Մի գեղեցիկ օր թուրքերն այնտեղ կռիվ են գցելու, հայերի հետ իրար վրա կրակելու են, Թրամփը չի գալու

  • 21:14 01.09.2025

«Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լեւոն Հայրյանը step1.am-ի հետ զրույցում անդրադարձել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություններին եւ Հայաստանի համար առկա ռիսկերին։

Նրա խոսքով՝ այդ պայմանավորվածությունների հետեւանքով Սյունիքով միջանցք է տրվելու Ադրբեջանին, եւ այս հարցն ունի երկու բաղադրիչ։ Մեկը գեոպոլիտիկ ենթատեքստն է, թե ինչ է իրենից ներկայացնում այդ միջանցքը, մյուսն հարցն էլ այն է, որ Հայաստանի կառավարությունը մանիպուլյացիա է անում եւ փորձում է այդ միջանցքը ներկայացնել որպես «տնտեսական հնարավորություն», որից Հայաստանն էլ կօգտվի։

«Այդ միջանցքը տնտեսական նշանակություն բացարձակ չունի, որովհետեւ կա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղի ու նավթամուղ, այդ երկաթուղին իր հզորության 10 տոկոսով էլ չի աշխատում այսօր։ Այսինքն՝ «ա» կետից «բ» կետը գնացող բեռներ չկան։ Ինչ-որ մարդիկ ուզում են ձեւացնել ու ներկայանցել այդ միջանցքի տնտեսական նշանակությունը, ասում են՝ Չինաստանը ապրանքներ է բերելու։ Առաջինը, Չինաստանն այդտեղով երբեք ապրանք չի տանելու։ Չինաստանը ցանկանում է իր ապրանքները Ռուսաստանով տանել, որպեսզի Ռուսաստանին հնարավորինս տնտեսական էքսպանսիայի ենթարկի։ Այսինքն՝ այս միջանցքը տնտեսական նշանակություն չունի։

Պատմական էքսկուրս կատարենք, միջանցքի հարցը միշտ բարձրանում է, երբ տարածաշրջանում գեոպոլիտիկ տեկտոնական տեղաշարժեր են կատարվում։ Մեկ 1918 թվականին է բարձրացել այդ միջանցքի հարցը, մեկ բարձրացել է 2020 թվականի պատերազմից հետո։ 1918 թվականին միջանցքի հարցով նորից ամենամեծ շահագրգիռ կողմը թուրքերն էին, որովհետեւ Եվրոպայի հետ պրոբլեմ ունեին, աշխարհի հետ առեւտուր անելու համար այդ միջանցքն էին ուզում։ Եվ սովետական միության օրոք, եւ 1988 թվականի Շարժումից ու Հայաստանի անկախանալուց հետո միշտ այս հարցը եղել է օրակարգում։ Այն ժամանակ ոչ մեկ տնտեսությունից չէր խոսում։ Սովետական միության ժամանակ թուրքերը Մոսկվային ասել են, որ այնտեղ ավտոճանապարհ կառուցեն, տնտեսական շահ կունենան։ Մոսկվան հայերի միջոցով տնտեսական մոնիտորինգ է անցկացրել եւ ասել, որ այնտեղ տնտեսական շահ չկա։ Հետաքրքիր է, որ հայկական կողմից մոնիտորինգն անցկացրել է մեզ շատ հայտնի Իգոր Մուրադյանը»,- ասաց նա։

Հայրյանի խոսքով՝ այսինքն՝ այս միջանցքը ոչ մի տնտեսական նշանակություն չունի, ոչ Ադրբեջանն ունի բեռներ՝ այնտեղից հասցնելու Թուրքիա, ոչ հայերն ունեն բեռներ, որ Ռուսաստան հասցնեն, չնայած՝ Ադրբեջանով դեպի Ռուսաստան հայերին ճանապարհ չեն էլ տալիս։ Տնտեսապես միակ օգտվողը Իրանն է, որն ասում է՝ «Հյուսիս-հարավ» ճանապարհն ինձ հերիք է։ Այսինքն՝ սա տնտեսականը բլեֆ է՝ քաղաքական հարցերը փակելու համար, նշում է մեր զրուցակիցը։

