Լիաննա Պետրոսյան․ «Սերտիֆիկատ ստացած ընտանիքների նույնիսկ կեսը չի կարողացել իրացնել այդ սերտիֆիկատը»․ Առավոտ

  • 10:01 27.08.2025

Առավոտ

Արցախցիները չեն կարողանում լիարժեք իրացնել բնակապահովման ծրագրի շրջանակներում իրենց հատկացված հավաստագրերը, քանի որ մի կողմից բնակարանների գներն են թանկացել, մյուս կողմից էլ մարդիկ չեն կարողանում հավաստագրի գումարից զատ լրացուցիչ վարկային միջոցներ ներգրավել, որպեսզի նորմալ պայմաններով բնակարաններ գնեն։ Արցախցիները, որոնց մեծ մասը Հայաստանում գրանցված աշխատանք չունեն կամ էլ հայտնի պատճառներով դասակարգված վարկեր ունեն, պարզ ասած՝ «սեւ ցուցակում» են ընդգրկված, բազմիցս են ահազանգել, որ խնդրի առաջ են կանգնել, չեն կարողանում օգտվել բնակապահովման ծրագրից։

Արցախցիները սկսեցին սոցիալական ցանցերում ահազանգել գնաճի մասին, մարդիկ գրում էին, որ անգամ հեռավոր Գեղարքունիքի մարզում տների գները թանկացել են։

Արցախցի հասարակական գործիչ Լիաննա Պետրոսյանը «Առավոտի» հետ զրույցում ասում է, որ արցախցիներից շատերը չեն կարողանում իրացնել արդեն ստացած հավաստագրերը։

«Ընդամենը մեկ բաղադրիչով է կարգավորվել խնդիրը, այդ բաղադրիչը հետեւյալն է՝ դասակարգված վարկեր ունենալու դեպքում, եթե սերտիֆիկատի գումարը բավարար է, որ գործարքը կատարվի, մարդկանց վարկային պատմությունն ու սեւ ցուցակի մեջ գտնվելը հաշվի չի առնվում»,- ասաց նա։

«Սերտիֆիկատ ստացած ընտանիքների նույնիսկ կեսը չի կարողացել իրացնել այդ սերտիֆիկատը»,- ասաց Լիաննա Պետրոսյանը։

«Միայն դեռ մի բանկ գիտեմ, որ գործարք է անում արցախցիների հետ։ Հիմա հարցը ո՞ր դաշտում է՝ պետությունն է մեխանիզմը սխալ կառուցել, թե՞ բանկերն են խուսափում հավելյալ ռիսկերից։ Արդյունքում՝ սերտիֆիկատ ունեցող մարդիկ տուն չեն կարողանում գնել»,- ասել է Ռիելթորների ասոցիացիայի խորհրդի անդամ Անդրանիկ Հարությունովը։

Անդրադառնալով տների գների աճին՝ «Առավոտի» հետ զրույցում Անդրանիկ Հարությունովն ասաց, որ դա պահանջարկով է պայմանավորված։ «Դա շուկայի արձագանքն է, այդ մարդիկ զգում են, որ արդեն պահանջարկ կա, սկսում են գին բարձրացնել, մեկ է վաճառվում է։ Երեւանամերձ համայնքներում առաջնային շուկայում տուն գնելու դեպքում արցախցիները կարող են նաեւ եկամտահարկի վերադարձից օգտվել, եւ դրա համար մեծ աշխատավարձեր էլ չեն պահանջվում»,- ասաց նա։