Արցախցի Էդուարդ Հակոբյանի ընտանիքը օգոստոսի 25-ին կհայտնվի փողոցում՝ բնակարանի վարձը չվճարելու պատճառով։ Էդուարդի ընտանիքը մեկն է արցախցի այն բազմաթիվ ընտանիքներից, որ ՀՀ կառավարության քաղաքականության հետեւանքով հայտնվել է սոցիալական դժվարին իրավիճակում։ Կառավարության կողմից արցախցիների սոցիալական աջակցության ծրագի էական կրճատման հետեւանքով արցախցի շատ ընտանիքներ կանգնել են բնակարանի վարձի վճարման խնդրի առաջ։
Ստեփանակերտից բռնի տեղահանված Էդուարդ Հակոբյանը արցախյան 4 պատերազմների մասնակից է, 4 հոգանոց ընտանիքը՝ ինքը, կինը եւ երկու դուստրերը բնակարան են վարձակալել Երեւանում՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։ Երեւանում են տեղավորվել, քանի որ ասում են՝ մարզերում աշխատանք չեն կարողացել գտնել, Երեւանում գոնե աշխատանք գտնելու հույս են ունեցել։ Բայց ստացվել է այնպես, որ մշտական աշխատանք գտել է միայն Հակոբյանի դուստրը, որը բուժքույր է աշխատում Երեւանի բուժհիմնարկներից մեկում՝ ընդամենը 60 հազար դրամ աշխատավարձով։
«Ամսի 25-ին՝ երկուշաբթի առավոտյան մենք պետք է այս տունն ազատենք, պատճառն այն է, որ չենք կարողացել տան վարձը վճարել։ Այդ չվճարելու պատճառն էլ այն է, որ 4 հոգուց բաղկացած ընտանիքում աշխատում է մի հոգի, որի աշխատվարձը 60 հազար է։ Իսկ մեզ հասանելիք գումարի համար էլ իրենց նոր ծրագրով հայտը լրացրել ենք, երկու անգամ մերժել են, հունիս-հուլիս ամսվա նպաստները չենք ստացել, դրա համար չենք կարողացել օգոստոս ամսվա տան վարձը վճարել։ Հիմա ամսի 25-ին ես իմ վեշերը հանում դնում եմ դուրսը, նստեմ կողքը, դառնում եմ կրկնակի տեղանահանված բոմժ իմ հայրենիքում»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ այս տարվա հունիսի մեկից կառավարությունն էապես կրճատել է արցախցիների բնակվարձի աջակցության սոցիալական ծրագիրը, նախ 40+10 հազար աջակցությունը դարձավ 40 հազար, եւ հունիսի մեկից արդեն ծրագրից օգտվելու իրավունք ունեն միայն մոտ 3000 արցախցի ընտանիքներ՝ անչափահաս ու ուսանող ունեցող ընտանիքները, թոշակառուները, կերակրողին կորցրածները, առաջին եւ երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցողները։
Հակոբյանների ընտանիքը դիմել է սոցիալական աջակցության նոր ծրագրի շահառու դառնալու համար։ Այս ծրագրում նրանց ընտանիքը համապատասխանում է այն դրույթին, համաձայն որի՝ «մեկ շնչի հաշվով ամսական 55 000 դրամից քիչ եկամուտ ունեցող ընտանիքները անապահովության նպաստ կստանան ընտանիքի մի անդամի հաշվով 40 000-ական, մյուսները՝ 10 000-ական դրամ»։ Բայց, ասում են, հայտը լրացրել են եւ երկու անգամ մերժվել։ Թե ինչո՞ւ են մերժվել, Միասնական սոցիալական ծառայությունում չեն կարողանում պարզաբանել։ «Ոչ սեփականություն ունենք, ոչ մեքենա ունենք, ոչ էլ մեկ շնչին բաժին ընկնող եկամուտը հասնում է 55 հազարի, եթե 60 հազար դրամը 4 հոգու վրա ես բաժանում, դառնում է մարդա 15 հազար դրամ։ Ես ոչ ողորմություն եմ խնդրում, ոչ էլ ավել բան, այն, ինչը պետականորեն կառավարությունը որոշել է, գոնե ինձ տրամադրի, որ կարողանամ գոյատեւել։ Բայց սոցիալական ծառայությունում մեզ ասում են՝ կոմպյուտերը ձեզ չի կարողանում գտնել»,- ասաց նա։
Հակոբյանը մանրամասնեց, որ երբ եկել են Հայաստան, Գորիսում իրենց գրանցել են, ուղրակել են Ծաղկահովիտ գյուղ․ «Սկզբում այդ գյուղում ենք գրանցվել, այնտեղից գնացել ենք Գավառ, բայց աշխատանք չենք կարողացել գտնել։ Գավառում գրանցումից դուրս չենք եկել, տեղափոխվել ենք Երեւան՝ զուտ գործի համար։ Բայց ընտանիքից միայն միջնեկ աղջիկս է աշխատանք ճարել»։
Տան տիրոջից դժգոհ չեն Հակոբյանները, Էդուարդ Հակոբյանն ասում է, որ տան տերը բարեհոգի է, միշտ իրենց ընդառաջել է, բայց այլեւս չի կարող սպասել։ Ընդհանուր 167 հազար դրամ են պարտք տան տիրոջը, պլյուս կոմունալները։
Էդուարդ Հակոբյանը նշում է, որ ինքն ու կինը առողջական խնդիրներ ունեն, ծանր աշխատանք չեն կարող անել, բայց ուզում է աշխատել՝ գոնե պահակի մի գործ լիներ, կարողանար ընտանիքի ծախսերը հոգալ։ «Հիմա իմ առաջ՝ որպես տան տղամարդ, լուրջ խնդիր է դրված։ Ես պիտի կարողանամ այդ 167 հազարը վճարեմ այդ կնոջը, պլյուս կոմունալը, դրանից հետո իմ ձեռքին փող պետք է լինի, ես չեմ իմանում՝ քանի գիշեր դրսում կմնամ իմ ընտանիքով, մինչեւ մի տուն կճարեմ, էդ փողն էլ պիտի ձեռքիդ լինի, որ տամ տան տիրջոը, չհաշված բրոքերի ու դեպոզիտի փողը։ Եքա փող է, որ ես մտնեմ, մի կրիշի տակ իմ ընտանիքը տեղավորեմ»,- ասաց նա։
Անդրադառնալով հարցին, թե կառավարության բանակապահովան ծրագրից մտադի՞ր չեն օգտվել, Էդուարդ Հակոբյանը պատասխանեց, որ բացի իր ծննդականից, ընտանիքի մյուս անդամների ծննդականները մնացել են Ստեփանակերտում, չեն հասցրել վերցնել։ Պետք է ծննդականները վերականգնեն, որպեսզի կարողանան դիմել ՀՀ քաղաքացիության համար․ «էդ ծննդական վերականգնելն էլ է սաղ փողով, էդ փողն էլ չկա»։
Մեզ հետ զրույցում Էդուարդ Հակոբյանը նաեւ ասաց․ «Ինձ սերտիֆիկատ պետք չէ, ես Ստեփանակերտում 2 սենյականոց տուն ունեի, սեփականության վկայականն էլ ձեռքիս է, թող իմ տունը տան, ես չեմ իմ տունը վաճառել թուրքին»։