«Իսկ այս միջանցքի գոեպոլիտիկ նշանակությունը շատ մեծ է, որովհետեւ ամբողջ տարածաշրջանում ու ամբողջ աշխարհում քաղաքականություն է փոխվում։ Իրանն ընկնում է բլոկադայի մեջ, Հայաստանն իր սուվերենությունը կորցնում է, հայկական պետությունը վերանում է, տարածաշրջանը մտնում է ռուս-թուրքական համաձայնությունների շրջան։ Ռուսներն էլ ինչ-որ առեւտոր անելով՝ այդ հարցերը կլուծեն թուրքերի հետ։ Ռուսներին միշտ ձեռնտու է եղել, որ իրենց ՝այստեղից գնալուց հետո տարածաշրջանը լինի թուրքերինը, ոչ թե Իրանինը կամ Եվրոպայինը։ Եվրոպայի հետ իրենք հետագայում չեն կարողանալու մրցակցել։

Տեսեք՝ ինչ է կատարվում․ «3+3» ֆորմատում գտնվող երեք մեծ պետություններից՝ Ռուսաստան, Իրան, Թուրքիա, միայն Իրանն է, որ իր հողերի վրա է նստած։ Այն երկուսին կարելի է անվանել օկուպանտ։ Դրա համար Թուրքիան եւ Ռուսաստանը Հայաստանի սուվերենիտետը վերացնելուց հետո կցանկանան, որպեսզի տարածաշրջանն անպայման Թուրքիայինը լինի, եթե ռուսները չեն կարողանում այստեղ մնալ։ Դրա համար պետք է Հայաստանի հետ սահմանը կտրվի, եւ Իրանը բլոկադայի մեջ ընկնի։ Ռուսաստանն ու Թուրքիան Իրանի համար ավելի վտանգավոր թշնամի են, քան Իսրայելն ու Ամերիկան, որովհետեւ այդ երկու պետությունների գոյությունն այս տարածաշրջանում կախված է Իրանի թուլությունից կամ ուժից։ Իրանն իր հողերի վրա է եւ ամբողջ Անդրկովկասը պատմականորեն համարում է իրենը, իսկ Թուրքիան ու Ռուսաստանն ուրիշի հողերի վրա են եւ հանդիսանում են օկուպանտ։ Այսինքն՝ միջազգային իրավունքի տեսանկյունից Իրանի հաղթաթուղթն ավելի մեծ է, դրա համար Ռուսաստանն ու Թուրքիան փորձում են ճնշել Իրանին»,- հավելեց նա։

Լեւոն Հայրյանը եւս մեկ պատմական փաստ հիշեցրեց․ 1918 թվականին՝ Հայաստանի անկախացումից հետո, Խալիլ փաշան եկել է Արամ Մանուկյանի մոտ եւ խնդրել Մեղրիով ճանապարհ տալ իրենց։ Ասել է՝ «դրա դիմաց մինչեւ Կիրովաբադի ու Գանձակի ուղղությամբ՝ Ջիվանշիրի ուղղությամբ ինչքան ուզում եք, գրավեք, մենք էլ կօգնենք ձեզ»։ «Այսինքն՝ մի փոքր տարածքի փոխարեն առաջարկում էին գրավել հսկայական տարածքներ։ Բայց ամենահասարակ քաղաքացին էլ հասկանում է, որ այդ ներքեւի ժապավենը ամբողջ Հայաստանի ապագա կորուստն է։ Դրա համար Արամը մերժում է Խալիլին՝ չնայած այդ ժամանակ Հայաստանը շատ ծանր վիճակում էր։

