Երուսաղեմի հայ համայնքը սպասում է այդ ժողովի արդյունքին

  • 21:05 04.09.2025

Երուսաղեմի հայոց պատրիարքարանը սեպտեմբերի 26-ին ընդհանուր միաբանական ժողով է գումարելու՝ քննարկելու հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» տարածքի հարցը։ Այս մասին step1.am-ին տեղեկացրեց Երսուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչ Բեդիգ Գիրագոսյանը՝ հավելելով, որ հայ համայնքի ներկայացուցիչները սպասում են այդ ժողովի արդյունքին։

Վերջին օրերին հայ համայնքի ներկայացուցիչները եռօրյա նստացույց են անցկացրել Սուրբ Հակոբ տաճարի բակում՝ պահանջելով պատրիարքից չեղարկել Երուսաղեմի հին քաղաքի հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» տարածքը 99 տարով վարձակալության տալու պայմանագիրը, ինչպես նաեւ նոր պայմանագիր չկնքել։ Ի՞նչ նոր պայմանագրի մասին է խոսքը։ Պարզվում է՝ հայ համայնքը տեղեկություններ ունի պարտրարքի կողմից նոր պայամանագիր կնքելու մասին, որի բովանդակությունը, նրանց խոսքով, թաքցվում է հանրությունից։

Երուսաղեմի հին քաղաքի հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» տարածքը հայոց պատրիարքարանը 99 տարով վարձակալության էր հանձնել իսրայելական ընկերությանը: Հետագայում հայ համայնքի ճնշման ներքո պատրիարքը հայտարարել էր, որ չեղարկում է այս պայմանագիր Երուսաղեմի Հայոց պատրիարքն իսրայելական «XANA CAPITAL» ընկերությանը նամակ էր ուղարկել վարձակալության պայմանագիրը չեղարկելու մասին։ Հայկական համայնքի ներկայացուցիչները, սակայն, տեղեկություն են ստացել, թե պատրիարքարանը երկրորդ պայմանագիրն է նախատեսում կնքել տարածքի վերաբերյալ։ Նրանք պահանջում են չեղարկել առաջին պայմանագիրը եւ չկնքել նորը։ Հայոց պատրիարքարանն էլ իր հերթին հերքել է նոր պայմանագրի կնքման մասին տեղեկությունները։

Բեդիգ Գիրագոսյանն ասաց, որ հայկական համայնքը սպասում է պատրարքարանի ընդհանուր միաբանական ժողովի արդյունքներին։

«Թե ինչ են քննարկելու այդ ժողովում, այսօր գաղտնի է պահվում։ Բայց մեկ բան գիտենք, որ որեւէ փաստաթուղթ, որը պետք է կնքվի կամ քննարկվի, եթե դրա վերջավորությունը նախորդ պայմանագիրը չեղարկելը չէ, դա եկեղեցու դավաճանությունն է ազգի նկատմամբ։ Ավելի վաղ պատրիարքն ասել էր, որ գնալու է դատարան՝ չեղարկելու այդ պայմանագիրը։ Չգիտեմ՝ հիմա ինչ է կատարվել, որ երկրորդ պայմանագիր պիտի ստորագրեն։ Արդեն երկու տարի է՝ մենք պայքարում ենք եւ երկու ամիսը մեկ ասում ենք՝ թափանցիկություն ապահովեք, մեզ տեղյակ պահեք, բայց մինչեւ այսօր ոչ ոք ոչինչ չի ասում մեզ, պարզապես ամեն ինչ գաղտնի են պահում։ Կասկածները շատ բարձր են, որ երկրորդ պայմանագիր են կնքելու, իրենք ասում են՝ լավ կլինի, բայց մեր փաստաբանները փաստեցին, որ դրա հետեւում ուրիշ գործարք է գնում։ Չգիտենք, թե ինչ գործարք է, բայց մենք կրկնում ենք մեր տեսակետը, եթե որեւէ ուրիշ փաստաթուղթ գա մեջտեղ, դա լավ չէ»,- ասաց նա։

Բեդիգ Գիրագոսյանը նշեց, որ հայ համայնքը մարտական է տրամադրված․ «Մենք ոչ մի սանտիմետր չենք զիջելու այս հողից»։ Նա նշեց, որ ակցիան հիմա դադարեցրել են, բայց մտադիր են շարունակել։ «Իրենք ասացին, որ ընդհանուր միաբանական ժողով պետք է լինի, դրա համար մենք դադարեցրեցինք այդ ակցիան։ Ասացին, որ այդ ժողվովին ժամանելու են Սուրբ Հակոբի բոլոր միաբանները՝ Ամերիկայից եւ Եվրոպայից»,- հավելեց նա։

Ռոզա Հովհաննիսյան