Նարինեն երկու երեխաների հետ օգոստոսի 31-ին է ՌԴ-ից վերադարձել Հայաստան

  • 14:57 02.09.2025

Արցախից տեղահանված և Ռուսաստանի Դաշնություն արտագաղթած Նարինեն երկու դպրոցահասակ երեխաների հետ օգոստոսի 31-ին է վերադարձել Հայաստան։ Ընտանիքին չի հաջողվել երեխաներին տեղավորել դպրոցում։ Նարինեի խոսքով՝ դպրոց ընդունվելու համար մի քանի անգամ թղթերը հանձնել են ու ամեն անգամ, տարբեր պատճառաբանություններով մերժում ստացել։ Անգամ օգոստոսի 30-ին է դիմել՝ հույս պահելով, որ երեխաները կկարողանան ընդգրկվել, սակայն անմիջապես եկել է բացասական պատասխանը, այս անգամ արդեն նշելով, որ դպրոցում սպառված են բոլոր տեղերը։

-Գուցե այդպես պետք է լիներ, ու իմ երեխաները Մայր Հայաստանում պետք է դպրոց գնան, հայերեն սովորեն։ Կրթությունը շատ կարևոր է մարդու համար, առանց որի մարդ չի կարող կյանքում իր տեղը գտնել։ Այստեղ առանց որևէ խնդրի ու ավելորդ քաշքշուկի ընդառաջեցին, երեխաներին ընդունեցին դպրոց։ Ռուսաստանում ամիսներով չարչարվեցինք, ոչինչ չստացվեց, իսկ Հայաստանում անմիջապես լուծվեց հարցը։ Միևնույն է, օտար հողը միշտ օտար է մնալու մեզ համար։ Ճիշտ է, ոչ բոլորն են այնտեղ կանգնում խնդիրների առաջ, մի մասը գտնում է իրեն, լուծում հարցերը, սակայն ամեն քայլափոխի պետք է զգույշ լինի, որովհետև ինքն այնտեղ տեղացի չէ։

Հետ դառնալու ժամանակ օդանավակայանում մի քանի ընտանիքներ կային, որոնք նույն խնդրի պատճառով վերադառնում էին Հայաստան։ Պատահական լսեցի, որ խոսում են հարազատ բարբառով, մոտեցա ու սկսեցինք զրուցել մեր խնդիրների շուրջ՝ ևս մեկ անգամ համոզվելով, որ աշխարհում ամենահրաշալի տեղը դա Արցախն էր, որտեղ ամեն ինչ հեշտությամբ էր լուծվում ու ամեն ինչ չափազանց հարազատ էր։

Նարինեն ապագայի հանդեպ դեռևս ոչ մի ծրագիր չունի, չի կողմնորոշվել՝ մնալու է Հայաստանում, թե կրկին մեկնելու է ՌԴ, որովհետև ամուսինը մնացել է այնտեղ՝ աշխատելու։ Այս պահին նրա համար կարևորը երեխաների կրթությունն ու հայեցի դաստիարակությունն է։ Հաստատվել են Էջմիածին քաղաքում։

 Նույն խնդրի առաջ է կանգնել Ստեփանակերտից տեղահանված Մերին։ Արցախից տեղահանվելուց հետո միանգամից մեկնել են ՌԴ Միտիշի քաղաքը։ Ունի 3 երեխա երկուսը դպրոցահասակ են։

-2023-ի հոկտեմբերին օնլայն հանձնել եմ աղջկաս փաստաթղթերը, ով սովորում էր 3-րդ դասարանում։ Դիմումս ընդունվել է, ու աղջիկս գնացել է դպրոց։ Սակայն 2024-ին, երբ արդեն մյուս երեխաս պետք է գնար առաջին դասարան, իմ դիմումը մերժվել է՝ անհեթեթ պատասխանով, որովհետև մեր բոլոր փաստաթղթերն օրենքով էին գրանցված։ Ստիպված երեխաներիս հետ վերադարձել եմ Հայաստան։ Ուսումնական տարին ավարտելուց հետո կրկին մեկնել ենք ՌԴ, քանի որ ամուսնիս աշխատանքի պատճառով մնացել էր այնտեղ։ Երեք ամիս շարունակ մենք պայքարում էինք, որ երեխաների դպրոցի հարցը լուծվի, սակայն այդպես էլ չստացվեց։ Նորից վերադարձանք ու ապրում ենք կիսված ընտանիքով։ Փոքրիկներիս համար շատ ծանր է, կարոտում են հորը, սակայն  ամուսինս այստեղ համապատասխան աշխատանք չի գտնում ու ստիպված է մնալ ՌԴ-ում։ Նորից տուն ենք վարձակալել ու մնալու ենք մինչև ուսումնական տարվա վերջը։ Հույս ունեմ, որ հաջորդ տարի մեր ընտանիքը կարողանա միավորվել։

Նմանատիպ խնդիրներ ունեն բռնատեղահանված շատ ընտանիքներ, որոնք Արցախից տեղահանվելուց հետո, ՀՀում չկարողանալով ինտեգրվել, ստիպված արտագաղթել են տարբեր երկրներ մի մասը նորից վերադառնում է։ Ի՞նչ է սպասվում արցախցի ընտանիքներին մինչև երբ պետք է փորձությունները հետապնդեն մարդկանց։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