Բաքվում պահվող հայ գերիների շրջանում եղել են ինքնասպանության փորձեր

  • 17:40 03.09.2025

«Բաքվի բանտերում պահվող հայ գերիների շրջանում եղել են ինքնասպանության փորձեր», – «Ազատությանն» այսօր փոխանցեց Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպան Սիրանուշ Սահակյանը:

Իրավապաշտպանի խոսքով՝ գերիները օրերս հեռախոսազրույց են ունեցել իրենց հարազատների հետ, որոնց ժամանակ էլ հայտնի է դարձել ինքնասպանության փորձերի մասին: Առանց անուններ հնչեցնելու Սիրանուշ Սահակյանը միայն տեղեկացրեց, որ ինքնասպանության փորձ իրականացնողները եղել են ոչ թե Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության, այլ մյուս գերիների շրջանում:

Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպանն ահազանգում է՝ գերիները շուրջ երկու ամիս է հայտնվել են կատարյալ մեկուսացման մեջ, որևէ միջազգային անկախ կառույց նրանց չի տեսակցել: Նրանց պահման, առողջական ու հոգեբանական վիճակի մասին տեղեկություն չկա:

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները վերջին անգամ հայ գերիներին տեսակցել էին հունիսին: Միջազգային այս կառույցն այսօրվանից Ադրբեջանի իշխանությունների պահանջով վերջնականապես դադարեցրեց իր գործունեությունը Բաքվում:

«Այս օրերին տեղի են ունեցել հեռախոսազանգեր, և ընտանիքները մեզ փոխանցեցին, որ այդ զրույցների միջոցով արդեն իսկ նրանց համար նկատելի են եղել առողջական լուրջ խնդիրներ և, իհարկե, հոգեբանական ծանր վիճակ: Հուսալքությունը խորանում է», – ընդգծեց Սիրանուշ Սահակյանը: