Ծառ տնկի, տուն կառուցի, ընտանիք կազմի․ Արցախում ես կարողացա իրականացնել երեքն էլ

  • 11:56 22.08.2025

Արցախից տեղահանված Արման Ավանեսյանի հինգ հոգանոց ընտանիքը հաստատվել է Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում։ Արմանն ու կինը՝ Տաթևը, ուսուցիչներ են։ 2023-ի հոկտեմբերից Արմանն աշխատանքի է անցել Շահումյանի միջնակարգ դպրոցում՝ որպես զինղեկ, իսկ կինը՝ Լուսագյուղի միջնակարգ դպրոցում հայոց լեզու և գրականություն է դասավանդում։

Արցախում Արմանն իր ձեռքերով տուն էր կառուցել շինարարությունը մեծ թափ էր ստացել 2020-ի 44-օրյա պատերազմից հետո, ավարտվել մինչև տեղահանությունը

-Արցախում ապրում էինք Ասկերան քաղաքում։ Ես՝ որպես զինղեկ, աշխատում էի Խնապատի միջնակարգ դպրոցում, իսկ կինս, որ մինչև 2020-ի 44-օրյա պատերազմը վերաբնակեցված Ուղտասար համայնքի դպրոցի հայոց լեզվի և գրկանության ուսուցչուհին էր, համայնքը թշնամու վերահսկողության տակ անցնելուց հետո ևս աշխատանքի է անցել Խնապատի դպրոցում։ Այդ կրթօջախում աշխատած տարիներն ինձ համար ոչ միայն երջանիկ, այլ նաև ուսուցողական տարիներ էին։

Որպես երիտասարդ ընտանիք՝ 2010 թվականին, պետական ծրագրից օգտվելով, Ասկերանի նորակառույց շենքերից մեկում ձեռք ենք բերել բնակարան։ Հետո որոշել եմ իրականացնել իմ վաղեմի երազանքը և իմ ձեռքերով տուն կառուցել։ Հայ ժողովրդի մեջ խոսք կա՝ ծառ տնկի, տուն կառուցի, ընտանիք կազմի․ Արցախում ես կարողացա իրականացնել երեքն էլ։ 2020-ից հետո մեծ թափով շարունակում էի տան կառուցումը։ Մարդիկ մոտենում էին, ասում՝ ինչո՞ւ ես իզուր չարչարվում, միևնույն է, Արցախը հանձնված է։ Ես հակադարձում էի՝ հոգուս խորքում ցավ զգալով մարդկանց մտատանջությունների համար։ Անկախ ամեն ինչից, շարունակում էի կառուցել, քարը քարի վրա դնել և իմ քայլով հույս էի ներշնչում  հարազատներիս, համաքաղաքացիներիս, ցանկանալով ցույց տալ, որ կյանքը շարունակվում է պատերազմի հետևանքով ծվատված, կոտրված Արցախի վրա, և այն հանձնված չէ։ Մինչև վերջին օրը ես աշխատում էի իմ տան վրա, միաժամանակ այգի հիմնում։ Ոչ մի աշխատանքից չէի վախենում։

Դպրոցում աշխատելուս հետ մեկտեղ իրականացնում էի նաև հանդիսավարական ծառայություններ։ Ինձ դուր էր գալիս ուրախացնել մարդկանց, հույս տալ, ոգևորել նրանց։

Արցախի կորուստը ծանր հարված էր Ավանեսյանների ընտանիքի համար, որտեղ դաստիարակվում են երեք երեխաներ։ Արմանի կինը՝ Տաթևը, ով Հայաստանից Արցախ էր տեղափոխվել մանուկ հասակում, իրեն լիարժեք արցախցի է զգում։ Ամուսնու հետ, թիկունք թիկունքի, նրանք ստեղծել, արարել ու մի ակնթարթում կորցրել են ամեն ինչ։ Արմանն ու Տաթևը, սակայն, վստահ են իրենց ուժերի վրա տրամադրված են վճռականորեն։

Արմանի համար ամենակարևորը հավատալն է

-2023-ի սեպտեմբերի 27-ին ընտանիքիս հետ հարկադրված լքեցի իմ օջախը, իմ ծննդավայրը։ Ծանր էր շատ։ Երբ հետևում մնաց Ասկերանի Բերդ-ամրոցը, հոգուս մեջ խոր ցավ զգացի, միանգամից թևաթափ եղա։

Տեղահանվելուց հետո հաստատվեցինք Ջրառատ համայնքում։ Կարճ ժամանակահատվածում ես ու կինս անցանք մանկավարժական աշխատանքի, որովհետև միայն աշխատանքի մեջ կարող էինք մի փոքր կտրվել դաժան իրականությունից։

Լինել ռազմագիտության ուսուցիչ, դա չի նշանակում միայն զենքի ու զինամթերքի հետ կապված ուսուցում տալ։ Ռազմագիտության ուսուցիչը պետք է ռազմահայրենասիրություն սերմանի աշակերտի մեջ։ Ու դա ինձ հաջողվեց անել նաև նոր կրթօջախում։ Դասապրոցեսներն սկսում եմ Գարեգին Նժդեհի խոսքերով՝ խաղաղությունը չեն մուրում, խաղաղությունը պարտադրում են։

Հաճախակի եմ կազմակերպում հանդիպումներ շեֆ զորամասի հետ, անցկացնում հայրենասիրական դասեր, բազմաբնույթ միջոցառումներ։ Երբեք չեմ կորցնում պահը, որ խոսեմ Արցախի, տարիներ շարունակ այնտեղ տարվող պայքարի, հանուն հայրենիքի ընկած հերոսների մասին։ Սերունդներին հասանելի եմ դարձնում Արցախի կարևորությունը, որ այն միշտ հայկական է եղել ու երբեք չպետք է ուրանալ Արցախը։

Իմ կարծիքով Արցախի և ՀՀ դպրոցների միջև տարբերությունը շատ մեծ է՝ ռազմագիտություն առարկայի դերի ու նշանակության առումով։ Կարճ ժամանակահատվածում կարողացա դրսևորել ինձ նոր միջավայրում, իհարկե, կոլեկտիվի օգնությամբ։  Ձևավորեցի թիմ, ու սկսեցինք մասնակցել տարբեր մրցույթների։ Արմավիրի մարզը ներկայացնող մեր թիմը հրաձգության հանրապետական մրցույթում գրավեց 2-րդ տեղը՝ զիջելով միայն Տավուշի թիմին։

Մոտենում է նոր ուսումնականը, որին պատրաստվում եմ նոր եռանդով, կրկնապատկված պատասխանատվությամբ, նույն սկզբունքներով։ Կարծում եմ, որ յուրաքանչյուր գիտակից հայ պիտի անի ամեն ինչ, որ սերունդներն իմանան Արցախի մասին, հասկանան հայկական լինելու նրա կարևորությունն ու դաստիարակվեն այդ ոգով։ Միշտ պետք է հիշենք Մեծն Շիրազի խոսքերը՝ <<Այն ինչ մերն է եղել, մերը կլինի>>։

Ինչպես Արցախում, Հայաստանում ևս Արմանը հանդիսավարական ծառայություններ է իրականացնում։

 -Շարունակում եմ հանդիսավարական ծառայություններ մատուցել Երևանում և Հայաստանի տարբեր բնակավայրերում, ինչի համար շնորհակալ եմ ինձ վստահողներին։ Ցանկացած միջոցառման ժամանակ ես պահը բաց չեմ թողնում կրկին խոսելու Ացախի մասին՝ հարգանքի տուրք մատուցելով զոհվածների հիշատակին։ Իհարկե, Հայաստանում ամեն ինչ տարբերվում է Արցախից, դժվարություններ շատ կան, սակայն դրանք պետք է հաղթահարել, որ կարողանաս ապրել ու առաջ գնալ։ Հաճախակի եմ համեմատականներ անցկացնում․ անգամ արևածագն ու մայրամուտը տարբեր են։

