«Արցախը հետ բերենք, որ պահենք Հայաստանը, Արցախը հետ բերենք, որ արժանապատիվ ապրենք, Արցախը հետ բերենք, որ անվտանգ ապրենք, Արցախը հետ բերենք, որ իրապես խաղաղ ու ինքնիշխան լինենք»,- Ազատության հրապարակում Արցախի Հանրապետության անկախության օրվա առթիվ հրավիրչած հանրահավաքում ասաց արցախցի իրավապաշտպան Նարե Սիմոնյանը։
«Այս ամոթից, անպատիվ ու անհաշտ վիճակից դուրս գալու ելք է լինելու՝ չհանձնվելով, համախմբվելով, համառությամբ եւ աննահանջ դիմադրությամբ։ Չի կարող թշնամին ավելի սկզբունքային լինել մեր հայրենիքի հարցում, չի կարող ոչ ոք ավելի շատ սիրել մեր հող հայրենին, քան մենք։ Հասկանալով, գիտակցելով, որ հեշտ չի լինելու վերադարձի ճանապարհը՝ պետք է լինենք պատրաստ, համառ ու վճռական։ Պետք է գիտակցենք, որ Տավուշը պահելու, Սյունիքը պահելու, Ջերմուկն ու Երեւանը հայկական պահելու ճանապարհը դեպի Արցախ վերադարձի ճանապարհն է»,- հայտարարեց նա։
Նրա խոսքով՝ հայ ժողովուրդը պետք է ցույց տա այսօրվա իշխանություններին, որ հայրենիքի դավաճանական հանձնման հետ չենք համակերպվելու, թշնամուն արվող անպատիվ զիջումների հետ, հազարավոր զոհերի սխրանքը ոչնչացնելու հետ չենք համակերպվելու։
«Կոտրվիք վեչ, հանձնվիք վեչ, համակերպվիք վեչ, ասում են՝ արցախցու ճակատը պինդ ա, համառ ա։ Ուրեմն, ինչքան էլ դժվար լինի, պիտի քինանք, ճակատներս պնդացնելով, պիտի քինանք, տեր կանգնինք մեր հողին ու ջրին։ Հանձնվիք վեչ, որ մի օր նորից ազատ ու անկախ Արցախը ողջունի մեզ»,- կոչ արեց նա։