Բնակապահովության ծրագրով տուն են ձեռք բերել Էջմիածնի Տարոնիկ գյուղում

  • 16:26 03.09.2025

Սաֆարյանների ընտանիքը բնակվում է Էջմիածնի Տարոնիկ գյուղում, որտեղ արցախցիներին տրվող բնակապահովության ծրագրով բնակելի տուն են ձեռք բերել։ Տեղահանվել են Ասկերանի շրջանի Հովսեփավան համայնքից։

-Մի քանի ամիս է, ինչ տեղափոխվել ենք այս գյուղը։ ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո կարողացանք հավաստագրով տուն ձեռք ենք բերել, ինչպես նաև կահավորել։ Ճիշտ է, մի քանի ամիս տևեց այդ գործընթացը, սակայն արդեն մեր տանիքն ունենք։ Տունը նորմալ պայմաններ ունի, բայց վատն այն է, որ տնամերձ հողամաս չունի, իսկ մենք սովոր ենք աշխատել հողի հետ, բերք ու բարիք ստեղծել։ Շուրջ 1200 քառ․ մետր հողատարածք ունեինք Հովսեփավանում, որը մշտապես մշակում էինք։ Մեր ընտանիքի կարիքները հոգալուց բացի, նաև վաճառքի էինք հանում մեր սեփական արտադրանքը՝ լոլիկ, վարունգ, լոբի, կարտոֆիլ և այլ բանջարաբոստանային կուլտուրաներ։ Շրջափակման ժամանակ գյուղմթերքի կարիք չունեինք։ Այդ տարի բերքը շատ առատ էր։ Մենք մեր բարքիները կիսում էինք մարդկանց հետ, հասցնում Ստեփանակերտի բնակչությանը։

Մինչև Տարոնիկ տեղափոխվելը բնակվում էինք Էջմիածնի Աղավնատուն գյուղում։ Երեխաները դժվարությամբ են հարմարվում նոր բնակավայրին, նոր դպրոցին, սակայն ինչ արած, այս գյուղում կարողացանք տուն գտնել։ Հաշմանդամության պատճառով ամուսինս անգործ է, իսկ ես օրավարձով աշխատում եմ դաշտերում, որովհետև այլ աշխատանք դժվար է գտնել,- ասում է Անուշը։

Ամուսնու ու 4 երեխաների հետ սեպտեմբերի 25-ին է ճանապարհվել դեպի Հայաստան։ Կրտսեր որդին՝ Արթուրը, ընդամենը մեկ ամսական էր։ Փոքրիկն այժմ 2 տարեկան է նա իր առաջին բառերն արցախյան բարբառով է թոթովում։

Սամվելը Շուշիից է, իսկ Անուշը՝ Իվանյան համայնքից (ծննդով Խրամորթ գյուղից)։ Ընտանիք կազմելուց հետո պետության կողմից նրանց ընտանիքը բնակարան է ստացել Հովսեփավան գյուղում ու հաստատվել այնտեղ։

Անուշը պատմում է, որ գաղթի ճանապարհն իսկական դժոխք էր։ Մեքենաները րոպեն մեկ կանգ էին առնում, երեխաները հոգնածությունից ու սովածությունից անընդհատ լացում էին։

-Սեպտեմբերի 19-ին, երբ սկսվեցին առաջին հրետակոծությունները, մենք տանն էինք՝ շրջապատված երեխաներով։ Փոքրիկս կրծքիս սեղմած, ամուսնուս ու մյուս երեխաներիս հետ վազեցինք նկուղ։ Ամուսինս ասում էր՝ շուտով կավարտվի, սակայն ես կանխազգում էի, որ շատ վատ բան է լինելու։ Չգիտեմ, թե ինչու, բայց մեր բոլոր փաստաթղթերը մի քանի օր առաջ հավաքել էի ու դրել պայուսակի մեջ։ Հավանաբար ենթագիտակցորեն զգում էի, որ այդպես է պետք։

