«Ինձ չեն հրավիրել հարցաքննության, բայց խոսք է գնում, որ սեպտեմբերին՝ ԱԺ աշնանային նստաշրջանին ինձ եւ Իշխան Սաղաթելյանին անձեռնմխելիությունից պետք է զրկեն, քրեական գործ հարուցեն»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Նա նշեց, որ Հայաստանում բռնապետական ռեժիմ է, Հայաստանի բանտերում տեղ չկա։
Այսօր դատարանում ընթանում է Բագրատ սրբազանի եւ մյուսների գործով դատավարությունը։ «Երկու տարի շարունակ ՀՀ-ում բոլոր ուժային կառույցները հետեւել են Սրբազան շարժման ակտիվ դերակատարների ու առաջնորդների տեղաշարժին ու լսել խոսակցությունները։ Այս ամբողջ երկու տարվա մեջ չեն կարողացել գտնել մի փաստ, վերցրել են մոնտաժված ձայնագրությունները, պոլի փետը, կոշիկի մեխը եւ ճանապարհային եռանկյունի նշան ու դրա վրա փորձել են կառուցել գործը։ Հիշեցնեմ, որ անգամ ՊՊԾ գնդի ժամանակ այդպիսի որակում չի տրվել, որ ահաբեկչություն է նախապատրաստվում։ Մեր հանրությունը պետք է նայի ու տեսնի, թե ինչ ստախոսների, ինչ թրքահպատակ ոչնչությունների հետ գործ ունի։ Այս ամենը, ինչը բերել են ժողովրդի գլխին, հերիք չէ, մի հատ էլ ժողովրդին ապատեղեկացնում են։ Ես ուզում եմ դիմել մեր հայրենակիցներին՝ չհավատաք թրքահպատակ իշխանությունների կեղծ, շինծու մեղադրանքներին։ Սա փուչիկ է, էս գտործը տրաքվելու է»,- նշեց նա։
Գառնիկ Դանիելյանն ասաց, որ ստացվել է այնպես, որ ՀՀ-ում ընդդիմադիր կամ այլախոհ լինելը քրեորեն պատժելի արարք է։ «Հիմա էլ դրան ավելացնում են այն, որ եթե դու Արցախի մասին խոսես, այլ հոդվածներով կդատվես, ռեւանշիստ ես։ Բացի ընդդիմադիր լինելը քրեականացնելը, նաեւ ավելացնում են հոդվածներ՝ պատերազմի մասնակից ես, Արցախի անունը տալիս ես, հոդվածը գնաց»,- նշեց նա։