Մինսկի խմբի լուծարման մասին Հայաստանի եւ Ադրբեջանի դիմումից հետո Արցախի խորհրդարանը հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով ԵԱՀԿ բոլոր մասնակից պետություններին իրականացնել իրենց լիազորությունները, այդ թվում՝ անհրաժեշտության դեպքում վետոյի իրավունքը, Մինսկի խմբի լուծարումը կանխելու համար, մինչև չստեղծվեն ամուր երաշխիքներ՝ Լեռնային Ղարաբաղի տեղահանված հայ բնակչության անվտանգ և արժանապատիվ վերադարձն ապահովելու համար։
Step1.am-ի հետ զրույցում արցախցի գործիչ Գագիկ Ավանեսյանն անդրադարձել է հարցերին, թե ո՞ր երկրները կարող են վետոյի իրավունքը կիրառել, եթե, օրինակ, Մինսկի խմբի համանախագհներից Ֆրանսիան ողջունել է այդ որոշումը։ Եվ արդյոք ի՞նչ հետեւանք կունենա հայկական կողմի համար Մինսկի խմբի լուծարումը։
Ավանեսյանի խոսքով՝ այն, որ մի խումբ երկրներ Հարավային Կովկասում վարում են իրենց ուզած քաղաքականությունը, այնպես չէ, որ մյուս երկրների կողմից միանշանակ ողջունվում կամ ընդունվում է դա։
«Օգոստոսի 8-ին նախաստորագրված փաստաթուղթը ողջունելը ուրիշ հարց է, բայց լուծարել Մինսկի խումբը, ես չեմ հավատում, որ շահագրգիռ երկրները կամ ուժային կենտրոնները Հարավային Կովկաս մտնելու իրենց լծակyը սեփական ձեռքով կոչնչացնեն։ Այսօր Թրամփն է, բայց դա չի նշանակում, որ սա երկար է շարունակվելու, Եվրոպան ունի իր շահերը, եւ Եվրոպայի՝ Հարավային Կովկաս մտնելու տարբերակը Հայաստանն ու Վրաստանն են։ Հայաստանի պարագայում դա Ղարաբաղն ու Մինսկի խումբն է։ Ես չեմ հավատում, որ այդ գործարքը ձեռնտու է Եվրոպային՝ Ֆրանսիան կլինի, Ֆինլանդիան կլինի, թե Գերմանիան։ Դա անգամ վետոյի հարց էլ չի, չեն ստորագրում, եւ վերջ, որովհետեւ դա կոնսենսուսով է ստեղծվել»,- ասաց Ավանեսյանը։
Այն, որ Ֆրանսիան ողջունել է Մինսկի խումբը լուրածելու մասին Հայաստանի ու Ադրբեջանի դիմումը, Գագիկ Ավանեսյանի խոսքով՝ դեռ չի նշանակում, որ հարցը փակվում է, այնտեղ այլ երկրներ էլ կան։
Նրա խոսքով՝ Մինսկի խմբի ստեղծումը նաեւ Հայաստանի սուբյեկտայնության արձանագրումն է։ Մինսկի խումբը միայն Ղարաբաղյան հակամարտության հարցով չի զբաղվում, դրանով նաեւ հայկական շահերն են ճանաչվում։ «Եթե Մինսկի խումբը լուծարվի, Հայաստանի նկատմամբ սպառնալիքները միանշանակ շատանալու են։ Եթե արցախցիների իրավունքների հարցերն անտեսվեն, կարելի է հայերին մաս-մաս տեղահանել։ Սումգայիթ, Բաքու, Կիրովաբադ․․․ ինչպես 35 տարի անցել է, եւ այս իրադարձությունների մասին խոսող չկա, այնպես էլ հիմա արցախցիների հարցն են մոռացության տալիս։
Հետո Սյունիքը կլինի, Տավուշը կլինի, աշխարհում նման ճգնաժամային իրավիճակների դեպքում կարող են առիթից օգտվել։ Այսօր աշխարհը Ուկրաինայով է զբաղված, դրա ստվերում տեսնում եք, թե ինչ է արվում։ Փաստորեն Արցախի 2023 թվականի բռնի տեղահանության մասին չեն խոսում, տպավորություն է, որ բոլորը Ուկրաինայով են զբաղված, ոչ ոքի դարդը չէ մեզանով զբաղվել»,- ասաց նա։
Ավանեսյանի խոսքով՝ Հայաստանի իշխանությունները շարունակում են գնալ զիջումների ճանապարհով, հիմա էլ «Թրամփի ուղի» անվան տակ միջանցք են տալիս, եւ այս զիջումների վերջը չի երեւում։
Ռոզա Հովհաննիսյան