Երբ միջոցառումներ եմ վարում, որոնց մասնակիցների մեծ մասն արցախցիներ են լինում, Արցախի բարբառով մեջբերումներ եմ անում, մարդիկ մոտենում են ու խնդրում հանդիսությունները վարել մեր բարբառով։ Նրանց աչքերում այնքան ոգևորություն ու միաժամանակ կարոտ եմ տեսնում, որ ինքս ավելի շատ եմ ոգևորովում։ Միջոցառումների ժամանակ արցախյան բարբառով ասված ամեն մի խոսք ապրեցնում է յուրաքանչյուրին, տանում դեպի Արցախ։

Հորդորում եմ արցախցի հանդիսավարներին շատ օգտագործել մեր բարբառը, որ երբեք չմոռացվի այն, իսկ միջոցառումներն սկսել՝ պարավըք եկալ խոսքերով։

Արմանի ընտանիքը մտադիր է մշտապես հաստատվել Հայաստանում, օգտվել բնակարանային ծրագրից

 -Ուզում ենք օգտվել բնակարանային ծրագրից։ Իհարկե, մեր ընտանիքի համար նախատեսված գումարը բավարար չէ պատշաճ պայմաններով բնակարան ձեռք բերելու համար։ Տների գներն օրեցօր ավելի են բարձրանում, ինչն էլ մեծ խնդիր է դառնում մարդկանց համար։ Մեր ընտանիքն առանց հիփոթեքային վարկավորման չի կարող բնակարան ձեռք բերել։ Այժմ այդ գործընթացի մեջ ենք։ Ոչ մի պարագայում չենք հեռանալու Հայաստանից։ Ավելին ասեմ, երբ լսում եմ, որ որևէ արցախցի ընտանիք ստիպված լքում է երկիրը, մեծ ցավ եմ ապրում։ Կարծես թե մարում է վերադարձի հույսը, սակայն ես փորձում եմ իմ մեջ հավատալու ուժ գտնել, հուսալ, որ հավաքական վերադարձ լինելու է։ Աշխատում ենք օրուգիշեր, որ ունենանք հզոր Հայաստան, միայն այդ դեպքում կունենանք անվտանգ երկիր։

Ցանկանում եմ շնորհակալություն ասել հայաստանցի մեր այն հասարակ հայրենակիցներին, ովքեր շատ սրտացավ են արցախահայության հանդեպ, օգնում են, որ կարողանանք գտնել մեր տեղն այստեղ ու չմտածենք արտագաղթի մասին։

Հաճախ հարց է տրվում՝ հարմարվե՞լ եք արդյոք։ Ո՛չ, հնարավոր չէ հարմարվել։ Ինչպես կարող ենք հարմարվել հայրենիքի կորստի հետ։ Երբ մարդ մի բաժակ կամ մի ափսե է կորցնում, ափսոսանք է ապրում, հիշում, թե որտեղից է ձեռք բերել այն, կամ ով է նվիրել։ Իսկ ինչպես կարող է հարմարվել տուն ու տեղ, հայրենիք կորցրած մարդը։ Ուղղակի մենք փորձում ենք վերստին ստեղծել, որովհետև մեր երեխաները ոչ մի բանի համար մեղավոր չեն։ Նրանք պետք է լիարժեք ապրեն, իսկ դրա համար օրուգիշեր աշխատել է պետք։

Ինձ և ինձ նման մտածելակերպ ունեցող մարդկանց համար Արցախի թեման փակված չէ։ Ես չեմ հասկանում ու չեմ ընդունում այն մարդկանց, ովքեր պնդում են, որ Արցախի թեման փակված է, ու արդեն կարող են հանգիստ ապրել։

Եթե մի գեղեցիկ օր իմ առջև պահանջ դնեն, ասելով՝ կամ պիտի չխոսես Արցախի մասին, կամ աշխատանքից ազատման դիմում ներկայացնես, ես անվարան կընդունեմ երկրորդ տարբերակը։

Իմ հայրենակիցներին ասում եմ՝ լոխ լյավա ինյան, պիտի տեմ կենանք, վեր տոն քինանք։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