Լուկաշենկոն կրկին “արտահոսել” է. որքա՞ն արժի “Զանգեզուրի միջանցքը”

  • 10:14 23.08.2025

Ես նրան (ԱՄՆ նախագահ Թրամփին – խմբ.) շնորհավորեցի Հայաստանի և Ադրբեջանի (խաղաղության համաձայնագրի նախաստորագրման – խմբ.) կապակցությամբ,  հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

«Եվ ես գիտեմ, թե ինչ է այս Զանգեզուրի միջանցքը։ Շատ անհրաժեշտ էր կապվել Ադրբեջանի հետ։ Նրանք ասացին, որ կլինեն այս ամենի տերերը և կվերահսկեն այն։ Սա հիանալի բան է։ Իհարկե, իրանցիներին դա իրականում (դուր չի գալիս – խմբ.), (քանի որ) այն գտնվում է Իրանի հետ սահմանին։ Բայց ոչ ոք չի կարողանա դիմադրել դրան։ Սա խաղաղության համաձայնագիր է, նրանք կօգնեն կառուցել այս միջանցքը Հայաստանի տարածքով, Ադրբեջանը կկապվի իր տարածաշրջանի հետ ոչ միայն օդային ճանապարհով։ Նա արժանի է, և ես շնորհավորեցի նրան (Թրամփին – խմբ.)», – նշեց Լուկաշենկոն։

Հիշեցնենք, որ հենց երեկ Իրանի նախագահը, Հայաստան կատարած այցից հետո, մեկնեց Բելառուս, որտեղ, ըստ երևույթին, Լուկաշենկոն խորհուրդ տվեց նրան չխառնվել Թրամփի գործերին։ Հիմա Պուտինը և Լուկաշենկոն Թրամփի լավագույն ընկերներն են և կպաշտպանեն նրա բոլոր որոշումները։

Հիշեցնենք նաև, որ Լուկաշենկոն իր ժամանակին արտահոսք է թույլ տվել, ասելով, որ Ալիևը, իբր, Սերժ Սարգսյանին առաջարկել է 5 միլիարդ դոլար՝ Ղարաբաղը զիջելու համար, բայց նա չի համաձայնվել։ Հետագայում նա կրկին վերադարձել է այս թեմային՝ ակնարկելով, որ Փաշինյանը համաձայնվել է, բայց չի նշել գումարը։

Լուկաշենկոն չի նշում նաև «Զանգեզուրի միջանցքի» գինը՝ ըստ երևույթին, Փաշինյանին չվնասելու համար։

Հիշեցնենք, որ մայիսի 9-ին Մոսկվայում Լուկաշենկոն երկար խոսեց Փաշինյանի հետ՝ ըստ երևույթին համոզելով նրան, որ «Զանգեզուրի միջանցքից» պետք է հրաժարվել։ Կամ էլ Փաշինյանն էլ Լուկաշենկոյին համոզում։

Մինչդեռ Ուկրաինան արձագանքեց ռուս-բելառուսական «Արևմուտք-2025» զորավարժություններին, որոնք տեղի կունենան սեպտեմբերին։ Ուկրաինայի ԱԳՆ հայտարարության մեջ ասվում է, որ 2021-2022 թվականներին, ռուս-բելառուսական զորավարժությունների քողի տակ, օկուպանտները զորքեր են կուտակել Բելարուսում՝  Ուկրաինայի սահմանի մոտ, որոնք այնուհետև ներխուժել են Ուկրաինա։ Արտաքին գործերի նախարարությունը զգուշացրել է Մինսկին սադրանքի չդիմեն։

Ինչպես երևում է՝ Թրամփ-Պուտին-Լուկաշենկո եռյակը ամեն ինչ որոշել է ուկրաինական տարածքի բռնակցման վերաբերյալ, ինչպես որոշել է Հայաստանի հարավի բռնակցման վերաբերյալ։ Պարզապես այս անգամ “փայի մեջ” ոչ թե Փաշինյանն է, այլ Ալիևը։