Լեռնային Ղարաբաղի տարածքի միջազգային իրավական կարգավիճակը

  • 14:13 04.09.2025
Միջազգային հարաբերությունների մեջ տարածքային վեճերը եղել են և շարունակելու են լինել, քանի դեռ աշխարհում գոյություն ունեն տարբեր պետություններ և ազգեր:
Ըստ այդմ, միջպետական հարաբերությունները կարգավորող իրավունքը՝ այն է միջազգային իրավունքը, պետք է գտներ այն ընդհանրական չափորոշիչը, որով որոշվելու և ամրագրվելու էր տվյալ տարածքի իրավատիրությունը: Նման չափորոշիչ է հանդիսանում տարածքի միջազգային իրավական կարգավիճակը: Ավելի պարզ ասած՝ միջազգային իրավական փաստաթղթով ո՞ր պետության տիտղոսն է ամրագրված տվյալ տարածքի նկատմամբ:
Նշածս լիովին վերաբերում է Լեռնային Ղարաբաղին: Ադրբեջանն իր իրավունքները Լեռնային Ղարաբաղի նկատմամբ խարսխում է մի կեղծ հիմնադրույթի վրա՝ իբր Լեռնային Ղարաբաղը եղել է Ադրբեջանի մաս: Նման պնդում կատարելով հանդերձ՝ Ադրբեջանը երբևէ չի վկայակոչում որևէ միջազգային իրավական փաստաթուղթ, որով ամրագրվել է Ադրբեջանի տիտղոսը Լեռնային Ղարաբաղի վրա:
Համառոտակի անդրադառնանք Լեռնային Ղարաբաղի և ընդհանրապես Ղարաբաղի տիտղոսի հարցին ու փորձենք լուսաբանել այն:
Հարկ չեմ համարում խորանալու պատմության մեջ, քանզի համաշխարհային պատմագիտական մտքի կողմից ճանաչված իրողություն է, որ հին ու միջին դարերում ընդհանրապես չի եղել Ադրբեջան պետություն, հետևաբար Լեռնային Ղարաբաղը չէր կարող պատկանած լինել մի բանի, որը չի եղել: Ադրբեջանական պնդումները, իբր, օրինակ, Սեֆյան կամ Ղաջարական Իրանը եղել են ադրբեջանական պետություններ, որովհետև իբր այդ պետություններում իշխող վերնախավերը ունեցել են թյուրքական ծագում կամ իբր նրանց արքունիքներում խոսել են թյուրքերեն, միանգամայն անհեթեթ են: Մի կողմ թողնելով սեֆյանների և ղաջարների ծագման և նրանց գործածած լեզվի հարցը, պարզապես նշենք, որ այդ գործոններով չէ, որ որոշվում է պետության ազգային պատկանելությունը:
Պատմագիտության կողմից ընդունված փաստ է, որ Բյուզանդիայում մի ամբողջ դարաշրջան (867-1046թթ.)
իշխել են ծագումով հայ կայսրեր: Սակայն այս իրողությունը մեզ հիմք չի տալիս պնդելու, որ Բյուզանդիան եղել է հայկական պետություն: Մի ամբողջ դարաշրջան ռուսական ողջ վերնախավը խոսել է ֆրանսերեն, անգամ այն ժամանակ, երբ կռվում էին ֆրանսիացիների դեմ, սակայն որևէ մեկը լեզվի պատճառով Ռուսաստանի կայսրությունը չի համարում ֆրանսիական:
Ինչևիցե:
Վերադառնանք բուն հարցին՝ պատմության ընթացքում Ղարաբաղի տիտղոսին: XIXդ. սկզբին, արդեն գրեթե 3 դար՝ սկսած 1555թ. Ամասիայի պայմանագրից, չնայած դրան հաջորդած 6 թուրք-պարսկական պատերազմներին, Հարավային Կովկասի արևելյան հատվածի վրա անսակարկ կերպով հաստատված էր Իրանի գերիշխանությունը և ամրագրված՝ նրա տիտղոսը:
Հարկ է նշել, որ այս ժամանակահատվածում ոչ հայկական և ոչ էլ առավել ևս ադրբեջանական որևէ տիտղոսի մասին խոսք անգամ չի կարող լինել, քանզի տիտղոսը, կամ ավելի պարզ լեզվով ասած՝ տարածքի պատկանելության հարցը, որոշվում է միջպետական հարաբերություններում միջազգային համապատասխան փաստաթղթով:
XVIII դարում Հարավային Կովկասում ի հայտ է գալիս նոր ուժ՝ Ռուսաստանի կայսրությունը, որն էլ XIX-դ. սկզբից սկսում է գերիշխող դիրք գրավել Հարավային Կովկասի տարածաշրջանում: Նախ 1804-13թթ. պատերազմի արդյունքում Ռուսաստանը Պարսկաստանին ստիպում է հրաժարվել Ղարաբաղի, Գանձակի, Շեքիի, Շիրվանի, Դերբենդի, Ղուբայի, Բաքվի և Թալիշի խանություններից, ինչպես նաև այլ տարածքներից: Ապաև, 1826-28թթ. պատերազմի հետևանքով նվաճում է Երևանի և Նախիջևանի խանությունները:
Այստեղ ձեր ուշադրությունն ուզում եմ հրավիրել 2 հանգամանքի վրա:
Նախ, երբ խոսում ենք նվաճելու մասին, ապա միջազգային իրավական տեսանկյունից այն նշանակում է տվյալ տարածքի տիտղոսի փոխանցում մի սուվերենից մյուսին: Տվյալ դեպքում դա եղել է անցում պարսկականից ռուսականի: Ոչ հայերը և ոչ էլ հետագայում հորինվելիք ադրբեջանցիներն իրավական տեսանկյունից այստեղ գոյություն չունեն:
Երկրորդ, Շուշիի կամ Ղարաբաղի խանության սահմանները եղել են շատ ավելի ընդրաձակ և ներառել են Քուր-արաքսյան ողջ միջագետքը: Նման վարչական բաժանման հիմքը ոչ այնքան պատմական է եղել, որքան բնական սահմաններով երկրամասին կենսունակությունն ապահովելու ձգտում: Հետևաբար Ղարաբաղի սահմանները շատ ավելի լայն ընդգրկում ունեն, քան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կամ առավել ևս Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի սահմանները:
Այսպիսով, 1813թ.-ից մինչև 1917թ. Ղարաբաղի վրա միանշանակորեն հաստատված է եղել Ռուսաստանի գերիշխանություն և տիտղոս: 1917թ. նախօրյակին Հարավային Կովկասը վարչականորեն բաժանված էր 4 գուբերնիայի՝ Բաքվի, Ելիզավետպոլի, Թիֆլիսի և Երևանի, 2 օբլաստի՝ Կարսի և Բաթումի, ինչպես նաև 2 օկրուգի՝ Զաքաթալայի և Սուխումի: Հարկ է ընդգծել, որ վարչական այս բաժանումը և վարչական միավորների սահմանները որևէ կապ չունեին երկրամասի ոչ պատմական անցյալի և ոչ էլ ազգրագրական պատկերի հետ:
Դրանք ստեղծված էին Ռուսական կայսրության կողմից և հարմարեցված էին երկրի կառավարման ռուսական պատկերացումներին: Ելիզավետպոլի գուբերնիան, ըստ էության, ներառել է իր մեջ նախկին պարսկական Գյանջայի և Ղարաբաղի խանությունները: Բնական է, որ Ռուսական կայսրության տիրապետության ողջ ժամանակաշրջանում՝ 1813-1917թթ., անհեթեթ կլինի խոսել ադրբեջանական որևէ իրավատիրության մասին:
Իրավական, ինչպես նաև պատմական տեսանկյունից, ամենախճողված շրջանը սկսվում է 1917թ.-ից և շարունակվում մինչև 1922թ.:
Հիշենք, որ 1917թ. փետրվարյան հեղափոխությունից հետո Կովկասի փոխարքայության փոխարեն Հարավային Կովկասում Ժամանակավոր կառավարությունը ստեղծում է ՕԶԱԿՈՄ-ը՝ Особый Закавказский Комитет (ОЗАКОМ): Այն գործել է 1917թ. մարտից նոյեմբեր: Նոյեմբերից ՕԶԱԿՈՄ-ին փոխարինում է Անդրկովկասի կոմիսարիատը (Закавказский комиссариат), որն էլ գոյատևում է մինչև 1918թ. ապրիլ, երբ
գերմանա-թուրքական ճնշման տակ հայտարարվում է Անդրկովկասի Դեմոկրատական Ֆեդերատիվ Հանրապետության ստեղծման մասին (Закавказская демократическая федеративная республика – ЗДФР):
Սա, ըստ էության, Հարավային Կովկասի անկախության հռչակումն էր Ռուսաստանից:
Եթե ՕԶԱԿՈՄ-ը և Անդրկովկասի կոմիսարիատը ռուսաստանյան տեղական կառավարման կառույցներ էին, ապա Անդրկովկասի Դեմոկրատական Ֆեդերատիվ Հանրապետությունն իրեն անկախ էր հռչակել: Այստեղ անհրաժեշտ է շեշտել, որ միջազգային իրավունքի տեսանկյունից անկախության հռչակումը չէր փոխում Հարավային Կովկասի, ներառյալ Ղարաբաղի, միջազգային իրավական կարգավիճակը: Համաձայն միջազգային իրավունքի՝ միակողմանի հայտարարությունները չեն կարող ստեղծել իրավունքներ, այլ կարող են առաջ բերել միայն պարտավորություններ:
Միջազգային համայնքը շարունակում էր Հարավային Կովկասը դիտարկել որպես Ռուսաստանի տարածք: Հարավային Կովկասի այս կարգավիճակը չփոխվեց մինչևիսկ այն բանից հետո, երբ 1918թ. մայիսին այն տրոհվեց 3 մասի և հռչակվեցին Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի հանրապետությունները: Նշյալ պետությունները մինչև 1920թ. հունվարը չստացան միջազգային համայնքի կողմից ճանաչում, հետևաբար այդ համայնքի համար Հարավային Կովկասը, ներառյալ Ղարաբաղը, շարունակեցին մնալ որպես Ռուսաստանի տարածք:
Բնականաբար, Հարավային Կովկասում 3 անկախ պետությունների հռչակումով սահմանների հարցում ի հայտ եկան լուրջ խնդիրներ: Կողմերը սկսեցին առաջ քաշել իրարամերժ հավակնություններ: Օրինակ, քանի որ Թիֆլիսը համարվեց վրացական քաղաք, ապա անհասկանալի տրամաբանությամբ վրացիները սկսեցին հավակնություններ ցուցաբերել Թիֆլիսի ողջ նահանգի նկատմամբ:
Նույնը Ադրբեջանը. քանի որ Ելիզավետպոլը (Գանձակը) հայտարարվեց Ադրբեջանի մայրաքաղաք, ապա Ադրբեջանը սկսեց հավակնել Ելիզավետպոլի նահանգի ողջ տարածքի վրա՝ ներառյալ Ղարաբաղը և Զանգեզուրը:
Հարկ է նշել, որ Փարիզի Խաղաղության վեհաժողովը, որի իրավասությունների շրջանակում էր նոր պետությունների ճանաչման հարցը, մերժեց այս մոտեցումը: Այսինքն, մերժեց նորաստեղծ պետությունների սահմանները նույնականացնել Ռուսական կայսրության վարչական սահմանների հետ: Ավելին, քանի դեռ կար Ռուսաստանում օրինական իշխանության վերահաստատման հույսը, միջազգային հանրությունը մերժում էր ընդհանրապես այս երկրների ճանաչումը:
Ինչպես արդեն նշել էի վերը, միայն 1920թ. հունվարի 18-19-ին Փարիզի Խաղաղության վեհաժողովը, հանձինս Գերագույն խորհրդի (Supreme Council of the Paris Peace Conference) երկրներ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Իտալիայի, ճանաչեց Հարավային Կովկասի երկրները՝ սահմանների հստակեցման հարցը թողնելով հետագային: Ճանաչումից 1 ամիս անց՝ 1920թ. փետրվարի 24-ին, նույն վեհաժողովի՝ Հայաստանի սահմանները որոշող հանձնաժողովը (Commission for the Delimitation of the Boundaries of Armenia) Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և Ճապոնիայի ներկայացուցիչների մասնակցությամբ, արդեն Ազգերի լիգայի խորհրդի անունից, համատեղ զեկույցով հստակեցրեց Հարավային Կովկասում սահմանազատման (delimitation) սկզբունքը: Այնտեղ մասնավորապես ասված էր հետևյալը.
«Ինչ վերաբերում է Հայաստանի պետության և Վրաստանի, ինչպես նաև Ադրբեջանի սահմանին, ապա Հանձնաժողովը գտնում է, որ ներկայումս նախընտրելի է սպասել վերոնշյալ սահմանների հստակեցման վերաբերյալ այնպիսի համաձայնության արդյունքներին, որոնց երեք հանրապետություններն իրենք կհանգեն պայմանագրերի մեջ:
Այն դեպքում, եթե սույն հանրապետություններն իրենց սահմանների վերաբերյալ չեն հանգի որևէ համաձայնության, ապա հարցը պետք է փոխանցվի Ազգերի լիգայի իրավարարությանը, որը կստեղծի Միջդաշնակցային հանձնաժողով՝ տեղում որոշելու վերոնշյալ սահմանները՝ հաշվի առնելով, որպես սկզբունք, ազգագրական տվյալները:
Այսինքն, հայ-ադրբեջանական, ինչպես նաև հայ-վրացական, սահմանազատման հարցերը վերապահված էին Ազգերի լիգային, որն էլ իր որոշումը պիտի խարսխեր ազգաբնակչության տեղաբաշխման տվյալների վրա, այն է «հաշվի առնելով, որպես սկզբունք, ազգագրական տվյալները» (taking into account, in principle, ethnographical data): Բնականաբար, այս հարցում կարևորագույն դեր էր վերապահված, այսօրվա բառով ասած, «ադրբեջանահայությանը»:
Ավելին, Հայաստանի սահմանները որոշող հանձնաժողովը կատարեց համապատասխան ուսումնասիրություն
և ներկայացրեց քարտեզ, որից ակնհայտորեն երևում է, որ Փարիզի վեհաժողովը ոչ միայն Լեռնային Ղարաբաղն էր համարում ՀՀ տարածք, այլև Դաշտային Ղարաբաղի և Գարդմանքի մի մասը: Այս որոշումը վերահաստատվեց Սևրի պայմանագրով և դրա գործադրումը ժամանակային առումով կապվեց Վուդրո Վիլսոնի՝ Հայաստան-Թուրքիա սահմանի իրավարարության կայացման հետ:
Մասնավորապես, Սևրի պայ-մանագրի 92-րդ հոդվածն ասում է. «Հայաստանի Ադրբեջանի և Վրաստանի հետ սահմանները որոշվելու են այդ երկրների ուղղակի համաձայնության միջոցով: Եթե վերոհիշյալ երկրները մինչև Հոդված 89-ում հիշատակված որոշման կայացումը ձախողեն համաձայնությամբ սահմանը որոշելը, ապա խնդրո առարկա սահմանագիծը կորոշվի Մեծ տերությունների կողմից, որոնք էլ տեղում կանցկացնեն սահմանագիծը»:
Ցավոք սրտի, այս որոշմանը վիճակված չէր իրականություն դառնալ, քանի որ արդեն 1920թ. ապրիլից Ադրբեջանը, իսկ 1920թ. դեկտեմբերից Հայաստանը բռնազավթվեցին (օկուպացվեցին) բոլշևիկյան 11-րդ բանակի կողմից և նշյալ պետությունները դադարեցին գոյություն ունենալուց:
Հետագան ավելի է հայտնի. նորահաստատ սովետական իշխանությունները կուսակցական որոշումով վարչական վերաբաշխումներ արեցին և հայաբնակ զգալի տարածքներ, որոնք Փարիզի վեհաժողովի սկզբունքի կիրառման դեպքում անվիճելիորեն հայաստանյան պիտի լինեին, դրեցին Բաքվի վարչական ենթակայության ներքո:
