Տիկին Գրոնո, ի՞նչ տեսաք Նախիջևանում, թուրքական բանակը տեղո՞ւմ է

  • 09:54 04.09.2025

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին:

Քննարկվել են օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների կողմից ստորագրված համատեղ հռչակագիրն ու ստեղծվելիք տնտեսական հնարավորությունները: Հաղորդվում է, որ զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային հաղորդակցման ուղիների ապաշրջափակմանը, որի շրջանակում Գրիգորյանը ներկայացրել է առկա տնտեսական ներուժը, քննարկվել են նաև ՀՀ-ԵՄ երկկողմ օրակարգին առնչվող հարցեր:

Մագդալենա Գրոնոն նախորդ շաբաթ այցելել էր Ադրբեջան, Իլհամ Ալիևի հետ քննարկել էին վաշինգտոնյան հանդիպման արդյունքները: Այցի շրջանակում Գրոնոն մեկնել էր Նախիջևան:

Գրոնոյի խոսքով՝ Նախիջևան այցի ընթացքում ինքը հանդիպել է ինքնավար հանրապետությունում Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Ֆուադ Նաջաֆլիի հետ։ «Տեղում ծանոթացա նաև տրանսպորտային ենթակառույցներին՝ [դրանց վերագործարկմանը] ԵՄ հնարավոր ներգրավվածության կոնտեքստում», – գրել է ԵՄ բանագնացը։

Մագդալենա Գրոնոն չասաց՝ նա տեղյա՞կ , որ վերջին տարիներին Ալիևը փորձում է փոխել Նախիջևանի միջազգային կարգավիճակը, որը սահմանված է Կարսի ռուս-թուրքական պայմանագրով։ Պայմանագրի համաձայն՝ հայկական Նախիջևանը փոխանցվել է Ադրբեջանի պրոտեկտորատի տակ, այն ապառազմականացված է, և այնտեղ չպետք է լինեն երրորդ երկրների զորքեր։ Վերջերս Նախիջևանի Սահմանադրությունից հանվել է Կարսի պայմանագրի հղումը, իսկ Նախիջևանում տեղակայվել են ադրբեջանական և թուրքական զորքեր։ Մագդալենա Գրոնոն հարցրե՞լ է, թե ինչ է փոխվել. եթե Կարսի պայմանագիրը վավեր չէ, ապա ինչո՞ւ Նախիջևանը չի վերադարձվում Հայաստանին, իսկ եթե այն վավեր է, ապա ի՞նչ են այնտեղ անում թուրքական կանոնավոր զորքերը։