Ազգանուշ Ստեփանյանն Արցախի Իվանյան համայնքից է տեղահանվել։ Նրանց 5 հոգանոց ընտանիքն առաջին իսկ օրվանից հաստատվել է Էջմիածին քաղաքում, տուն վարձակալել ու մինչև օրս բնակվում է այնտեղ։
Արցախցի կնոջ խոսքով՝ ամեն մի դժվարություն կարելի է հաղթահարել, երբ ընտանիքում փոխադարձ սեր, հարգանք ու փոխըմբռնում կա:
-Տեղահանվելուց հետո ամուսինս՝ Գևորգը, անմիջապես աշխատանք է գտել։ Ինչպես բոլոր արցախցիները, մենք ևս փորձում էինք ամեն ինչ զրոյից սկսել։ Մեր հույսը միայն մենք էինք։ Նոր բնակավայր, նոր միջավայր ու բազմաթիվ դժվարություններ։ Հեշտ չէր, սակայն, ինչպես ասում են՝ այլընտրանք չունեինք։ Հարմարվել, աշխատել ու ապրել էր պետք: Հարմարվել ասելով, ուզում եմ ասել, որ հարմարվում ենք մեր նոր կարգավիճակին, այլ ոչ թե Արցախի կորստին։ Ես չեմ հավատում, որ կգտնվի մի արցախցի, ով կարող է իր սրտից ու մտքից հանել Արցախը, չերազել վերադառնալու մասին:
Մի քանի ամիս առաջ ես ոտքի վիրահատություն եմ տարել։ Վիրահատությունը բարդ էր, և առաջիկայում ևս պետք է կրկին վիրահատվեմ։ Քանի որ մոտ 6 ամիս պետք է վերականգնվեմ ու միշտ լինեմ հսկողության տակ, ամուսինս ազատվել է աշխատանքից, որ կարողանա խնամել ինչպես ինձ, այնպես էլ մեր երեխաներին։ Շատ դժվար ժամանակաշրջան ենք ապրում։
Սկսվել է նոր ուսումնականը։ Առաջին անգամ մեր երեխաները նոր հագուկապով չգնացին դպրոց․ մեր հնարավորոթյունները չներեցին։ Սակայն մենք չենք հուսահատվում։ Երեխաներս ասում են՝ պետք չի տխրել, մենք հին հագուստով էլ կգնանք դպրոց, միայն թե խաղաղություն լինի։ Նրանք դեռևս չեն մոռացել 2023-ի սեպտեմբերի 19-ը, երբ դասապրոցեսի ժամանակ Արցախը հանկարծ սկսեց հրետակոծվել:
Ունեմ 3 բալիկ՝ 2 տղա ու մի աղջիկ։ Որդիս փոխադրվել է 7-րդ դասարան, իսկ աղջիկս՝ 4-րդ։ Փոքրս 4 տարեկան է։
Երեխաներս հաճախում են Էջմիածնի Ռաֆայել Պատկանյանի անվան թ․ 9 դպրոցը։ Դպրոցը շատ լավն է։ Տնօրենն ու մանկավարժական կոլեկտիվն առաջին իսկ օրվանից հոգատար վերաբերմունք են ցուցաբերում արցախցի դպրոցականների հանդեպ, մեզ հետ կիսում մեր ցավը, հուսադրում, որ մի օր լույս կբացվի մեզ համար։
Շատ եմ ցանկանում, որ երեխաներս հաճախեն տարբեր խմբակներ, բայց ֆինանսական խնդիրների պատճառով չենք կարողանում նրանց ընդգրկել։ Անընդհատ հարցնում են՝ մամ, երբ հնարավորություն ունենանք, մենք էլ չէ՞ կգնանք․․․ Պատասխանում եմ՝ իհարկե, մի գեղեցիկ օր դուք էլ կհաճախեք ձեր ուզած խմբակները։ Երեխաներս համբերատար սպասում են այդ օրվան։
Չնայած բոլոր դժվարություններին փորձում ենք ուժեղ լինել և չկորցնել հույսներս։ Ուզում եմ, որ Հայաստան աշխարհում միշտ խաղաղություն տիրի, որ մեր երեխաները մեծանան անվտանգ ու ապահով երկրում։ Համոզված եմ՝ արդարությունը մի օր կվերականգնվի, և Արցախը նորից մերը լինի։ Ծանր է ապրել հիշողություններով, սակայն հենց այդ հիշողություններն են, որ ապրեցնում են մեզ, ստիպում առաջ գնալ․․․
Մեր ընտանիքը չի պատրաստվում Հայաստանից ոչ մի տեղ հեռանալ։ Որովհետև մենք ուզում ենք ապրել մի երկրում, որտեղ միայն հայերեն են խոսում, իսկ այդ երկիրը Հայաստանն է։ Արցախից հետո իմ երկրորդ տունը Հայաստանում է, այստեղից հեռու ես չեմ պատկերացնում իմ կյանքը։ Դրա համար ամեն օր աղաչում եմ Աստծուն, որ պահպանի մեր երկիրը, հայ ազգին, սահմանը պահող զինվորին։
Շնորհավորում եմ բոլոր երեխաներին նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ։ Թող սեպտեմբերի 1-ը դառնա նորանոր հաջողությունների ու լուսավոր ճանապարհի սկիզբ։
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