«Եթե ոչ մեկ-երկու, ապա 5 տարի հետո Ղարաբաղի վերադարձի իրավունքը ապահովված է լինելու». Կիմ Բալայան

  • 15:36 02.09.2025

«Որեւիցե տարբերակ չկա, որ Արցախի հարցը չլուծվի, որովհետեւ այն սկզբունքները, որոնք ձեւավորվել են միջազգային իրավունքում, ասում են՝ ուժի միջոցով որեւիցե խնդիր չի կարելի լուծել։ Ոչ միայն ուժի միջոցով, այլ ցեղասպանության միջոցով է լուծվել Լեռնային Ղարաբաղի հարցը։ Այսօր դժբախտաբար եւ Թրամփը, եւ Պուտինը դարձան ցեղասպանական գործողություններին աջակցողներ՝ համաձայնելով լուծարել Մինսկի խումբը»,-այսօր «Արցախ. չլուծված հակամարտություն, վերադարձի իրավունք» միջազգային համաժողովի շրջանակներում լրագրողներին ասաց Սահմանադրական դատարանի նախկին դատավոր Կիմ Բալայանը։

Նա նշեց, որ ինքնորոշման իրավունքն այնպիսի իրավունք է, որը ՄԱԿ-ի հիմնարար սկզբունքներից է։ Հետեւաբար, արցախցիների ինքնորոշման իրավունքը չի կարող մոռացվել։

«Ղարաբաղի հարցը լուծվելու է, բայց այսօր մի խնդիր կա՝ ի՞նչ երաշխիքով պետք է Ղարաբաղի ժողովուրդը հավաքականորեն վերադառնա Ղարաբաղ։ Խոսքը հավաքական վերադարձի մասին է, սեփականության իրավունքից զրկվել են նրանք։ Եթե մենք ունենայինք գոնե մեկ տոկոս մտածելակերպ ունեցող իշխանություն, այսօր այսպես չէր լինի։ Այսօր Հայաստանի իշխանությունները բոլոր պայմանները ստեղծում են, որ ղարաբաղցիները Հայաստանում էլ չմնան։ Նիկոլ Փաշինյանի գլխում ոչ մի բան հենց այնպես չի ծնվում։ Համաշխարհային հզոր ինստիտուտներ կան՝ պրոթուրքական, որոնք աշխատում են իր ծրագիրը մշակելու ուղղությամբ։ Բայց Վազգեն Սարգսյանը մի խոսք ուներ, ասել էր՝ ղարաբաղցիներից վախեցեք այն ժամանակ, երբ զենքով կտեղափոխվեն Հայաստան։ Նիկոլ Փաշինյանն այդ կարգախոսը հաշվի առնելով՝ պոստ դրեց Ղարաբաղից տեղափոխվողների համար, որպեսզի որեւիցե զենք չկարողանան տեղափոխել Հայաստան։ Ամեն ինչ մտածված է իր կողմից։ Եթե ոչ մեկ-երկու, ապա առնվազն 5 տարի հետո, ես կարծում եմ, Ղարաբաղի վերադարձի իրավունքը ապահովված է լինելու»,- ասաց Կիմ Բալայանը։