Հովսեփավանի բնակչությանը հրահանգեցին երկու ժամում հավաքվել ու պատրաստվել տարհանմանը։ Վտանգավոր էր ամեն մի վայրկյանը։ Վերցրի մի քանի հագուստ, փաստաթղթերը և մի քիչ բանջարեղեն։ Տանը հաց չկար։ Սեպտեմբերի 25-ին՝ այդ սարսափելի օրը, դուրս եկանք Արցախից։

Մինչև Տեղ գյուղը մեր ճանապարհն ահավոր էր։ Համարյա 3 օր ճանապարհ ենք անցել։ Երեխաները սոված, վախեցած էին։ Պայուսակիս մեջ մի տուփ մակարոն ունեի։ Լավ է՝ մարդիկ հանդիպեցին, ովքեր կերոգազ ունեին։ Մակարոնը եփեցի, փոքրիկներս կերան։ Այդ պահին Երևանից շտապօգնության մեքենաներ էին գալիս Արցախ՝ պայթյունից տուժածներին տանելու համար։ Ամուսինս կանգնեցրեց այդ մեքենաներից մեկը և հաց խնդրեց երեխաների համար։ Այսօր ցավով եմ հիշում այդ պահերը, ներքուստ ամաչում, սակայն երբ երեխադ հաց է ուզում քեզանից, ու դու չես կարողանում տալ, ապա ոչինչ ամոթ չէ։

Տեղ գյուղում ամուսինս մտավ խանութ և քաղցրավենիք գնեց․ Երբեք չեմ մոռանա երեխաներիս աչքերի փայլը, նրանք պարզապես թռչկոտում էին ուրախությունից։ Այն ժամանակ 6, 5, 3 տարեկան էին ընդամենը, իսկ 1 ամսական փոքրիկս, անտեղյակ ամեն ինչից, քնած էր։ Հասանք Գորիս։ Որոշակի ժամանակ այդտեղ մնալուց հետո ճանապարհվեցինք Երևան։

Բնակարան ձեռք բերելուց հետո Սաֆարյանների ոչ բոլոր խնդիրներն են լուծվել։ Անուշն ասում է, որ բանկերում վարկեր ունեն և ամեն ամիս 150 հազար դրամ գումար են վճարում։

-Մեր երկրորդ երեխան՝ Սլավիկը, ի ծնե տառապում է հիվանդությամբ, որը վիրահատություններ է պահանջում։  Բանկից գումար ենք վերցրել, առաջին վիրահատությունը կատարել։ 3 տարին մեկ, մինչև նրա 18 տարեկանը լրանալը, պետք է պարբերաբար վիրահատվի։ Ամուսինս 3-րդ կարգի հաշմանդամ է, մեծ դժվարությամբ է կարողանում քայլել։ Այդ իսկ պատճառով վարկով մեքենա ենք ձեռք բերել, որ երեխաներին տանի դպրոց, մանկապարտեզ և առհասարակ մեքենան գյուղում ապրողին շատ է պետք, առանձնապես, երբ տանը հաշմանդամներ կան։

Այս բոլոր դժվարությունները ոչինչ են մեր մեծ ցավի, կարոտի կողքին, որի անունն Արցախ է։ Մենք դրախտավայր ենք կորցրել, մի մեծ աշխարհ ենք թողել հետևում, որին ոչինչ չի կարող փոխարինել։ Ամեն տեղ փնտրում եմ գեթ մի բան, որ նմանեցնեմ իմ ծննդավայրին, սակայն չեմ գտնում։ Կարոտում եմ Արցախիս ամեն մի թուփը, ծառը, քարը։ Շատ դժվար է հարմարվել, բայց հանուն մեր երեխաների ապագայի փորձում ենք ուժ հավաքել, որ գոնե կարողանանք նրանց անհոգ մանկություն պարգևել, որ այլևս ոչ մի բանի պակաս չզգան, որ երբեք սոված փորով չքնեն։

Արցախցի երեխաները կոփված են, ցավոք, արդեն տեսել են կյանքի դառնությունները ու լավ գիտեն, որ այս կյանքում ապրելը հեշտ չէ, սակայն երբեք չպետք է ընկճվել, հուսահատվել։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