Այսինքն՝ Մեղրիի ճանապարհը միայն ու միայն գեոպոլիտիկ նշանակություն ունի։ 1918 ռուսներն ու թուրքերն էլի ուզում էին այդտեղով ճանապարհ ստանալ, այն ժամանակ ո՞վ էր մտածում՝ համաշխարհային տնտեսություն կլինի, թե չի լինի, որ հիմա ասում են՝ սա համաշխարհային տնտեսությանը օգուտ է։ Դրանք մանիպուլյացիաներ են, եւ ամենավատն այն է, որ այդ մանիպուլյացիաներն անում են Հայաստանի իշխանությունները՝ ասելով, թե իբր տնտեսական շահ ենք ունենալու»,- ընդգծեց նա։

Որպեսզի ամբողջությամբ հասկանանք, թե ինչ է կատարվել օգստոսի 8-ին, Լեւոն Հայրյանի խոսքով, նորից պետք է կենտրոնանանք միջանցքի համար կռիվ տվող պետությունների ցանկի վրա։ Դրանք են՝ Թուրքիա ու Ռուսաստան։ «Ռուսներն ու թուրքերը 2020 նոյեմբերի 9-ին Նիկոլին ստիպել են կապիտուլյացիոն թուղթ ստորագրել, որի կետերից մեկը միջանցքն է։ Նոյեմբերի 10-ին ժողովուրդն ընդվզեց, դրա համար ռուսներն ու թուրքերը հասկացան, որ իրենք ախորժակը պիտի մի քիչ զսպեն, որովհետեւ կարող է պատահել, որ Նիկոլն իշխանությունը կորցնի, իրենց ծրագրերն էլ հետը կկորեն։ Եկել հասել էր մի պահ, երբ աշխարհը ռուսներին ու թուրքերին արգելել էր նորից հարձակվել հայերի վրա։ Բայց ռուսների աչքը դեռ այդ ճանապարհի վրա էր։ Երբ  եկավ Տավուշի գյուղերի հերթը, ռուսներն ու թուրքերը Նիկոլին ասացին՝ ոնց ուզում ես տուր, խոստացել ես, տուր։ Նիկոլ Փաշինյանը կարողացավ ժողովրդին ճնշել, այդ գյուղերը տալ։ Բայց Զանգեզուրի հարցում արդեն Նիկոլի «լեգիտիմությունն» էլ չէր հերիքի։ Նիկոլը չէր կարող Մեղրին տալ, այստեղ արդեն Իրանի ու Եվրոպայի շահերին էր կպնում, մանավանդ, որ երկուսն էլ ասում էին՝ չես տալու միջանցքը։ Այսինքն՝ Նիկոլ-Պուտին-Ալիեւ եռագլուխ հանցագործների պլաններն արդեն խախտվել էին, որոշեցին դիմել մեկ այլ միջազգային խուլիգանի, որը Թրամփն է։ Հաստատ համոզված եմ, որ ռուսներն են խնդրել Թրամփին, որ միջամտի։ Նախքան Վաշինգտոն գնալը նայենք Նիկոլ Փաշինյանի հետագծին՝ իր ոհմակը հավաքել գնացել էր Աբու-Դաբի ու հանդիպել Ալիեւի ոհմակի հետ, որպեսզի բոլորի խոսքը մեկ լինի։ Հետո Նիկոլին կանչեցին Ալթայ, այնտեղ դաս տվեցին ու ուղարկեցին Վաշինգտոն Թրամփի մոտ։ Ես հաստատ համոզված եմ, որ Ալիեւը եւ Պուտինը խնդրել են Թրամփին, որպեսզի միջամտի միջանցքի հարցում»,- ասաց նա։

Հայրյանի խոսքով՝ Հայաստանը ոչ միայն չի շահել այս գործընթացում, այլ նաեւ իր գեոպոլիտիկ դիրքը թուլացրել է։ Անգամ եթե քո բարեկամ պետության հետ ես քննարկում քո տարածքը, եւ անգամ եթե որոշումը քո օգտին է, էլի նշանակում է ինքնիշխանության կորուստ։ Ըստ նրա՝ Հայաստանը ոչինչ չի շահել, բայց Հայաստանի իշխանություններին թվում է, թե ինչ-որ բան են շահել, որը կարող են 2026 թվականի ընտրություններին օգտագործել, բայց դա էլ չկա։ Մտածում են՝ կօգտագործեն այդ «խաղաղության պայմանագիրը» եւ ընտրություններում հաղթեն։ Այսինքն՝ Հայաստանի իշխող վարչակազմին ոչ մի բան պետք չէ, բացի իշխանությունը պահելուց։

