Իրանի տրանսպորտի փոխնախարար, Իրանի երկաթուղիների ղեկավար Ջաբարալի Զաքարին և նրա հայաստանյան գործընկերը (Հարավկովկասյան երկաթուղիների գործադիր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը – խմբ.) քննարկել են երկաթուղային տրանսպորտի ոլորտում համագործակցության ընդլայնման հարցերը, հաղորդում է Tehran Times գործակալությունը։
Հանդիպումը տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգում։
Բանակցություններն ընդգրկել են կայուն երկաթուղային տրանսպորտի ստեղծման, բեռնափոխադրումների ներուժի որոշման, բեռնափոխադրողների ակտիվացման և Իրանի ու Ռուսաստանի միջև Հայաստանի միջոցով երկաթուղային հաղորդակցության պարզեցման հարցեր՝ պայմանով, որ լուծվեն Հայաստանի և Ադրբեջանի միջև քաղաքական վեճերը։
Վերջերս Բաքվի և Երևանի նախնական համաձայնության հասնելուց հետո պաշտոնյաները եզրակացրել են, որ հուշագիրը կարող է նպաստել Նախիջևանով միջազգային Հյուսիս-Հարավ տարանցիկ միջանցքի (INSTC) արևմտյան երթուղու վերականգնմանը։ Դա հնարավորություն կտա երկարատև ընդմիջումից հետո վերականգնել Իրանի և Ռուսաստանի միջև երկաթուղային հաղորդակցությունը Հայաստանի տարածքով։
Այսպիսով, Իրանը Հայաստանի տարածքով երկաթուղային կապի վերաբերյալ բանակցություններ է վարում ոչ թե Հայաստանի կառավարության, այլ ռուսական պետական կորպորացիայի հետ, որը կոնցեսիոն ռեժիմով տիրապետում է Հայկական երկաթուղիներին։
Իբր քննարկվում է Իրանի՝ Ռուսաստանի հետ Հայաստանի միջով կապի հարցը, չնայած պարզ չէ, թե որ երթուղին է նկատի առնվում։ Եթե Վրաստանի միջով, ապա սա մեծ հարց է, որը կապված է առաջին հերթին Աբխազիայի հետ։ Եթե Ադրբեջանի միջով, ապա Իրանն արդեն իսկ ունի լայն սահման Ադրբեջանի հետ, և բավական է ավարտել Ռեշտ-Աստարա ճանապարհի փոքր հատվածը, որպեսզի Իրանը կարողանա Բաքվի միջով հասնել Ռուսաստան։ Ռուսաստանը և Իրանը նաև Կասպյան երկրներ են և կարող են շփվել ծովով։
Այսինքն, հարցը Իրանի՝ Ռուսաստանի հետ կապի մասին չէ։ Իրանը պարզապես փորձում է համաձայնության գալ Ռուսական երկաթուղիների հետ Հայաստանի միջով տարանցման արտոնյալ պայմանների շուրջ, եթե Նախիջևանը բացվի։
Բացի այդ, հայտնի չէ, թե ով է կառուցելու երկաթուղին հայ-իրանական սահմանի երկայնքով, որն արդեն անվանվել է Թրամփի ճանապարհ։ Հայաստանը վստահեցնում է Իրանին, որ սա կլինի ինքնիշխան հայկական տարածք, ինչը նշանակում է, որ նոր երկաթուղին ավտոմատ կերպով կանցնի «Ռուսական երկաթուղիներին»։ Կոնցեսիոն պայմանագրի համաձայն՝ Հայաստանի տարածքում գտնվող բոլոր երկաթուղային ենթակառուցվածքները կառավարվում են «Ռուսական երկաթուղիների» կողմից։
Իսկ եթե սա Հայաստանի տարածքը չէ, ապա կպարզվի, որ հայ-իրանական սահմանն անցնում է երրորդ երկրների իրավասության տակ, և այդ դեպքում պարզ չէ, թե ումից կախված կլինի հայ-իրանական երկաթուղին։
Այս հարցը կքննարկվի՞ Թրամփի և Պուտինի հաջորդ հանդիպման ժամանակ։ Ակնհայտ է, որ Փաշինյանն ու Ալիևն այստեղ ոչինչ չեն որոշում։