«Իհարկե, հույս կա»,- Ազատության հրապարակում Արցախի Հանրապետության անկախության օրվա առթիվ հրավիրված հանրահավաքից հետո լրագրողներին ասաց ՀՅԴ անդամ Իշխան Սաղաթելյանը՝ պատասխանելով հարցին, թե Արցախ վերադառնալու, ինչո՞ւ ոչ՝ նաեւ հայկական Արցախը վերադարձնելու հույս կա՞։
«Որեւէ հույս չկա այս իշխանության գոյության պայմաններում միայն»,- հավելեց Իշխան Սաղաթելյանը։
Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը, լվանալով Էրդողանի եւ Ալիեւի արյունոտ ձեռքերը, փորձում է լեգիտիմացնել Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումն ու ցեղասպանությունը, մեր կորուստները դարձնել անդառնալի։ «Բայց ես կարծում եմ՝ այդ անդառնալի գիծը դեռ չենք անցել, բոլոր հնարավորությունները կան։ Առաջին հերթին պետք է աշխարհին ցույց տալ, որ Արցախում տեղի է ունեցել էթնիկ զտում ու ցեղասպանություն ու այդտեղից բխեցնել հավաքական վերադարձի իրավունքը։ Անշուշտ, Արցախի հարցը փակված չէ»,- նշեց Սաղաթելյանը։
Անդրադառնալով Արցախյան շարժումը չշարունակելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ Իշխան Սաղաթելյանն ասաց․ «Արցախյան շարժումը Նիկոլը չի սկել կամ ՔՊ-ն չի սկսել, որ հիմա էլ փակեն, դա այս ժողովրդի անցյալն է»։
Նա նշեց, որ հայ ժողովրդի հավաքական կերպարը Նիկոլ Փաշինյանը կամ Ալեն Սիմոնյանը չեն։ Թեեւ պատերազմը ծանր է եղել հայ ժողովրդի համար, բայց ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես են առաջնորդում այս ժողովրդին։ «Հիմա այս պարտված, նվաստացած ադրբեջանական ու թուրքական գործակալներն անընդհատ փորձում են ճնշել, ժողովրդին ներարկել, թե այլեւս ամեն ինչ ավարտված է։ Բայց ես մեր ժողովրդի մասին այն կարծիքին չեմ, որ միայն ստամոքսի մասին մտածող ժողովուրդ է, այս ժողովուրդը նույն 1990-ական թվականներին՝ ցրտին, մթին, ամենածանր պայմաններում առանց տրտունջի կռվել ու Արցախ է ազատագրել»,- հավելեց Սաղաթելյանը։