Արտագաղթած արցախցիների թիվը գնալով աճում է: Հիմնական պատճառը՝ հայրենիքում անվտանգ ու արժանապատիվ ապրելու պայմանների բացակայությունն է և ապագայի հանդեպ անվստահությունը:
Գլենդելում ապրող արցախցի Նինա Քարամյանը կիսվեց Step1.am-ի հետ հայրենիքից այդքան հեռու ապրելու փորձով:
Ես Նինան եմ, ծնվել եմ Արցախում՝ քաղաքամայր Ստեփանակերտում, 1999 թվականին։ Մանկությանս մի մասը անց եմ կացրել Ասկերանի շրջանի գյուղ Սղնախում։ Հենց այնտեղ եմ անցել իմ դպրոցական կյանքի առաջին երեք տարիները՝ վայելելով տատիկիս ու պապիկիս ներկայությունը իմ կյանքում։ Այդ տարիներին հեռու եմ եղել իմ ծնողներից, որովհետև երկուսն էլ աշխատում էին։ Հետո տեղափոխվել եմ քաղաք՝ արդեն իսկ կարողանալով մենակով դպրոց գնալ։
Կյանքիս քսանչորս տարիները՝ լի իր բոլոր գույներով, անց եմ կացրել Արցախում։ Այդ իսկ պատճառով իմ բոլոր հիշողություները կապված են Արցախի հետ։ Ընկերներս կփաստեն, որ իմ կյանքի թե՛ ուրախ, թե՛ տխուր պահերը սիրում էի անցկացնել նրանց հետ՝ Ջդրդյուզում (Շուշի): Երբ 2020 թվականին Շուշին հանձնվեց՝ ես կորցրեցի իմ կյանքի մի մասը՝ այն էլ ֆիզիկապես… ու իմ կյանքը բաժանվեց երկու մասի՝ մինչև 2020 թվականը ու 2020 թվականից հետո։
Արցախահայության մի մասի մոտ 2020 թվականի պատերազմից հետո առաջացան ապագայի հետ կապված հարցեր ու մտահոգություններ։ Ես բացառություն չէի, բայց շնորհակալ եմ Աստծուն, որ օգնեց ինձ չհանձնվել, և հենց պատերազմից հետո վերադարձա ու շարունակեցի ուսումս, իսկ 2022 թվականին ստացա մագիստրոսական աստիճան։ Բայց մինչ այդ՝ 2021 թվականի հոկտեմբերին, առաջին անգամ լրացրեցի հայտ ԱՄՆ Գրին քարտի համար։ Հետաքրքիր է, բայց ես գիտեի, որ շահելու եմ՝ այդ իսկ պատճառով սկզբից չէի ցանկանում լրացնել, որովհետև Միացյալ Նահանգներում ընդհանրապես ոչ մեկին չունեի։ Բայց ընկերուհիս պնդեց ու ասեց, որ ես պետք է լրացնեմ։ Շատ երկար պատմությունը կարճ՝ Աստծո կամքով ես հիմա այնտեղ եմ, որտեղ որ պետք է լինեմ։
Ամենավատ հիշողությունը, որը ունեմ Ամերիկա գալու հետ կապված, այն է, որ մտել էի դեսպանատուն, սկսեցին ստուգել իմ փաստաթղթերը, ու աշխատողը, վերցնելով իմ անձնագիրը, ասեց. «Մեկ վայրկյան…1999 թվականին Հայաստանում Նինա Քարամյան անունով մարդ չի ծնվել», հետո հեգնանքով ավելացրեց. «Լավ, հասկացա, Ղարաբաղից եք»։
Այնուհետև ինձ տեղեկացրեցին, որ ես պետք է իմ ծննդականը թարգմանեմ ադրբեջաներեն։ Չեմ կարող բառերով բացատրել այն, ինչ եմ զգացել դեսպանատնից դուրս գալուց հետո, բայց չգիտեի, որ էլի ցավ կա, որ խոցելու է իմ սիրտը։
