Հայաստանը կշարունակի աշխատանքները Շանհայի համագործակցության կազմակերպության շահագրգիռ անդամ երկրների հետ՝ կառույցի հետ փոխշահավետ գործընկերության հետագա զարգացման ուղղությամբ: NEWS.am–ի հարցմանն ի պատասխան հայտնեց Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը՝ անդրադառնալով ադրբեջանական ԶԼՄ–ներում տարածված տեղեկատվությանը, թե Պակիստանն արգելափակել է ՇՀԿ-ին միանալու Հայաստանի դիմումը՝ ի պատասխան Հնդկաստանի՝ Ադրբեջանի վերաբերյալ նմանատիպ որոշման
«Այս պահին գործընթացի մանրամասներին չենք անդրադառնա, բայց կարող եմ ասել, որ Հայաստանի անդամակցության հարցում տեսնում ենք բավարար կառուցողական մոտեցում, փոխըմբռնում: Այս ընկալմամբ կշարունակենք աշխատանքները ՇՀԿ շահագրգիռ անդամ երկրների հետ՝ կառույցի հետ փոխշահավետ գործընկերության հետագա զարգացման ուղղությամբ»,–տեղեկացրեց խոսնակը:
Ալիևը շնորհավորել է Պակիստանին՝ Հնդկաստանի նկատմամբ տարած «հաղթանակի» կապակցությամբ։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, սա տեղի է ունեցել Պակիստանի վարչապետ Շարիֆի հետ հանդիպման ժամանակ։
Ալիևը վստահություն է հայտնել, որ ի պատասխան Բաքվի կողմից Պակիստանին ցուցաբերվող աջակցության՝ Հնդկաստանը «փորձում է միջազգային հարթակներում վրեժ լուծել Ադրբեջանից»:
Փաստորեն, Հայաստանին չօգնեց նաև Պակիստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելը։