«Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լեւոն Հայրյանը step1.am-ի հետ զրույցում արցախցիներին կոչ է անում սեպտեմբերի 2-ին մասնակցել Ազատության հրապարակում ՀՅԴ կողմից անցկացվելիք հանրահավաքին։
«2020 թվականին, երբ Արցախից տեղահանվեցինք, անընդհատ ցույցեր էինք անում ու շեշտում էինք մեր ելույթներում, որ թուրքերի նպատակակետը Հադրութը չէ, այլ Ստեփանակերտն ու Երեւանն են։ Եվ ասում էինք, որ եթե Հադրութը չվերականգնենք, Ստեփանակերտն է կործանվելու, Ստեփանակերտը չվերականգնենք, Երեւանն է կործանվելու։ Եվ այդ ճանապարհով էլ գնում է հայ ազգը հիմա։ Այսօր էլ որոշ ուժեր խոսում են Արցախ վերադարձի մասին, նույնիսկ ՀՅԴ-ն հայտարարել է, որ սեպտեմբերի 2-ին նշելու են Ղարաբաղի անկախության օրը՝ Արցախ վերադարձի պահանջով, բայց շեշտվում է արցախցիների վերադարձի հարցը, ոչ թե Արցախի վերադարձի։ Այնինչ, մենք ասում ենք, որ եթե Արցախը չվերադարձվի Հայաստանին, Մեղրիի միջանցքով կամ Սյունիքով անդառնալին, այսինքն՝ ինքնիշխանության լրիվ կորուստը մոտենում է Երեւանին»,- ասաց նա։
Հայրյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը, ռուսներն ու թուրքերն ուզում են արցախցիներին ինտեգրել Հայաստանում, այդպիսով Արցախի հացը կջնջվի, արանքից դուրս գա։ Բայց միաժամանակ իրենք հիմա էլ դեմ չեն, որ արցախցինեի ինչ-որ մասին վերադարձնեն Արցախ ու ինտեգրեն Ադրբեջանին, դա Լավրովի պլանի մի մասն էր։
«Հայաստանի ռուսական կրեատուրան էլ դա անընդհատ կրկնում է՝ արցախցիների վերադարձ։ Բայց բանաձեւը մեկն է՝ արցախցիների վերադարձը մեզ պետք չէ, մեզ պետք է, որ Արցախը վերադառնա Հայաստան, լինի Հայաստանի կազմում։ Եթե Արցախի վերադարձը Հայաստանին չլինի, կրկնում եմ, անդառնալին Սյունիքով մոտենում է Երեւանին։ Հետեւաբար, սկզբունքային կողմ չլինելով սեպտեմբերի 2-ի հանրահավաքի կոչի հետ՝ այնուամենայնիվ կոչ եմ անում ժողովրդին մասնակցել այդ միտինգին։ Գոնե բողոքի մասը պետք է ապահովել, որ չստացվի այնպես, թե Նիկոլ Փաշինյանը եւ իր խմբակը ռուսների ու թուրքերի առաջադրանքով փակում են Արցախի հարցը, վերացնում են Հայաստանի ինքնիշխանությունը»,- նշեց Հայրյանը։