ԵՄ ներկայացուցիչը եղել է Նախիջևանում․ հարցը շատ լուրջ է

  • 13:44 01.09.2025

Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն շնորհակալություն է հայտնել Ալիևին  և Բայրամովին՝ Ադրբեջան կատարած այցի ընթացքում մտքերի փոխանակության համար։ Այս մասին ԵՄ հատուկ ներկայացուցիչը գրառում է կատարել իր X-ի էջում։

Գրոնոն Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունները պատմական է որակել։

«Ադրբեջանում փոխանցեցի ԵՄ-ի ուղերձը՝ աջակցություն լիակատար կարգավորման բոլոր ասպեկտներին, այդ թվում՝ հաղորդակցությունների բացմանը, տարածաշրջանի համար խաղաղության օգուտների ստեղծմանը, ինչպես նաև մարդասիրական և անցյալի ժառանգության հարցերի լուծմանը։

Այցելեցի նաև Նախիջևան, որտեղ հանդիպեցի նախագահի ներկայացուցիչ Նաջաֆլիի հետ և ծանոթացա տեղում տրանսպորտային ենթակառուցվածքների հետ՝ ԵՄ հնարավոր ներգրավվածության նպատակով»,- գրել է ԵՄ ներկայացուցիչը։

Նախիջևանի կարգավիճակի հարցը, չնայած հրապարակայնորեն չի բարձրացվում, չափազանց լուրջ է։ Ընդամենը մի քանի ամիս առաջ է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության (նախկինում՝ Հայկական) Սահմանադրությունում փոփոխություններ կատարվել, ավելի ճշգրիտ՝ հանվեց Կարսի պայմանագրին հղումը։ Ալիևը, ԱՄՆ-ի, Ռուսաստանի և ԵՄ-ի լուռ համաձայնությամբ, փորձում է ամբողջությամբ տիրանալ Նախիջևանին։ Հայաստանի կառավարության համաձայնությունը՝ ճանաչել Հայաստանի տարածքը 29,8 հազար քառակուսի կիլոմետրի սահմաններում, ոչ միայն հրաժարում է Արցախից, այլև, առաջին հերթին, Նախիջևանից, Կարսից, Արդահանից, որոնց կարգավիճակը դեռևս համարվում է վիճահարույց։ Հատկանշական է, որ այն վիճահարույց է համարվում առաջին հերթին Բաքվում և Անկարայում, որտեղ, ի տարբերություն Երևանի, գիտեն, թե ինչ է իրավունքը։