Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպը հրաժարական է տվել՝ Գազայի հատվածում Իսրայելի ռազմական հարձակման պատճառով Իսրայելի դեմ լրացուցիչ պատժամիջոցների վերաբերյալ կառավարության աջակցությունը չապահովելուց հետո։
Աջ կենտրոնամետ «Նոր սոցիալական պայմանագիր» կուսակցության անդամ Վելդկամպը ուրբաթ օրը հայտարարել է, որ իրեն չի հաջողվել համաձայնության գալ «էական սանկցիաների» վերաբերյալ և նա բազմիցս հանդիպել է գործընկերների դիմադրությանը՝ արդեն իսկ գործող պատժամիջոցների վերաբերյալ։
Հուլիսի վերջին Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրը և ֆինանսների նախարար Բեզալել Սմոտրիչը Նիդեռլանդներում հայտարարվել են անցանկալի անձ՝ մեղադրվելով պաղեստինցիների դեմ բազմիցս բռնություն հրահրելու մեջ։
Միևնույն ժամանակ, Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը աշխատանքից ազատեց ԱՄՆ Պաշտպանության հետախուզական գործակալության (DIA) տնօրեն, գեներալ-լեյտենանտ Ջեֆրի Քրուզին: Գործակալությունը, ըստ որոշ տեղեկությունների, նախնական գնահատական է տվել հունիսին Իրանի միջուկային օբյեկտներին հասցված ամերիկյան հարվածների արդյունքներին, նշելով, որ վնասը այդքան էլ էական չէ: Թրամփը պնդում էր, որ Թեհրանի միջուկային ներուժը ոչնչացվել է, և Հեգսեթը նույնն էր ասում։
Նրանք, ովքեր կասկածում են Իսրայելի գործողությունների իրավասությանը, մեկուսացվում են Արևմուտքում: Մինչդեռ, Իրանի դեմ ագրեսիայից հետո, որը ոչ ոք չի դատապարտել, Իսրայելը սկսել է պաղեստինյան Գազայի լիակատար ոչնչացումը։
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը ուրբաթ օրը հայտարարել է, որ Գազա քաղաքը կոչնչացվի, եթե Համասը չհամաձայնվի զինաթափվել և ազատ արձակել բոլոր պատանդներին: Մեկ օր առաջ Իսրայելի պաշտպանության բանակը սկսել է «Գեդեոնի կառքերը» ցամաքային գործողության երկրորդ փուլը, որի նպատակն է լիակատար վերահսկողություն հաստատել այդ հատվածի մայրաքաղաքի նկատմամբ:
Իսրայելի կաբինետը հաստատել է Գազա քաղաքի վրա զանգվածային հարձակման ծրագրերը՝ չնայած միջազգային ճնշմանը, որը սահմանափակվել է մի շարք հայտարարություններով։
Իսրայելի տվյալներով՝ Համասը դեռևս 50 պատանդ է պահում, և նրանցից միայն 20-ն են ողջ։ 60-օրյա հրադադարի առաջարկը հստակ չի նշում, թե Համասը պետք է Իսրայելին վերադարձնի կենդանի, թե՞ մահացած պատանդներին։