Այսուհանդերձ, առ այսօր Ազգերի լիգայի նշյալ որոշումը որևէ մեկը չեղյալ չի հայտարարել: Այն, այո՜, չի իրագործվել, սակայն նաև չեղյալ չի հայտարարվել: Հետևաբար, ԽՍՀՄ տրոհումից և հատկապես 1991թ. հոկտեմբերի 18-ի Ադրբեջանի Պետական անկախության վերականգնման սահմանադրական ակտից հետո, որով ներկայիս Ադրբեջանը դարձավ Ադրբեջանի առաջին հանրապետության իրավահաջորդը, հետևաբար նաև չեղյալ հայտարարեց սովետական իշխանության տարիներին Ղարաբաղի հետ ունեցած մինչևիսկ վարչական կապը, և միակ օրինական փաստաթուղթը մնաց Ազգերի լիգայի 1920թ. փետրվարի 24-ի նշյալ որոշումը:
Հիմա տեսնենք՝ ինչ ունենք ներկայումս, ինչպես ասվում է՝ գետնի վրա:
Ադրբեջանի նախահարձակ պատերազմի հետևանքով ակամայից տեղի է ունեցել բնակչության տարանջատում և, ըստ այդմ, սահմանների հաստատում ըստ Ազգերի լիգայի առաջ քաշած սկզբունքի: Հայերը որոշակի տարածքներ են կորցրել Դաշտային Ղարաբաղում և Հյուսիսային Արցախում, հսկայական սեփականություն՝ Բաքվում, փոխարենը որոշ տարածքներ են ձեռք բերել Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզին հարող շրջաններում: Եթե որևէ մեկն ուզում է, որ հայերը վերադարձնեն Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզին հարող շրջանները, ուրեմն միաժամանակ հայերին պիտի վերադարձվեն մինչև 1991-94թթ. զինված ընդհարումները, ինչպես նաև Ազգերի լիգայի 1920թ. փետրվարի 24-ի որոշման պահը, հայերով բնակեցված բոլոր տարածքները և հայերի սեփականությունը:
Ամփոփելով՝ կարող ենք անել հետևյալ եզրակացությունը.
Առաջին. Պատմության ընթացքում չի եղել մի որևէ, թեկուզև կարճատև ժամանակահատված, երբ որևէ միջազգային փաստաթղթով Ղարաբաղի նկատմամբ ամրագրված լինի Ադրբեջանի տիղոսը, պարզ ասած՝ Ղարաբաղը եղած լինի Ադրբեջանի մաս:
Երկրորդ. Համաձայն Փարիզի վեհաժողովի հատուկ հանձնաժողովի զեկույցի՝ Լեռնային Ղարաբաղն առ այսօր
կրում է Հայաստանի Հանրապետության տիտղոսը:
Ավելին, ՀՀ տիտղոսն ամրագրված է ներկայումս Ադրբեջանի կողմից վերահսկվող ևս 7-8 հազար քառ. կմ-ի վրա, առանց հաշվի առնելու Նախիջևանի տարածքը:
Կարծում եմ, որ մենք պիտի միջազգային հանրությանն ավելի հետևողականորեն ներկայացնենք ժամանակին
իր իսկ կողմից կատարված առաջարկներն ու որոշումները և պնդենք, որ ներկա վիճակից ցանկացած շեղում ի վնաս հայերի, նշանակում է ստալինյան քաղաքականության հաղթանակ միջազգային իրավունքի նկատմամբ:
Արա Պապյան