Լոռու մարզի Դեբետ գուղում է ապրում Արցախից տեղահանված Քրիստինե Թանդիլյանի ընտանիքը։ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, երբ թշնամու վերահսկողության տակ է անցել Քաշաթաղի շրջանը, նրանց ընտանիքը տեղափոխվել է Հայաստան։ Նախ բնակություն հաստատել Աքորի գյուղում, ապա՝ Դեբետում, որտեղ նրանց մի փոքրիկ տուն է հատկացվել։
Տեղահանված ընտանիքը շատ ծանր պայմաններում է ապրում։
-Երեք երեխա ունեմ։ Ավագ որդիս՝ Գոռը, 18 տարեկան է։ Մոտ 2 ամիս է, ինչ մեկնել է ծառայության․ այն անց է կացնում մեզանից հեռու գտնվող զորամասում։ Ոչ մի հնարավորություն չունենք նրան տեսակցության գնալու, ինչի համար շատ ենք նեղվում՝ իմանալով, որ մեր որդու աչքը ճանապարհին է։
Դուստրս՝ Մարիամը, 11 տարեկան է, փոխադրվել է 5-րդ դասարան, իսկ փոքր որդիս՝ Գարիկը, 9 տարեկան է։ Նա 3-րդ խմբի հաշմանդամություն ունի։ Այդ պատճառով չեմ կարողանում աշխատանքի գնալ, որովհետև երեխաս անընդհատ իմ հսկողության տակ է գտնվում։ Քաշաթաղում աշխատում էինք, մեր կարիքները հոգում։ Այստեղ շատ դժվար է, մի կերպ ենք գոյատևում։ Մի քանի ամիս առաջ ամուսինս աշխատանք գտնելու համար մեկնել է Երևան, սակայն մինչև հիմա դեռ աշխատավարձ չի ստացել։ Շուտով սեպտեմբերի 1-ն է։ Երեխաներս դեռ պատրաստ չեն դպրոց գնալու։ Ոչ հագուստ ունեն, ոչ կոշիկ, ոչ էլ գրենական պիտույքներ։ Մարիամը հրաշքի է սպասում, որ ինքն էլ բոլոր երեխաների նման գեղեցիկ շորեր, պայուսակ կունենա ու անպայման կգնա դպրոց։ Ինչքան էլ բացատրում եմ, որ հնարավորություն չունենք, միևնույն է երեխաներս սպասում են, որ կգտնվեն բարի մարդիկ ու կօգնեն մեր ընտանիքին,- ասում է Քրիստինեն ու ավելացնում, որ տանն անգամ սնունդ չկա։ Տատիկն էլ ոտքը կոտրել է, խնամքի կարիք ունի։
Թանդիլյանները չգիտեն, թե երբ հաջողությունը կժպտա իրենց, երբ կկարողանան բոլորի նման լիարժեք ապրել ու չմտածել՝ ինչ եփել ճաշին, ինչպես սնունդ հայթայթել։
Այս ընտանիքը զրկված է նորմալ ապրելու համար ամենասովորական պայմաններից։ Չունեն հեռուստացույց, սառնարան, լվացքի մեքենա։ 11-ամյա Մարիամը երազում է հեռախոս ունենալ, որ կարողանա երբեմն զանգահարել զինվոր եղբորը, լսել նրա բարի խորհուրդները:
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