ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմում պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով տեղակալի պաշտոնը զբաղեցրած Ջիմ (Ջեյմս) Օ՛Բրայենը հոդված է հրապարակել, որտեղ կարևոր շեշտադրումներ է արել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած Փաշինյան-Թրամփ-Ալիև պայմանավորվածությունների վերաբերյալ։ ԱՄՆ-ում իրավիճակն, անկասկած, ավելի լայն են գնահատում, քան Հայաստանում։
Նա նշում է, որ համաձայնագրի կենտրոնական տարրը Հայաստանի համաձայնությունն է իր տարածքի 43 կմ բացմանը Ամերիկայի կողմից կառավարվող միջանցքի համար, որը կապում է Ադրբեջանը Նախիջևանի հետ: Նպատակն այն է, որ պաշտոնապես անվանված «Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի միջանցքը» (TRIPP) դառնա Կենտրոնական Ասիայից Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի միջով դեպի համաշխարհային շուկաներ տանող խոշոր առևտրային երթուղու մի մասը։
Բայց դա կարող է իրականություն չդառնալ։
Նախ, ըստ նրա, առնվազն մեկ տարի վերջնական համաձայնագիր չի լինի, քանի որ Ադրբեջանը պնդում է, որ “Հայաստանն իր Սահմանադրությունից հեռացնի ցանկացած հղում այն ժամանակաշրջաններին, երբ Հայաստանը կառավարել է Ադրբեջանի որոշ հատվածներ, այդ թվում՝ պատմականորեն էթնիկ հայերով բնակեցված տարածքները: Հայաստանի Սահմանադրության մեջ որևէ փոփոխություն տեղի չի ունենա մինչև հաջորդ տարվա ընտրությունները, որոնք այժմ ստվերում կմնան հենց այս հարցի պատճառով”, ընդգծում է Օ՛Բրայենը։
Փաստորեն, ամերիկացի դիվանագերը կասկածում է, որ նման “խաղաղության” պայմաններում Փաշինյանին կհաջողվի կրկին հաղթել։
ԵՄ-ն պետք է մեծացնի Հայաստանին տրամադրվող օգնությունն ու ներդրումները, հատկապես այն պատճառով, որ ԱՄՆ-ն ուշադրությունը շեղում է Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի վարչապետին ակտիվորեն աջակցելուց կամ նրա երկրում ազատ և արդար ընտրությունների համար ենթակառուցվածքներ ապահովելուց։
Դիվանագետը բառացիորեն կոչ է անում Եվրոպային ներդրումներ անել Հայաստանում, և մինչ ԱՄՆ-ը աչք կփակի ոչ ժողովրդավարական ընտրությունների վրա, Եվրոպան փողով օգնի Փաշինյանին վերընտրվել։ Մինչ այդ դա անում էր USAID-ը։
“Թրամփի վարչակազմն ինքն է դադարեցրել USAID-ի ֆինանսավորումը, իսկ Սպիտակ տանը տեղի ունեցած արարողությունը ցույց է տալիս, որ Վաշինգտոնն այլևս չի մտահոգվում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում 2020 և 2023 թվականների ռազմական գործողություններով»,- գրում է Օ՛ Բրայենը։
Արդյո՞ք Բայդենի ժամանակ ԱՄՆ-ն մտահոգված էր 2020-2023 թթ․ գործողություններով և ի՞նչ է արել այն կանխելու համար։ Չէ՞ որ Բայդենի ներկայացուցիչն է, որ 2023-ի սեպտեմբերի 17-ին մասնակցել է ՌԴ և ԵՄ ներկայացուցիչների հետ Պոլսում գաղտնի հանդիպմանն, որտեղ Արցախի օկուպացիայի և ցեղասպանության մասին որոծում է ընդունվել։
Բայդենի թիմի կողմից առաջարկված «գործնականում խաղաղություն» սկզբունքի հիմքերից մեկն ԱՄՆ-ի խոստումն էր՝ պատժամիջոցներ կիրառել այն պաշտոնյաների և ընկերությունների նկատմամբ, որոնք կառուցում, շահագործում կամ օգտագործում են միջանցքը՝ առանց Հայաստանի համաձայնության, ասում է դիվանագետը։ Ալիևի տեսանկյունից՝ ԱՄՆ-ի խոստումը՝ աջակցել միջանցքին հիմա, նախքան Հայաստանը կձեռնարկի իր Սահմանադրության փոփոխության վերջին քայլը, կարող է նշանակել, որ այս լծակը զիջվել է։
Խաղաղությունից Հայաստանի համար էական դիվիդենտներ չեն լինի. Թուրքիայի հետ բաց սահման չկա, Հայաստանում լրացուցիչ ներդրումներ չեն լինի․ միայն միջանցք, որը կապում է Ադրբեջանի տարբեր մասերը, ասում է նա։
Ամերիկյան դիվանագետը փաստորեն հաստատում է, որ Հայաստանին ուղղակի ստիպել են զիջել իր հարավը։
Հայաստանը, որը թույլ է և կախված է Մոսկվայից կամ բևեռացված է, ինչպես հարևան Վրաստանը, գրեթե անկասկած չի կարողանա գնալ խաղաղության համար անհրաժեշտ կոշտ փոխզիջումների։ Իսկ Հայաստանը, որը չի կարող պահպանել համաձայնագիրը, խոցելի կլինի Մոսկվայի կամ Բաքվի միջամտության համար, ասում է դիվանագետը։
Միևնույն ժամանակ նա նշում է, որ Թրամփը շտապում է համաձայնության գալ Վլադիմիր Պուտինի հետ։ Պատժամիջոցների մեղմացումը, Ուկրաինայի հետ հրադադարը կամ ԱՄՆ նախագահի հետ ցանկացած փոխըմբռնում Մոսկվային կտա ազատություն, փող և ռազմական հզորություն՝ Կովկասում իր ներգրավվածությունն ակտիվացնելու համար։
Դիվանագետը բառացիորեն ասում է, որ օգոստոսի 8-ի համաձայնագիրը՝ Թրամփ-Պուտին գործարքի մի մաս են, որի իմաստը՝ թույլ չտալ, որ Հայաստանը ԵՄ-ի կամ մեկ ուրիշ ուժի հետ ամրացնի հարաբերությունները և դուրս գա ռուս-թուրքական տիրապետության տակից։
Թուրքական նավահանգիստները միակ մասշտաբային տարբերակն են այս ճանապարհը միջազգային սարքելու համար: Այդ դեպքում Թուրքիան կորոշի՝ արդյ՞ք միջանցքը կհամապատասխանի իր խոստմանը: Սակայն Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը մնում է փակ և, հավանաբար, այդպես էլ կմնա մինչև վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրումը, և գինը, ըստ ամենայնի, կբարձրանա, եթե Հայաստանը չփոխի իր Սահմանադրությունը, գրում է դիվանագետը:
Դա զգուշացում է․ կամ Հայաստանը “կամավոր” փոխում է Սահմանադրությունը և փաստորեն ինքնալուծարվում (ինչպես Արցախին ստիպեցին դա անել 2023-ի սեպտեմբերի 21-ին), կամ Թուրքիան է որոշելու, ինչ անել Հայաստանի հարավի հետ։
Եվրոպացիները կարող են ապահովել թափանցիկություն, որը կարևոր կլինի գիշատիչ պետությունների կողմից գրավումից խուսափելու համար, ասում է դիվանագետը։
Սա մատնանշում է վերջին խնդիրը. միջանցքը պաշտպանելու պատասխանատվությունը, կարծես, անորոշ է բազմաթիվ խաղացողների միջև։
Ըստ Օ՛Բրայենի, սակայն, հակամարտության հիմնական պատճառը չի լուծվել, պարզապես հետաձգվել է, և միջոցառումը բացառել է այն կողմերին, որոնք այդ ընթացքում կփորձեն ստանալ իրենց ուզածը։