Համաշխարհային մամուլը լծվել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» գովազդին, խելոք դեմքով քննարկելով, թե որքան օգուտներ կբերի այն աշխարհին, ենթադրաբար՝ Ռուսաստանին և Իրանին ինադու։ Հայաստանի հարավի և հայ-իրանական սահմանի փաստացի անեքսիան գովաբանում են ինչպես իր կյանքն ապրած մի կույս աղջկա, որին բոլորը պարզապես փորձում են դիպչել։
Բազմափորձ լրագրողները ներկայացնում են որոշ թվեր, հեռանկարներ՝ առանց որևէ բան ասելու Հայաստանի համար օգուտների և այն մասին, թե ինչպես մինչև հիմա ոչ ոք չի մտածել համաշխարհային առևտուրը փրկող միջանցքը բացելու մասին։
Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային միջանցքը, որը կառավարելու է ԱՄՆ-ը, կարող է դառնալ Չինաստանի և Եվրոպայի միջև առևտրային ուղու մի մասը, եթե Վաշինգտոնը չսահմանափակի դրա օգտագործումը, գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով անանուն թուրք պաշտոնյաների։
Վաշինգտոնի դիրքորոշումից է կախված, թե արդյոք խոշոր արտահանողները, այդ թվում՝ Չինաստանը, կկարողանան օգտվել առևտրային ուղուց։
Forbes ամսագրի տվյալներով՝ TRIPP-ը «կլինի Կենտրոնական Ասիայի երկրներից Կովկասով դեպի Թուրքիա և դրանից այն կողմ՝ աշխարհ տանող երթուղի, որն արդյունավետորեն կվերակենդանացնի հին Մետաքսի ճանապարհը, ինչը նշանակում է, որ հնարավոր է շրջանցել և՛ Ռուսաստանը, և՛ Իրանը»։
The Washington Diplomat-ը, վկայակոչելով Վաշինգտոնում բնակվող ադրբեջանցի լրագրող Ալեքս Ռաուֆօղլուին, ասում է, որ «չնայած առաջնորդների ակնհայտ հանձնառությանը՝ երկարաժամկետ խաղաղությունը բարդ հարց է: Այն պահանջում է հանրային համաձայնություն և այնպիսի խոչընդոտների հաղթահարում, ինչպիսիք են սահմանադրական հնարավոր փոփոխությունները և հանրային լայն աջակցության անհրաժեշտությունը»:
Energy Intelligence-ը գրում է, որ որոշ վերլուծաբաններ կասկածի տակ են դնում նոր խոշոր նախագծի առևտրային կենսունակությունը՝ հաշվի առնելով Վրաստանի տարածքով անցնող առևտրային և էներգետիկ ուղիները, այդ թվում՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը։
Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Ռոբերտ Սեկուտան ասել է, որ, վերջին հաշվով, ադրբեջանական նավթի և գազի մատակարարումները Հայաստան կապահովեն Երևանին այլընտրանք Ռուսաստանի մենաշնորհին Հայաստանի էներգամատակարարման հարցում։ «Էներգետիկ հետևանքները կախված կլինեն ոչ այքան Ադրբեջանից, որքան դրանից, ինչ հնարավոր կլինի անել արևելքում», – ասել է նա։
Բաքուն և Անկարան ավելի բարձրաձայն են փորձում ձևացնել, թե ամեն ինչ վերահսկողության տակ է։ Նրանք հայտարարում են դեպի Հայաստանի սահմաններ նոր երկաթուղիների կառուցման մասին՝ վստահ լինելով, որ շինարարությունը շուտով կսկսվի նաև Հայաստանում։
«Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի կառուցմամբ մենք ձեռնարկում ենք Զանգեզուրի միջանցքի իրականացման ամենահստակ քայլերից մեկը, որը կարևոր է ոչ միայն Թուրքիայի, այլև ամբողջ Հարավային Կովկասի և Եվրասիայի համար», – հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։ Ասում են, 224 կիլոմետր երկարությամբ երկաթգիծը, որը Թուրքիան կկապի Ադրբեջանի հետ՝ Նախիջևանով, նախատեսվում է շահագործման հանձնել 2029 թվականին:
«Ադրբեջանի երկաթուղիներ» ՓԲԸ-ն աջակցում է Ադրբեջանի վերածմանը այդ միջանցքների հիմնական տարանցիկ օղակի՝ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային գծի, Բաքվի միջազգային ծովային նավահանգստի, Աստարայի տերմինալի և ընդլայնվող վագոնների նավատորմի միջոցով։
Ներկայումս ինտենսիվ աշխատանքներ են տարվում Հորադիզ-Աղբենդ երկաթուղային գծի, որը Զանգեզուրի միջանցքի հիմնական տարրերից մեկն է, մինչև Հայաստանի Հանրապետության հետ պետական սահմանը, գրում են Բաքվի թերթերը։ Այս 110.4 կմ երկարությամբ գիծը կմիանա TRIPP-ին Աղբենդ բնակավայրում։
Մինչդեռ, ոչ ոք, այդ թվում՝ Հայաստանի կառավարությունը, չի պատասխանում մի քանի հարցերի.
1. Ե՞րբ կբացվի միջանցքը և արդյոք այն ընդհանրապես կբացվի՝ հաշվի առնելով առկա հակասությունները։
2. Ինչպե՞ս է իրականացվելու Իրանի և Հայաստանի միջև առևտուրը։
3. Ինչո՞ւ է անհրաժեշտ նոր Թուրքիա-Եվրոպա երկաթուղի, եթե կա Կարս-Թբիլիսի-Բաքու ճանապարհ, որը գործնականում չի գործում։
4. Ինչո՞ւ է անհրաժեշտ է նոր խողովակաշար Կասպից ծովից դեպի Սև ծով, եթե կա գազատար և Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատար։
5. Ինչպե՞ս է Բաքուն լցնելու նոր խողովակաշարերը, եթե հնարավոր չլինի կառուցել Տրանսկասպյան խողովակաշարը, որը թույլ կտա ստանալ Կենտրոնական Ասիայի էներգետիկ ռեսուրսներ։
6. Ի՞նչ կփոխվի դրանից աշխարհաքաղաքականության մեջ, բացի Հայաստանի հարավի անեքսիայից։
Այս պարզ հարցերին պատասխաններ չկան, և անկողմնակալ փորձագետները, հիմնվելով դրա վրա, ասում են, որ ոչ մի միջանցք չի լինի, այն ոչ մեկին պետք չէ, դա մեծ բլռդ է, և ամեն ինչ պարզապես կավարտվի Հայաստանի հարավի անեքսիայով, իսկ լավագույն դեպքում՝ Նիկոլ Փաշինյանի վերընտրությամբ և Երրորդ Հանրապետության լուծարմամբ։ Այ դա բոլորի ցանկությունն է։