Լուրեր են տարածվում, որ ՔՊ օդիոզ պատգամավոր Արսեն Թորոսյանը կփոխարինի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին։
“Դոկտոր մահ” անունով կորոնավիրուսի ժամանակվա առողջապահության նախարարը այս վերջին տարիներին իշխանությունների հատուկ կեղտոտ գործերով ամենացինիկ խոսափողի դեր է կատարում, առանձնանալով ընդգծված հակաարցախյան հռետորականությամբ։ Արցախցիները արդեն ասում են, որ Թորոսյանը արցախցիների հանդեպ “սոցիալական կորոնավիրուս” կտարածի՝ կարանտինով և մնացած հետևանքներով հանդերձ։
Արցախցիների հարցը կառավարությունը չի կարողանում փակի, քանի որ ինչքան էլ խոսեն Արցախի հարցի փակման մասին, 150 հազ․ արցախցի իրենց չլուծված քաղաքական, իրավական, սոցիալական խնդիրներով “խոչընդոտ” են թե՝ “խաղաղությանը”, թե՝ հերոսների, արժեքների փոփոխությանը, թե՝ ապագա ընտրություններին։ Ցանկացած մանիպուլյացիա բախվում է արցախցիների լուռ աչքերին և փորձին ու փլուզվում։
Պետք է արագ լուծել արցախցիների հարցը, և ամենալավ ձևը՝ խստացնել սոցիալական վիճակը և մղել արտագաղթի, որոշ մասին թույլ տալով “ինտեգրվել”։
Իշխանությունների կողմից իրականացվող ծրագրերը չեն վկայում այն մասին, որ նրանք ցանկանում են, որ արցախցիները հաստատվեն Հայաստանում, ասել է Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը։ «Պաշտոնական տվյալներով՝ 2020 թվականից ի վեր Հայաստանից հեռացել է մոտ 21 հազար արցախցի», – նշել է նա։
Արցախցիների խնդրին անդրադարձել է նաև Լևոն Տեր-Պետրոսյանը․ “Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում հատկապես, կշտամբանքներով, վիրավորանքներով եւ, երբեմն, գռեհիկ արտահայտություններով է պատասխանում Հայաստանում ապաստան գտած ավելի քան հարյուր հազար արցախցիների արդարացի պահանջներին”, գրել է նա։
Արսեն Թորոսյանը արձագանքեց։ “Մեր միջազգային գործընկերները բարձր են գնահատել Հայաստանի ջանքերը՝ ապշելով, որ մենք ընդունել ենք երկրի բնակչության մոտ 3%-ին հավասար թվով տեղահանվածների, առանց վրանային ճամբարներ հիմնելու, առանց նրանց բաց երկնքի տակ թողնելու”, գրել է Թորոսյանը։
Դեռ 2022-ի դեկտեմբերի 30-ին, երբ Արցախում արդեն բլոկադա էր, իսկ ՀՀ կառավարությունը չեր պահանջում բացել ճանապարհը, որպեսզի Ալիևը չպահանջի “Զանգեզուրի միջանցք”, Արսեն Թորոսյանը ասել է․ “Անկեղծ պետք ա ասեմ, այս ճգնաժամային իրավիճակում ես կարծում եմ, որ Ղարաբաղի իշխանությունները և Ղարաբաղի ժողովուրդը պետք ա փորձեն ամեն դեպքում որևէ տեսակի երկխոսություն ունենալ Ադրբեջանի իշխանությունների հետ՝ նույն ճգնաժամի հանգուցալուծման համար”։
“Ղարաբաղում կա ընտրված իշխանություն, որը ոչ մեկ չի չեղարկել և չի կարող չեղարկել, որովհետև եղել են ազատ, արդար ընտրություններ”, ասել է նա։
Իսկ արդեն 2023-ի հունիսին Արսեն Թորոսյանը ասել է․ «Եթե մեր հայրենակիցների իրավունքներն ու անվտանգությունը չապահովվեն իրենց հայրենիքում խաղաղության համաձայնագրից առաջ կամ հետո, ապա խաղաղություն չի լինի պարզապես»։
Հիմա սիրելի վարչապետը խոսում է խաղաղության մասին, արցախցիների վերադարձի անիրականության, հայտարարելով, որ արցախցիների իրավունքների մասին խոսալը խաղաղության խոչընդոտ կդիտարկվի։ Զուգահեռ արցախցիների ֆինանսական աջակցությունը զրոյացվում է, մարդկանց անկյուն են քշում, որ բացի օրվա հացից այլ բաների մասին չմտածեն։
“Ինչ վերաբերում է ՀՀ քաղաքացիներին, ինչպես գիտեմ ԼՂ-ում ՀՀ քաղաքացիներ չեն ապրում, այլ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիներ են ապրում», ասել էր Թորոսյանը։
Թե ինչ խնդիր կլուծի Արսեն Թորոսյանը նախարարի պաշտոնում նման մոտեցումներով, կարելի միայն կռահել։