Նախընտրական պայքար․ հասարակությունը Արցախը փակագծերից դո՞ւրս չի դնում

  • 09:44 28.08.2025

Ինպիչմենտի գործընթացի ձախողումից և օգոստոսի 8-ին Վաշինգրոնյան գործընթացներից հետո Հայաստանում մեծ թափով մեկնարկել է նախընտրական պայքարը։ 

Մինչ հիմա ցանկացած պայքարի հիմքում Ղարաբաղյան ժարժումն էր՝ որպես ազգային գաղափարախոսության առանցք։ Հիմա ոչ մի կուսակցություն դեռ չի ներկայացրել խաղաղության իր գաղափարախոսությունը։ Առավելագույնը խոսվում է արցախցիների վերադարձի մասին և գրեթե չի խոսվում Միացումի, Արցախի դեօկուպացիայի մասին։ Այսինքն՝ այս հարցով Հայաստանի քաղաքական դաշտում մեծ տարաձայնություններ չկան, իսկ իշխանությույան դիրքերն այս հարցում ավելի ուժեղ են։ Սակայն հասարակությունը Արցախի հարցը փակագծերից դուրս չի դնում, և քաղաքական ուժերը ստիպված կլինեն դիրքորոշում հայտնել այդ հարցի շուրջ։

Մինչ իշխանությունը փորձում է օգտվել «նախընտրական զինադադարից», ինչպես օգոստոսի 8-ը անվանում է Լևոն Զուրաբյանը, և ներկայանալ որպես խաղաղության մոնոպոլիստ, մնացած ուժերը փորձում են համախմբվել։ Բոլորը գիտեն, որ ներկայիս ընտրական համակարգով առանձին-առանձին անիմաստ է գնալ ընտրություններին, քանի որ եթե քիչ ձայներ հավաքես, դրանք բաժին կհասնեն խոշոր միավորումներին։

Արդեն նկատելի են որոշ գործընթացներ։

Սամվել Կարապետյանի ընտանիքը պատրաստվում է ստեղծել «Մեր ձեւով» կուսակցություն։ Արդեն հայտարարվել է, որ այն կապ չունի Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ։

Թեկուզ Սերժ Սարգսյանը ասել է, որ կսատարի Կարապետյանի կուսակցությանը, բայց նաև հայարարել է, որ ընտրություններին մասնակցելու ՀՀԿ-ն որոշում դեռ չի ընդունել։

Ինչ վերաբերվում է Քոչարյանին, ապա տեղեկություն կա, որ ՀՅԴ-ն ուզում է անջատվել երկրորդ նախագահից և ինքնուրույն գնալ ընտրություններին։

Ղարաբաղյան հարցի «բացակայությունը» դիսկուրսում խաղից դուրս է դնում նաև առաջին, երկրորդ և երրորդ նախագահներին, որոնք օրգանիկորեն կապված են Արցախյան խնդրի հետ։

ԶԼՄ-ը գրում են, որ օրերս հանդիպել են ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը, ԼՀԿ փոխնախագահ Դավիթ Խաժակյանը, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը, «Հաղթանակ» կուսակցության ղեկավար Վիկտոր Մնացականյանը, «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիրներից Մեսրոպ Առաքելյանը եւ «Հայաստան» դաշինքի նախկին պատգամավոր, «Հայոց տուն» նախաձեռնության հիմնադիր անդամ Արմեն Չարչյանը։

Բավական աղմուկ է հանել նաև իրավապաշտպան Նինա Կարապետյանցի մուտքը քաղաքականություն․ նա միացավ ՆԺԱՐ շարշմանը։

Այս պարագայում, եթե չլինի ֆորս մաժոր, Փաշինյանի և ազգային պայքարից ու Արցախից հրաժարվողների հաղթանակը անխուսափելի է դառնում։ Չնայած, որ հասարակությունը այլ կարծիքի է։

Մինչև օգոստոսի 5-ը ARAR հիմնադրամի անցկացրած սոցիոլոգիական հետազոտության արդյունքների համաձայն, հարցին՝ արդյո՞ք Արցախի կորուստը ժամանակավոր է, 91 տոկոսը (2023 թվականին՝ 70 տոկոսը) կարծում է, որ դա ժամանակավոր է։ Միայն 7,3 տոկոսն է Արցախի կորուստն անդառնալի համարում։

Հարցվածների 95 տոկոսը ամենակարևոր խնդիրների շարքում նշել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը։