Սեպտեմբերի 6-ին և 7-ին Երևանում կանցկացվի համահայկական հրաձիգների մրցույթը, որը կազմակերպվում է «Ազատազէն» կրթական հասարակական կազմակերպության կողմից։ Մրցույթին կարող են մասնակցել 16 տարին լրացած ՀՀ քաղաքացիները, ինչպես նաև հայկական ծագումով օտարերկրյա քաղաքացիները։
Մասնակիցները մրցույթին կարող են ներկայանալ իրենց օրինական հիմքով պատկանող հրաձգային զենքով կամ հրաձգարանում տրամադրված մեկ այլ անձի օրինական զենքով՝ ՀՀ օրենսդրությանը համապատասխան։
Բացի այդ, «Զենքի շրջանառության կարգավորման մասին» ՀՀ օրենքով սահմանված պետական ռազմականացված կազմակերպությունների ներկայացուցիչներին թույլատրվում է մասնակցել նաև իրենց ամրակցված զենքով։
Մրցույթը տեղի է ունենալու «Ազատազէն» ԿՀԿ-ի Երևանի քաղաքացիական բաց հրաձգարանում։
Արդյունքների ամփոփումից հետո տեղի կունենա պարգևատրման և փակման հանդիսավոր արարողություն։ Առաջին տեղը զբացեցրած մասնակիցը կստանա Perun AR-15 .223, երկրորդ տեղը՝ Tigr 7.62×54, երրորդ տեղը՝ Saiga 7,62×39 զենք։
Յուրաքանչուր 3 փուլերի ավարտին առավելագույն միավորներ հավաքած մասնակցին կտրվի նվեր BR2 պաշտպանական դասի սաղավարտ։
Հրաձիգների մրցույթի գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանի Սպորտի և երիտասարդության հարցերի վարչությունն է։
«Մեր նպատակն է ոչ միայն կազմակերպել արդար ու թափանցիկ մրցույթ, այլև ստեղծել մի հարթակ, որտեղ մասնակիցները կկարողանան ծանոթանալ, փորձի փոխանակում իրականացնել և զարգացնել իրենց հմտությունները։ Այս միջոցառումը միավորում է մարդկանց, ովքեր սիրում են հրաձգությունը, ձգտում են կարգապահության ու ինքնավերահսկման, և ցանկանում են պահպանել հայկական զինվորական ու սպորտային ավանդույթները։ Մենք հավատում ենք, որ նման մրցույթները ոչ միայն խթանում են առողջ մրցակցությունը, այլև նպաստում են անվտանգ և պատասխանատու մոտեցման ձևավորմանը զենքի նկատմամբ», – նշում են մրցույթի կազմակերպիչները։
Մրցույթին հնարավոր է մասնակցել՝ նախապես գրանցվելով հետևյալ հղումով։
Գրանցման վերջնաժամկետը սեպտեմբերի 4-ն է։