Պեկինի Տյանանմեն հրապարակում տեղի է ունեցել ռազմական շքերթ՝ Ճապոնիայի կապիտուլյացիայի և Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակի առթիվ: Հիմնական հյուրերն էին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը։
Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինի խոսքով՝ «չինական ազգի վերածնունդը չի կարող կասեցվել», և աշխարհի երկրները պետք է «լուծեն պատերազմի արմատական պատճառները և կանխեն պատմական ողբերգությունների կրկնությունը»։
«Ընդհանուր անվտանգությունը կարող է ապահովվել միայն այն դեպքում, երբ աշխարհի երկրները միմյանց վերաբերվեն որպես հավասարների, ապրեն ներդաշնակության մեջ և աջակցեն միմյանց», – ասաց նա զորքերին զննելուց առաջ։
Շքերթի սկսվելուց անմիջապես հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր Truth Social սոցիալական ցանցում գրառում կատարեց, որում, ըստ էության, մեղադրեց Ռուսաստանին, Չինաստանին և Հյուսիսային Կորեային դավադրություն կազմակերպելու մեջ։
«Մեծ հարցը, որին պետք է պատասխանել, այն է, թե արդյոք նախագահ Սին կհիշատակի այն հսկայական աջակցությունն ու «արյունը», որը Միացյալ Նահանգները տվել է Չինաստանին ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ձեռք բերելու համար՝ խորապես թշնամաբար տրամադրված օտարերկրյա զավթիչից։ Շատ ամերիկացիներ զոհվել են Չինաստանի հաղթանակի և փառքի համար պայքարում։ Հուսով եմ, որ նրանք կարժանանան արժանի պատվի և կհիշվեն իրենց քաջության և զոհաբերության համար», – ասաց նա։
Նա նաև մաղթեց Չինաստանի առաջնորդին և չինացի ժողովրդին «հիանալի և անմոռանալի տոն»։
«Խնդրում եմ փոխանցեք իմ ամենաջերմ մաղթանքները Վլադիմիր Պուտինին և Կիմ Չեն Ընին, մինչ դուք դավադրություն եք կազմակերպում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեմ», – ավելացրեց Թրամփը։
Փաշինյանն ու Ալիևը նույնպես ներկա էին շքերթին:
Տյանանմեն հրապարակով երթով անցան նաև չինական «լոգիստիկ աջակցության» զորքերը, այսինքն՝ զորքեր, որոնք պետք է պահպանեն այն ճանապարհները, որոնցով Չինաստանն իրականացնում է իր խաղաղ ընդլայնումը ամբղջ աշխարհում: Արդյո՞ք հենց նրանք կկանգնեն «Թրամփի ճանապարհին» և կվերահսկեն Հայաստանի հարավը: Բառացիորեն մեկ օր առաջ Ալիևն ասաց, որ «Զանգեզուրի միջանցքը» շուտով կդառնա Միջին միջանցքի մաս, ինչի համար Փաշինյանը նրան հանդիմանեց և հիշեցրեց, որ միջանցքը պետք է կոչվի «Թրամփի ճանապարհ»:
Ֆանտաստիկ որոշում կլինի՝ չինական (կամ հյուսիսկորեական) լոգիստիկ աջակցության զորքեր Թրամփի ճանապարհին, որի միջոցով Ռուսաստանը կկապվի Թուրքիայի հետ Հայաստանի օկուպացված հարավի միջոցով: