Եվ այս համատարած լռության մեջ, այս հերքված մեղադրանքներով մարդիկ դատապարտվելու են

  • 18:55 28.08.2025

«Հայաստանում երբեք ոչ մի ժամանակաշրջանում այսպիսի իրավիճակ չի եղել, որ իրավապաշտպանությունը իջեցվի զրոյի։ Գրեթե բոլորն առաջնորդվում են քաղաքական հայացքներով, Հայաստանում այսօր իրավապաշտպանություն չկա»,- Step1.am-ի հետ զրույցում ասում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը՝ անդրադառնալով այս փուլում հնչեղություն ունեցող քրեական գործերով դատավարություններին ու դրանց վերաբերյալ իրավապաշտպան համայնքի վերաբերմունքին։

Ալեքսանյանի խոսքով՝ ականատես եղանք, թե ինչ բացահայտ քաղաքական քարոզ է իրականացվում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսպես կոչված «ահաբեկչության նախապատրատսման» գործով։ «Նույնիսկ Ազգային ժողովում հայտարաություն ընդունվեց, որ բոլորը պետք է գնահատական տան, այսինքն՝ համաձայնեն իրենց տեսակետի հետ, նույնսիկ հասարակական սեկտորին են կոչ արել։ Ոչ մի իշխանության ժամանակ այսպիսի պարտադրանք չի եղել, ես չեմ բացառում, որ այս պարտադրանքը կհասնի նրան, որ նույնիսկ հետապնդումներ կլինեն։ Եվ իրավապաշտպաններ չկան, որոնք կխոսեն այս դատավարությունների մասին»,- ասաց նա։

Իրավապաշտպան ժաննա Ալեքսանյանն իշխանամերձ շրջանակների կողմից թիրախավորվել է այն բանի համար, որ անդրադարձել է Բագրատ սրբազանի գործով հրապարակված ձայնագրություններին։ «Գեներալի կոչումով գլխավոր դատախազը անխոցելի կեցվածքով Ազգային Ժողովում պնդում էր ահաբեկչության նախապատրաստում մեղադրանքը, մասնավորապես հղումներ անելով գաղտնալսված ձայնագրությանը, որն արդեն իսկ լայնորեն տարածվել էր հանրության շրջանում։ Տեւական ժամանակ է՝ փաստաբաննեերը հրապարակել են ձայնագրության ամբողջական տարբերակը եւ ներկայացրել տիկին դատախազի պնդումների հակառակ պատկերը, այսինքն՝ ամբողջությամբ ժխտել են մեղադրանքի, որքան հասկանում եմ, հիմնական մասը։ Տիկին դատախազ, ինչո՞ւ եք լուռ։ Դուք պարտավոր եք եիս մեկ անգամ այցելել ԱԺ եւ բացատրություններ տալ, եթե, իհարկե ձեր նպատակը միայն հանրությանը մոլորության մեջ գցելը չէր։ Ի վերջո դուք եք պատասխանատու մեղարանքի համար»,- Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել էր Ժաննա Ալեքսանյանը։

Նա նշում է, որ փաստաբանների հրապարակածով ժխտվեց հիմնական թեզը, որ ահաբեկչություն է նախապատրաստվել։ «Եվ նույնիսկ դրանից հետո ես չեմ լսել, որ հասարակական սեկտերից, իրավապաշտպան կազմակերպություններից մեկը խոսել է այդ մասին։ Ես գրեցի դատախազի այդ պահվածքի մասին՝ հիմա գնա ու քո մեղադրանքը պաշտպանիր, ասա տեսնենք՝ եղել է դա, թե՞ չի եղել, դու էիր պնդում, ավելի շուտ՝ ստում։ Բայց երբ ես գրառումներ եմ անում, արդեն ինձ էլ են սաստում եւ այն զոմբիական մտածողությամբ, թե իբր Միքայել սրբազանի կոչով կարող էին հարյուրավոր մարդիկ զոհվել։ Այսինքն՝ ես հասկացա, որ ինձ էլ են զգուշացնում մերձիշխանական շրջանակները»,- ասաց Ալեքսանյանը։

Ինչ վերաբերում է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործին՝ Ժաննա Ալեքսանյանն ասում է, որ նրա հարցազրույցներում իշխանությունը բռնազավթելու եւ հեղաշրջում իրականացնելու ոչ մի կոչ չկա, ինչը նրան առաջադրված մեղադրանքի հիմքում է դրված։ «Սա ցույց է տալիս, որ վարչապետն այս ձեւով շարունակեց պայքարը եկեղեցու դեմ՝ բարձրաստիճան հոգեւորականներին դատապարտելով։ Ես հետեւում եմ դատավարություններին եւ տեսնում եմ դատարանի կեցվածքը, բացահայտորեն գործը տանում են այն ուղղությամբ, որ պատժեն։ Եվ այս համատարած լռության մեջ մարդիկ դատապապարտվելու են, այս հերքված մեղադրանքներով դատապարտվելու են։ Նույնը վերաբերում է Սամվել Կարապետյանի գործին, Նիկոլ Փաշինյանն ինչ ուզում է, այն էլ անում է»,- հավելեց իրավապաշտպանը։

Ժաննա Ալեքսանյանի խոսքով՝ հազարավոր դատավարություններ ենք տեսել, բայց այսպիսի ցածրորակ, չհիմնավորված քննություն չի եղել։

«Բայց արձագանք չկա, թե այս մարդիկ ի՞նչ մեղք են գործել, որ իրենց վրա ահաբեկչության, իշխանությունը զավթելու հոդվածներ եք դրել։ Ոչ իրավապաշտպաններ կան, ոչ էլ իրավապաշտպանություն կա։ Նաեւ դա է հանգեցնում այս որակի դատավարությունների, եթե չկա հսկողություն։ Նախկինում եւ հայտարարություններ էին լինում, եւ մենք փաստաբանների հետ ասուլիսներ էինք տալիս։ Հիմա ակնհայտ ապօրինի դատավարություններ են ընթանում եւ Միքայել սրբազանի, եւ Բագրատ սրբազանի գործերով, նրանք մեր մեղքերը վերցրել են իրենց վրա եւ այս լռության պայմաններում դատվում են»,- ասաց նա։

Ռոզա Հովհաննիսյան