«Երբ Փաշինյանն Արցախի ինքնորոշման իրավունքը մերժող հայտարարություններ արեց, ինքը խախտեց Սահմանադրությունը»

  • 13:48 22.08.2025

Օգոստոսի 23-ը Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրի ընդունման օրն է։ Այսօր Բաքուն պահանջ է դնում, եւ Հայաստանի կառավարությունը չի բացառում, որ Անկախությանն հռչակարգի հղումը պետք է հեռացվի ՀՀ Սահմանադրությունից՝ նկատի առնելով առաջին հերթին 1989 թ դեկտեմբերի 1-ի՝ Հայաստանի եւ Արցախի վերամիավորման մասին որոշումը։ Ի՞նչ հետևանքների սա կունենա Հայաստանի համար։ Այս հարցի շուրջ step1.am-ը զրուցել է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի հետ։

Հայրիկյանը նկատում է՝ Հայաստանի իշխանությունները ոչ թե գնում են Ադրբեջանի այս պահանջը կատարելու ճանապարհով, այլ արդեն գնացել են։ «Այն պահից, երբ Նիկոլ Փաշինյանն Արցախի ինքնորոշման իրավունքը մերժող հայտարարություններ արեց, ինքը խախտեց Սահմանադրությունը։ Դա գործող Սահմանադրության խախտում է, դա ծանր հանցագործություն է։ Եվ դրա համար է, որ ես հանդես եմ եկել լուրջ նախաձեռնությամբ, եւ կարծում եմ, որ այս անգամ դա բավականին լավ արձագանք կստանա»,- նշեց նա։

Ըստ Հայրիկյանի՝ դրա հետեւանքներն այսօր արդեն առկա են, մենք տեսնում ենք, թե ինչպես է փորձ արվում բարոյապես ոչնչացնել մի ամբողջ ժողովրդի։ «Եվ հենց սա է հիմնական պատճառը, որ իրենք երբեք չխոսեցին այն մասին, որ Ալիեւը դիկտատոր է։ Ինչպե՞ս կարող է իրեն դեմոկրատ ներկայացնող մարդը հակասության մեջ լինել բռնապետի հետ եւ երբեւէ չասել՝ գիտե՞ք, նրա մոտեցումները բռնապետական են։ Դա ցույց է տալիս, որ իր համար բռնապետությունը ողջունելի երեւույթ է։ Եվ քաղաքակիրթ աշխարհն էլ այդ տեսանկյունից է նայում՝ երկու բռնապետություններ իրար հետ կռվում են, ով ուժեղ է, թող նա էլ հաղթի»,- ասաց Պարույր Հայրիկյանը։

«Մենք օգոստոսի 23-ը պատշաճ կնշենք Հայրիկյանի առաձնատանը՝ ապագա ժողովրդավարության եւ անկախության թանգարանի տարածքում»,- ասաց նա։

Պարույր Հայրիկյանը շարժում է սկսել, նա մանրամասնեց, թե ինչ նպատակ են հետապնդում իր այդ գործողությունները։ «Այնպես չէ, որ միայն սահմանադրական օրենքը խախտելու հարցով եմ այս շարժումն սկսում, այլ նաեւ Արցախի նկատմամբ քամահրական վերաբերմունքի, գերիների եւ այլն, այդ բոլոր հարցրեը միասին են»,- ասաց նա։

Հայրիկյանի խոսքով՝ «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի համաձայն՝ կուսակցությունների կողմից ուղարկված անհատական եւ կոլեկտիվ դիմումները պետք է անպայման քննարկվեն պետական կառույցների կողմից։ «Նիկոլ Փաշինյանը 4, նույնիսկ 5 անգամ մեզանից եւ Ազատ հայրենիք կուսակցությունների դաշինքիցն սահմանադրական նախագիծ ու հայեցակարգ է ուզել եւ չի քննարկել։ Դա նշանակում է խախտել սահմանադրական օրենքը։ Երբ դու սահմանադրական օրենք ես խախտում, եւ դա ունի նյութական հետեւանքներ՝ մոտ 400 մլն կամ ավելի դրամ ծախսվել է այս ոչ բարով գործած սահմանադրական հանձնաժողովների աշխատողներին վճարելու  եւ այլ կարիքների համար, եւ գործը չի արվել, սա ունեցել է ծանր հետեւանքներ։ Չի կարելի ասել, թե դա անփութության հետեւանքով է տեղի ունեցել, որովհետեւ մեկ անգամ չէ։ Ուրեմն, տեղի է ունեցել իշխանության չարաշհմամբ։ Եվ ես կոչ եմ հրապարակել իմ ֆեյսբուքյան էջում ու կոչ եմ անում բոլոր քաղաքացիներին աջակցել այդ հարցում։

Առայժմ աջակցույթունը միայն դիմումների, հեռախոսազանգերի կամ անմիջական այցելությունների միջոցով կարող է լինել։ Հետո արդեն ես առաջիկա մի քանի օրերին դիմելու եմ Ազգային անվտանգության ծառայությանը եւ Ներքին գործերի նախարարությանը, որպեսզի իրենք Գլխավոր դատախազի եւ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի նկատմամբ օրենքով նախատեսված քայլեր ձեռնարկեն, որովհետեւ իրենք պարտակում են եւ դրանով հովանավորում են կոռուպցիոն հանցագործությունը»,- նշեց Պարույր Հայրիկյանը։

Նա ասաց, որ սա համազգային կարեւորության նախաձեռնություն է, եւ ինքը հանդես է գալիս ոչ թե որպես ԱԻՄ եւ անկախության պայքարի առաջնորդ, այլ հանդես է գալիս որպես 1991 թվականին անկախ ու ժողովրդավար Հայաստանի գաղափարի հեղինակ, որին ձայն էր տվել 2 մլն 400 հազար քաղաքացի։

Ռոզա Հովհաննիսյան