«Եվ շատ են եղել այդպիսի դիկտատորական իշխանություններ պատմության ընթացքում, որ իրենց իշխանությունը պահելու համար երկիրը վնասել են։ Դրա համար փորձում են երկրի սուվերենիտետը կորցնելը ներկայացնել որպես հաջողություն։ Ասում է՝ ապաշջափակում ենք իրականացնում խաղաղության դիմաց։ Այնպես են ասում՝ ապաշրջափակում, կարծես հենց հայերն են շրջափակել ու հիմա ասում են՝ կբացենք, եթե մեզ խաղաղություն տաք։ Այն դեպքում, երբ ԱՄՆ 907 բանաձեւում նշվում է, որ Թուրքիան ու Ադրբեջանն են շրջափակել  Հայաստանը»,- ասաց նա։

Այսինքն, Լեւոն Հայրյանի խոսքով՝ կատարվել է այն, ինչ 2020 թվականի նոյեմբերին ռուսներն ու թուրքերը պարտադրել են Հայաստանին: «Մի քանի անգամ արդեն ասել եմ իմ հարցազրույցներում, թե ինչ է լինելու միջանցքի ապագան։ ԱՄՆ-ն երբեք իր համար քիչ արժեք ներկայացնող որեւէ կետ զորք չի ուղարկելու։ Հռչակագիրը ստորագրելուց հետո Թրամփին հարցրել են՝ եթե պրոբլեմ լինի, ո՞նց է լուծվելու, ասել է՝ կզանգեք ինձ, կասեմ։ Հիմա ես նկարագրեմ, թե ոնց է լինելու, որպեսզի հայերը, եթե խելքները գլուխները հավաքեն, դրա դեմ պայքարեն։ Քանի որ ճանապարհը բացելու են, թուրքերը գնալ-գալու են այդ ճանապարհով։ Մի գեղեցիկ օր թուրքերն այնտեղ կռիվ են գցելու, հայերի հետ իրար վրա կրակելու են, Թրամփը չի գալու։ Այստեղ Նիկոլն ու Պուտինը հանկարծ հիշելու են, որ Հայաստանը գտնվում է ՀԱՊԿ-ում, եւ երբ ՀԱՊԿ անդամ որեւէ երկրում խժդժություն է լինում, ՀԱՊԿ-ն իրավունք ունի զորք մտցնել։ Եվ ռուսները գալու են, այդ ճանապարհի վրա կագնեն։ Ստացվելու է, որ նոյեմբերի 9-ի թուղթը 100 տոկոսով կատարվեց։ Նիկոլ Փաշինյանը բանավոր ասում է՝ նոյեմբերի 9-ի թուղթը չկա, բայց ստորագրությունը հետ չի կանչում։ Այսինքն՝ ռուսներն էլի ստանցան այն, ինչ իրենք էին ուզում՝ ճանապարհ, որի վրա իրենք են կանգնում։ Թուրքերին էլ է դա ձեռնտու, ռուսներն այդ ճանապարհն այնքան ժամանակ պիտի պահեն, մինչեւ Հայաստանն իր անկախությունն ու սուվերենությունը լրիվ կորցնի։ Հետո ռուսները կհանձնեն կգնան, ինչպես Արցախում արեցին։ Այս սցենարը կատարվել է 1989-90-ականներին Ստեփանակերտի օդանավակայանում, այդ սցենարը կրկնվել է Լաչինի միջանցքում, հիմա էլ կատարվում է Հայաստանում»,- նշեց նա։

Ռոզա Հովհաննիսյան