Ամերիկա տեղափոխվելուց հետո, երբ գնացի վերցնելու իմ գրին քարտը ու թվում էր, թե պետք է լինեի շատ երջանիկ՝ բացեցի ու տեսա, որ իմ ծննդավայրի տողում գրված է Ադրբեջան, և ուրախության փոխարեն դառնություն, կսկիծ ու արցունքներ հայտնվեցին իմ դեմքին։ Ինձ համար այդ պահին աշխարհը կանգ առավ, ես քայլում էի ու լաց էի լինում՝ չնայած, որ բոլորը հարցական դեմքով ինձ էին նայում։ Գիտե՞ք, աչքերս բաց քայլում էի, բայց աչքերիս դեմը Եռաբլուրն էր, մեր հերոսների սխրանքը, լացող մայրերը, կանայք, քույրերը, երեխաները, հայրերը, եղբայրները, ընկերները…
Ու նորից արթնացան այն ցախերը, որոնց ես խորը քնով քնացրել էի։ Իմ բերանից հնչում էր միայն մի հարց՝ «Ինչի՞ այս ամենը պատահեց մեզ հետ»։ Երբեք ինձ չեմ համարել մոլի հայրենասեր, բայց մեծ երազանքներ ունեի հենց իմ ծննդավայրի հետ կապված։ Եվ ամեն անգամ առնչվելով այնպիսի թեմաների հետ, որ վերաբերում են Արցախին՝ ես խուափում եմ, փախնում եմ, լռում եմ։ Գիտակցելով, որ փախնում եմ իմ իսկ չիրականացած երազանքներից։
Ամերիկա, էմիգրացիա, օվկիանոսից այն կողմ, երազանքների կյանք՝ լի դժվարություններով։ Առաջին իսկ դժվարությունը այս ամենի մեջ բարեկամ կամ ծանոթ չունենալն էր։ Բայց փառք Աստծուն այն մարդկանց համար, ում հետ ծանոթացել եմ առաջին իսկ օրվանից սկսած։ Ամեն մեկը իր ուրույն ներդրումն է ունեցել այն Նինայի կյանքում, ով այժմ չի վախենում ոչ մի բանից։
Մեծագույն դժվարություններից մեկն էլ լեզվի ցածր մակարդակի իմացությունն էր, և կոմպլեքսները կապված էին հենց դրա հետ։ Բայց չեմ կարող այս դժվարությունների հետ չնշել, որ Աստված ինձ սովորեցնում է ապրել։ Այդ իսկ պատճառով, թեկուզ ապրելով Գլենդելում, որը փոքրիկ Հայաստան է, ես գնում էի այնպիսի տեղեր, որտեղ կարող էի լսել, կարդալ ու թեկուզ խոսել անգլերեն։ Չեմ կարող ասել, որ բոլոր դժվարությունները վերացել են, բայց թուլացել են դրանց ազդեցությունը։ Պայքարը շարունակվում է, բայց հիմա ես կարող եմ օգտագործել դժվարությունները իմ իսկ բարօրության համար։
Արցախից դուրս գալուց հետո ծնողներս մնացել են Հայաստանում և դեռ որոշում չեն կայացրել քաղաքացիություն ստանալու և բնակարանային ծրագրից օգտվելու համար։ Չեմ կարող ասել, թե իրադարձությունները ինչպես կփոխվեն և մեկ տարի անց մեր ընտանիքը որտեղ կլինի։ Միակ բանը, որ կարող եմ ասել, այն է, որ իմ հայրենիքի, տան կորստից հետո ավելի եմ վստահում Աստծուն և աղոթում եմ, որ Նրա կատարյալ կամքը կատարվի մեր ընտանիքում։
Ինչ վերաբերում է իմ երազանքներին ու արդյո՞ք դրանք կապված են Հայաստանի հետ, թե չէ՝ կասեմ ՄԻԱՆՇԱՆԱԿ։ Կարող է շատերը կարդան կամ լսեն ու չհավատան կամ հեգնեն, բայց միայն տարիներով իր հող ու ջրից, հայրենիքից, հարազատներից, ընկերներից հեռու ապրող մարդը կհասկանա այն, ինչի մասին ես խոսում եմ։ Հուսով եմ, որ մի օր էլ հարցազրույց կտամ ու կխոսամ իմ իրականություն դարձած երազանքների մասին։
Արցախ վերադառնալը իմ մեծագույն փափագն է, որը այս պահի դրությամբ, ինչքան էլ զարմանալի հնչի, իմ պատկերացումով անհնարին է։ Բայց եթե վերադառնալ, ապա միայն հայկական, անկախ Արցախ։
Արսեն Աղաջանյան