՄՆ նախագահը «Ադրբեջան» անունը դժվարացել է արտասանել, իսկ Հայաստանի անգլերեն անվան՝ Armenia-ի փոխարեն ասել է «Ալբանիա»:
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր՝ Փաշինյանն ու Ալիևն արդեն իր լավ ընկերներն են: